կարևոր
988 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-13 12:49
Հասարակություն

Մայակովսկի գյուղի տներից մեկից գողացել են 7 կոնյակ՝ պատճառելով 3 մլն դրամի վնաս

Մայակովսկի գյուղի տներից մեկից գողացել են 7 կոնյակ՝ պատճառելով 3 մլն դրամի վնաս

Օգոստոսի 1-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մայակովսկի գյուղի տներից մեկում գողության դեպք է տեղի ունեցել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Վահան Ա․-ն ոստիկաններին հայտնել է, որ հուլիսի 31-ի ժամը 22։00-ից մինչև օգոստոսի 1-ի ժամը 08։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք իր տանը կից շինության ետնամասի ճաղավանդակը հարմարեցված գործիքով կտրել են, բացել պատուհանը, մուտք գործել շինություն, որտեղից գողացել են թվով 7 բյուրեղապակյա շշերով կոնյակներ։

Նշված կոնյակները գտնվել են հատուկ դրանց համար պատրաստված տուփերի մեջ, սակայն տուփերը չեն գողացել։ Տուժողին պատճառվել է մոտ 3 մլն դրամի նյութական վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։