կարևոր
790 դիտում, 2 ժամ առաջ - 2026-11-26 13:34
Հասարակություն

Տիգրան Արզաքանցյանի նշանակման մասին լուրերը չեն վերաբերում ՀՀ պետական գործարանին. պարզաբանում

Տիգրան Արզաքանցյանի նշանակման մասին լուրերը չեն վերաբերում ՀՀ պետական գործարանին. պարզաբանում

ԲՏԱ և ԱԲ նախարարությունը պարզաբանմամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև․

«Հաշվի առնելով մամուլում շրջանառվող տեղեկությունները՝ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը։

«Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ն և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն երկու առանձին ընկերություններ են։

«Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ կառավարության, իսկ լիազոր ներկայացուցիչը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը։ Ընկերությունը գործունեություն է ծավալում Երևան քաղաքի Հ. Հակոբյան 3 հասցեում, որտեղ տեղակայված է նաև «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն։

Հարկ ենք համարում ընդգծել, որ «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ում որևէ փոփոխություն կամ նոր նշանակում տեղի չի ունեցել։

Մամուլում շրջանառվող տեղեկությունները վերաբերում են «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին, որի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը Ռուսաստանի Դաշնության պետական գույքի կառավարման գործակալությունն է (Росимущество)։

Հետևաբար, մամուլում շրջանառվող՝ տնօրենի նշանակման վերաբերյալ տեղեկությունները որևէ առնչություն չունեն Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ի և դրա գործունեության հետ»,- ասված է հայտարարության մեջ։