կարևոր
367 դիտում, 26 րոպե առաջ - 2026-11-26 15:23
Հասարակություն

Կյանքից հեռացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը

Կյանքից հեռացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը

Կյանքի 90-րդ տարում մահացել է անվանի երաժշտագետ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը։

Այս մասին հայտնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունն ու ցավակցում է Բուդաղյանի ընտանիքի անդամներին, հարազատներին։

Արմեն Բուդաղյանը ծնվել է 1936 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում։ 1960 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի, իսկ 1963-ին՝ երաժշտագիտության բաժինները։ Սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայի ասպիրանտուրայում՝ որպես երաժշտագետ։ 1970-ին Լենինգրադի կոնսերվատորիայում պաշտպանել է թեկնածուական թեզ «Ջութակի սոնատի զարգացման ուղիները Հայաստանում» թեմայով։

1963 թվականից վարել է համերգ-դասախոսություններ մանկապատանեկան լսարանի համար («Դպրոցականի ֆիլհարմոնիա»)։ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում երաժշտության պատմություն է դասավանդել, դասավանդել է նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

Արմեն Բուդաղյանի երաժշտագիտական գործունեությունը վերաբերում է հայ երաժշտության ուսումնասիրություններին (ԵՊԿ պատմություն, կոմպոզիտորներին և երաժշտագետներին վերաբերող մենագրություններ)։

Նրա հոդվածներից են՝ «Հրաչյա Բոգդանյան», 1994, «Ալեքսանդր Չաուշյան», 1995, «Կարպ Սավելևիչ Դոմբաև», 1996, «Ջութակահար Հակոբ Վարդանյանը», 1998, «Ալեքսանդր Հարությունյան։ Հուշեր», 2000, «Կ. Ս. Սարաջևը և նրա անվան Մոսկովյան սիմֆոնիկ նվագախումբը», 2002, «Էդվարդ Միրզոյան. «Ֆրագմենտներ» », 2005, «Վահե Ահարոնյան», 2011 (ռուսերեն), «Լևոն Զորյան», 2012 (ռուսերեն)։