|
Փոխարժեքներ
10 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանն առաջարկել է Ադրբեջանից պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում նա առաջարկել է փոփոխություն կատարել Ներկայացուցիչների պալատի դիվանագիտական ծառայության մասին օրենքում (H. R. 9086), որը «կոչ է անում Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին»:
Քաղաքական գործիչը հիշեցրել է Լեռնային Ղարաբաղում (որտեղ հայերն ապրել են 2 հազար տարի) Ադրբեջանի ռազմական ագրեսիայի, ավելի քան 100 հազար բնակիչների էթնիկ զտման, հայ գերիների՝ նախկինում արձանագրված մահապատժի դեպքերի մասին, որոնց նյութերը տարածվել են համացանցում:
«Հաշվի առնելով դա՝ չափազանց կարևոր է, որ ԱՄՆ-ն Բաքվից պահանջի անհապաղ ազատ արձակել բոլոր գերեվարված հայերին», - ասել է նա Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
Շերմանը նաև նշել է, որ պատանդների ազատ արձակումն ուղղակիորեն կապված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերի հետ:
«Քանի որ նախագահ Թրամփը շարունակում է իր ջանքերը Հարավային Կովկասում կայուն խաղաղություն ապահովելու ուղղությամբ, դրան հասնելու ճանապարհին հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների ազատ արձակումը կարևոր քայլ կլիներ», – ասել է նա:
Առաջարկը պաշտպանել է հանձնաժողովի նախագահ, հանրապետական Բրայան Մաստը։
Այժմ սպասվում է այդ փոփոխության անվանական քվեարկությունը։ Ընդունման դեպքում նախագիծը կներկայացվի Ներկայացուցիչների պալատի քննարկմանը։
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունել է երկկուսակցական կոմիտեի որոշումը։
«Ադրբեջանի կողմից հայ պատանդների ապօրինի պահումը մարդու իրավունքների ոլորտում ճգնաժամ է և պահանջում է Կոնգրեսի վճռական գործողությունները։ Մենք ողջունում ենք նախագահ Մաստի աջակցությունը Շերմանի նախաձեռնած փոփոխությանը և կոմիտեի երկկուսակցական հաստատուն դիրքորոշումն առ այն, որ այդ պատանդները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն», – հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: