|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Այսօր Արագածոտնի թեմի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցու օծման առաջին տարեդարձի առիթով մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 28-ին, Սուրբ Նշան եկեղեցին օծվեց Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ։
Այդ օրվանից եկեղեցին դարձավ Երնջատափի հավատավոր ժողովրդի աղոթքի տունը և հոգևոր կյանքի օջախը։
Օծման տարեդարձի առիթով Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Մուշե քահանա Վահանյանը։
Սուրբ Պատարագին ներկա և աղոթակից էր Սաղմոսավանքի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը: Տեր Հայրն իր քարոզում, շնորհավորեց Մկրտիչ Սրբազանին և Տեր Մուշե քահանային, եկեղեցու օծման տարեդարձի առիթով ու հավատացյալներին փոխանցեց կարևոր պատգամ՝ ապրել քրիստոնեական գիտակցությամբ և հավատարիմ մնալ Աստծուն տրված կոչմանը։
Տեր Հայրն հորդորեց հավատացյալներին երբեք չմոռանալ իրենց հոգևոր ճանապարհի սկիզբն ու վերջը՝ գիտակցելով, թե որտեղից են եկել և ուր են գնում։ Չմոռանալ, որ իրենք Տիրոջ ժողովուրդն են՝ կանչված ապրելու ոչ միայն խոսքով, այլև հավատքով, գործով և քրիստոնեական պատասխանատվությամբ։
Եվ երբ գա այն պահը, երբ հավատքի ճանապարհը պահանջի խիզախություն ու անձնազոհություն, չամաչել Քրիստոսից, չվախենալ սեփական խաչից, այլ առհամարհել ամոթն ու մարդկային վախերը, վերցնել խաչը և հետևել Տիրոջը ու փոխանցեց Աստվածաշնչյան պատգամը.«Նայենք Յիսուսին՝ հաւատի Զօրագլխին, այն Կատարելագործողին, որն իր առաջ դրուած ուրախութեան համար յանձն առաւ խաչը, արհամարհեց ամօթը եւ նստեց Աստծոյ աթոռի աջ կողմում». Եբրայեցիներ 12.2