Միասին կարող ենք
կարևոր
706 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-04 16:01
Աշխարհ

Եվրոպայում շոգի պատճառով մահացության թիվը կտրուկ աճել է

Եվրոպայում շոգի պատճառով մահացության թիվը կտրուկ աճել է

Ֆրանսիայում անցած ամիս գրանցված աննախադեպ շոգը զգալիորեն բարձրացրել է մահացության մակարդակը։

The Guardian-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի հանրային առողջապահության ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հունիսի 22–28-ն ընկած ժամանակահատվածում մահացությունների թիվը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 29,1%-ով՝ նախնական հաշվարկներով հասնելով 8 973-ի։ Սա շուրջ 2 025-ով ավելի է, քան հունիսի 15–21-ն արձանագրված 6 948 մահվան դեպքերը։ Գերատեսչությունը միաժամանակ ընդգծում է, որ տվյալները դեռ ամբողջությամբ չեն ամփոփվել, ուստի վերջնական ցուցանիշը կարող է ավելի բարձր լինել։

Ամենամեծ ազդեցությունը կրել են 45 տարեկանից բարձր քաղաքացիները, հատկապես՝ 65 և ավելի տարեկանները։ Մահացությունների ամենազգալի աճը գրանցվել է բնակարաններում, իսկ Փարիզում մեկ շաբաթվա ընթացքում մահերի թիվն աճել է 62%-ով։ Փարիզի հանրային հիվանդանոցային համակարգի գլխավոր տնօրեն Նիկոլաս Ռևելի գնահատմամբ՝ թեև այս տարվա շոգի հետևանքով մահացությունը, հավանաբար, չի հասնի 2003 թվականի աղետալի մակարդակին, այն կարող է գերազանցել նախորդ տարվա շոգի հետևանքով արձանագրված 5 700 մահվան դեպքը։

Շոգի ծանր հետևանքներն արձանագրվել են նաև եվրոպական այլ երկրներում։ Բելգիայում հունիսի 18–29-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է շուրջ 1 200 հավելյալ մահ, որոնցից 530-ը բաժին է ընկել 85 և ավելի բարձր տարիքի մարդկանց։ Նիդեռլանդներում, կառավարության տվյալներով, ջերմային ալիքի հետևանքով մահացել է մոտ 480 մարդ, որոնց մեծ մասը տարեցներ են եղել։

Բացի մարդկային կորուստներից, շոգը լուրջ ազդեցություն է թողել նաև շրջակա միջավայրի վրա։ Եվրոպայի բնակչության ավելի քան երկու երրորդը հայտնվել է 35°C-ից բարձր ջերմաստիճանի ազդեցության տակ։ Իտալիայում երաշտը Պո գետի ավազանում ստեղծել է կրիտիկական իրավիճակ, Մաջորե լճի ջրային պաշարները նվազել են մինչև 48%, իսկ Վենետոյի շրջանը հայտարարել է արտակարգ դրություն։ Շվեյցարիայում արագացել է Ռոն սառցադաշտի հալոցքը, ինչը մասնագետների գնահատմամբ վկայում է տասնամյակների, նույնիսկ դարերի ընթացքում կուտակված սառույցի կորստի մասին։ Միևնույն ժամանակ Գերմանիայում, Լեհաստանում, Սլովակիայում, Չեխիայում, Հունգարիայում, Մեծ Բրիտանիայում և Շվեյցարիայում գրանցվել են ջերմաստիճանի նոր ռեկորդներ։ Կլիմայագետները նշում են, որ նման ծայրահեղ շոգը գրեթե անհնար կլիներ առանց կլիմայի փոփոխության ազդեցության։