կարևոր
700 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-05 18:11
Հասարակություն

Աշտարակում տանիքից մուտք են գործել տուն՝ հափշտակելով թանկարժեք իրեր ու խմիչքներ

Աշտարակում տանիքից մուտք են գործել տուն՝ հափշտակելով թանկարժեք իրեր ու խմիչքներ

Հուլիսի 19-ին գողության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

Ժամը 01։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արագածոտնի մարզային վարչությունում տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցի տներից մեկից գողություն է կատարվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում քրեական ոստիկաններին ու պարեկներին Արագածոտնի մարզի բնակիչ 30-ամյա Արփինե Մ․-ն հայտնել է, որ հուլիսի 18-ին՝ ժամը 16։30-ից մինչև հուլիսի 19-ը՝ ժամը 01։30-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով իրենց տանից բացակայելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Աշտարակ քաղաքի Ալիխանյան եղբայրներ փողոցի իրենց տան 2-րդ հարկի մանսարդային հատվածի եվրոպատուհանը, ապօրինի մուտք գործել ներս և գողացել տարբեր տեսակի ոսկյա ու արծաթյա զարդեր, տարբեր մոդելի ձեռքի ժամացույցներ, օծանելիքներ, ինչպես նաև տարբեր տեսակի ալկոհոլային խմիչքներ՝ պատճառելով նյութական վնաս։

Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։