Միասին կարող ենք
կարևոր
1141 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-24 16:37
Քաղաքական

Ադրբեջանցիների վերադարձի թեման պետք է դառնա ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ ԱԱԾ օրակարգի կարևոր հարցերից մեկը․ Վարդան Օսկանյան

Ադրբեջանցիների վերադարձի թեման պետք է դառնա ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ ԱԱԾ օրակարգի կարևոր հարցերից մեկը․ Վարդան Օսկանյան

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ անդրադարձել է ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակվելու հավակնություններին և ընտրություններին.

«Այս պահին ընտրություններն ավարտվել են, արձանագրվել են արդյունքներ, և գործող իշխանությունները փաստացի շարունակում են կրել Հայաստանի Հանրապետության կառավարման պատասխանատվությունը։ Հետևաբար, անկախ քաղաքական տարաձայնություններից, այսօր հենց իշխանություններն են պարտավոր պաշտպանել և առաջ մղել Հայաստանի ազգային շահերը։

Ադրբեջանցիների վերադարձի թեման պետք է դադարել դիտարկել որպես իշխանություն–ընդդիմություն ներքաղաքական վեճի առարկա։ Այն պետք է դառնա Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների և Հայաստանի ազգային անվտանգության օրակարգի կարևոր հարցերից մեկը։ Անհրաժեշտ է արձագանքել Ադրբեջանի պաշտոնական հայտարարություններին, քարոզչական գործունեությանը և տարբեր երկրներում՝ այդ թվում ԱՄՆ-ում և Եվրոպայում, իրականացվող նախաձեռնություններին։

Այս խնդիրը լուրջ վտանգ է ներկայացնում։ Ասել, թե նման հարց գոյություն չունի, կամ որ այն ընդամենը ընդդիմության շահարկումն է, սխալ մոտեցում է։ Նման բան նախկինում նույնպես ասվում էր Արցախի հարցի վերաբերյալ, սակայն վերջում մենք կորցրինք Արցախը։ Ես համոզված եմ, որ եթե այս գործընթացներին ժամանակին չարձագանքենք, ապա ապագայում կարող ենք բախվել նաև Հայաստանի ժողովրդագրական պատկերի փոփոխության վտանգին։ Դա միանգամից չի լինելու, սակայն դրա հիմքերը կարող են դրվել հենց այսօր։

Եթե այսօր չկանխենք այդ զարգացումները, ապա հետագայում շատ ավելի դժվար կլինի դիմակայել դրանց։ Ադրբեջանցիների վերաբնակեցման կամ վերադարձի հարցը, իմ համոզմամբ, Ադրբեջանի պետական քաղաքականության բաղադրիչներից մեկն է։ Արդյո՞ք մենք դա չենք տեսնում։ Արդյո՞ք դա ակնհայտ չէ։ Սա ոչ թե իշխանության և ընդդիմության միջև վեճ է, այլ Հայաստանի ազգային անվտանգության խնդիր։

Մանրամասները՝ տեսանյութում