|
Փոխարժեքներ
26 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.28 |
| EUR | ⚊ | € 395.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.3892 |
| GBP | ⚊ | £ 472.26 |
| GEL | ⚊ | ₾ 139.02 |
Իվանովոյի շրջանային դատարանը ծայրահեղական է ճանաչել ու Ռուսաստանում արգելել է 36-հոգանոց միավորման գործունեությունը և 7 միլիարդ ռուբլուց (շուրջ 85,1 միլիոն դոլար) ավելի գնահատվող գույքը պետության օգտին բռնագրավելու որոշում է ընդունել: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով տարածաշրջանի դատարանների մամուլի ծառայությանը, գրում է «Ազատություն»-ը։
Դատարանը հաստատել է, որ միավորումը գործել է 1990-ականներից «օրենքով գող» Ռուբեն Քոսյանի, «պոլոժենեց» Դենիս Կարտաշովի և «Սլավյանսկի» հանցախմբի առաջնորդ Եվգենի Խոլոշիի (սպանվել է 2016-ին) ղեկավարությամբ: Միավորման անդամները, ըստ դատական ակտի, զբաղվել են շորթմամբ, կողոպուտով, ավազակային հարձակումներով և ազդեցության տնտեսական ոլորտների ուժային բաժանմամբ:
2013-ին նրանք վերահսկողություն են հաստատել Իվանովոյի տարածաշրջանի ուղևորափոխադրումների շուկայի նկատմամբ, այդ թվում տիրացել են ավտոկայարաններին: Հետագայում միավորումն ընդլայնել է գործունեությունը, այդ թվում՝ անտառահատումների ոլորտում, ասված է հաղորդագրությունում: Միավորման անդամները բազմիցս քրեական պատասխանատվության են ենթարկվել, այդ թվում՝ հանցավոր աստիճանակարգում բարձր դիրք զբաղեցնելու, ծայրահեղական կազմակերպության գործունեությունը կազմակերպելու և ծայրահեղական գործունեությունը ֆինանսավորելու համար:
Ըստ Իվանովոյի մարզի դատախազության՝ միավորման անդամներին են պատկանում տրանսպորտային միջոցներ, շուջ չորս տասնյակ ընկերություններ և անշարժ գույքի ավելի քան 250 թանկարժեք օբյեկտներ Իվանովո, Վիչուգա քաղաքներում և մայրաքաղաք Մոսկվայում: