|
Փոխարժեքներ
15 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.06 |
| EUR | ⚊ | € 427.39 |
| RUB | ⚊ | ₽ 5.0809 |
| GBP | ⚊ | £ 494.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.6 |
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Միացյալ Նահանգների և Իրանի միջև հայտարարված հրադադարի ֆոնին հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի գալու հարավային Լիբանանից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է The Times of Israel-ը։
«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես վարում ենք հստակ քաղաքականություն, ըստ որի Իսրայելի պաշտպանական ուժերը կմնան Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներում՝ առանց որևէ ժամկետի սահմանափակման՝ պաշտպանելու սահմանները և իսրայելական համայնքները ջիհադիստական տարրերից», - ասվում է Կացի հայտարարության մեջ։
Նա նշել է, որ անվտանգության գոտիները «կմաքրվեն տեղական բնակչությունից, իսկ բոլոր ահաբեկչական ենթակառուցվածքները՝ վերգետնյա և ստորգետնյա, այդ թվում՝ սահմանային գյուղերի տները, որոնք ծառայել են որպես ահաբեկչական հենակետեր, կքանդվեն»։ Կացը հավելել է, որ այդ գոտիների պահպանումը «պատերազմի ընթացքում Իսրայելի պաշտպանական ուժերի ամենամեծ ձեռքբերումներից է», և հետևաբար Իսրայելը դեմ է զորքերի դուրսբերմանը Լիբանանից՝ չնայած առկա ճնշումներին։
«Վարչապետ Նեթանյահուն այս դիրքորոշումները հստակ ներկայացրել է Դոնալդ Թրամփին և այլ բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյաներին, և ես նույնպես երեկ դա փոխանցել եմ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին», - հայտնել է Կացը։
«Մենք չենք զիջի Իսրայելի անվտանգության շահերը և մեր քաղաքացիների պաշտպանությունը, և չենք դուրս գա անվտանգության գոտիներից», - նշել է Իսրայելի պաշտպանության նախարարը՝ նախազգուշացնելով, որ «եթե Իրանը Լիբանանում իրադարձությունների պատճառով հարձակվի Իսրայելի վրա, մենք կպատասխանենք ամբողջ ուժով»։