կարևոր
784 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-22 16:41
Հասարակություն

Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից. Human Rights Watch

Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից. Human Rights Watch

Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ ինքը և ևս 18 հայ բանտարկյալներ զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից, բժշկական հետազոտություններից և ադրբեջանական օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներից, գրում է Human Rights Watch-ը։

Սեպտեմբերի 16-ին ձայնագրված և երկու օր անց հրապարակված ուղերձում Վարդանյանը դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային։ Նա ասել է, որ «Ումբակի» բանտում որոշ բանտարկյալներ հեռախոսազանգերի հնարավորություն չեն ստանում, իսկ տեսազանգեր կատարելու հնարավորություն չունի նրանցից ոչ ոք։ Նա նշել է, որ բանտարկյալներին շաբաթական մեկ անգամ ընդամենը 20-40 րոպե են թույլատրում բացօթյա զբոսանքի դուրս գալ՝ օրական մեկ ժամի փոխարեն։

Սեպտեմբերի 19-ին Ալիևայի գրասենյակը հերքել է բանտարկյալների իրավունքների խախտման վերաբերյալ պնդումները։

Բանտարկյալների կապն ընտանիքների հետ ավելի է դժվարացել, երբ Ադրբեջանի կառավարությունը 2025 թվականի սեպտեմբերին փակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը երկրում։ ԿԽՄԿ-ն հայտնել է, որ Ժնևում գործող ներկայացուցիչներն անցյալ տարվա դեկտեմբերին են այցելել կալանավորվածներին, առանձնազրույցներ ունեցել նրանց հետ, նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու հնարավորություն ստեղծել և գնահատել նրանց նկատմամբ վերաբերմունքն ու պահման պայմանները։ Սակայն այժմ այցելություններն ավելի հազվադեպ են դարձել։