Միասին կարող ենք
կարևոր
346 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-17 16:10
Քաղաքական

Ինչո՞ւ է «ընդամենը» 8 տարի ղեկավարած Փաշինյանը հայտնվել տասնամյակներով իրենց երկրներում իշխանություն պահած բռնապետերի կարգավիճակում. վերլուծաբան

Ինչո՞ւ է «ընդամենը» 8 տարի ղեկավարած Փաշինյանը հայտնվել տասնամյակներով իրենց երկրներում իշխանություն պահած բռնապետերի կարգավիճակում. վերլուծաբան

Վերլուծաբան Լևոն Զարգարյանն գրում է.

«Իշխանության և ինքնիշխանության գինը։

2018թ․ հեղափոխական կարգախոսներով իշխանության եկած Ն․Փաշինյանը և նրա թիմը խոստանում էին ժողովրդի բարեկեցություն, կոռուպցիայի վերացում և արդարության վերականգնում, ինչպես նաև Արցախյան հակամարտության բարենպաստ կարգավորում և խաղաղ ապագա։ 8 տարի անց, սակայն, արդյունքները «մի փոքր» այլ են․ կորսված Արցախ, 120.000 փախստական, Ադրբեջանի կողմից օկուպացված 200-ից ավելի քառակուսի կիլոմետր տարածք, Բաքվում պահվող ռազմագերիներ, քանդված եկեղեցիներ, ձերբակալված հոգևորականներ, քրեական գործերով ճնշված ընդդիմություն, ապամոնտաժված բանակային սպայական կորիզ, արտերկիր արտագաղթող ինտելեկտուալներ։ Զուգահեռաբար «արդարության վերականգնման» մասին պատգամներով եկած թիմը կոմպլեկտավորվել է «խնամի-ծանոթ-բարեկամներով» և կասկածելի անցյալով անձանցով՝ նախարարներ, պատգամավորներ, դատախազներ, դատավորներ՝ նշանակված ոչ թե մասնագիտական որակների, այլ բացառապես անձնական հավատարմության հիմքով։

Այս ամենի ֆոնին երրորդ ժամկետով իշխանության ձգտող Փաշինյանը պատրաստ է ցանկացած քայլի՝ այդ իշխանությունը պահպանելու համար։ Սակայն այստեղ առաջ է գալիս շատ կարևոր հարց. ի՞նչ է տեղի ունենում երկրի հետ, երբ նրա ղեկավարը սկսում է որոշումներ ընդունել՝ ոչ թե ելնելով ազգային շահից, այլ սեփական իշխանության պահպանման տրամաբանությունից։

Պատմական և քաղաքագիտական փորձը ցույց է տալիս, որ նման մղումների դեպքում իշխանության պահպանումը հնարավոր է երկու հիմնական մեխանիզմներով․

1․ Ներքին. երբ ղեկավարը հասկանում է, որ իշխանության կորստից հետո կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության, նա սկսում է զսպել ցանկացած ինստիտուցիոնալ կենտրոն, որը կարող է հակազդել իրեն՝ դատարաններ, ընդդիմություն, անկախ ԶԼՄ-ներ, եկեղեցի, բանակի հրամանատարություն։

2․ Արտաքին. երբ ղեկավարը կորցնում է ներքին լեգիտիմությունը, նա սկսում է լեգիտիմացում փնտրել արտաքին դերակատարներից, և քանի որ ոչ մի աշխարհաքաղաքական կենտրոն չի աջակցում «հենց այնպես», նա սկսում է վճարել զիջումներով՝ ինքնիշխանության, տարածքի, ռազմավարական հարաբերությունների, պատմական և քաղաքական դիրքորոշման և այլն։ Արտաքին դերակատարի համար նման ղեկավարը իդեալական է. նա միշտ զիջում է, քանի որ չզիջելը նշանակում է կորցնել իշխանությունը։ Իսկ սեփական ժողովրդի համար նման ղեկավարը աղետ է, քանի որ ամեն մի օրը, որ նա մնում է իշխանության, երկիրը տանում է թուլացման և կործանման։

Որպես օրինակ կարելի է հիշել Ռումինիայի առաջնորդ Նիկոլայ Չաուշեսկուին, ով 24 տարի ղեկավարել է երկիրը՝ կիրառելով ներքին մեխանիզմի ողջ գործիքակազմը. Securitate գաղտնի ոստիկանություն, կտրոններով մթերքներ գնող և կոմունալ նորմալ պայմաններից զուրկ բնակչություն, քանդված Բուխարեստ։ 1989թ․ դեկտեմբերի 21-ին նա կանգնեց հրապարակում՝ «ժողովրդին դիմելու», սակայն ընդամենը 5 րոպե անց կորցրեց իշխանությունը, իսկ 4 օր անց նա և իր կինը գնդակահարվեցին զինվորական դատարանի ակնթարթային վճռով։ Հատկանշական է, որ Չաուշեսկուի գնդակահարությունից անմիջապես հետո նրա Политбюро-ն անցավ նոր իշխանության կողմը։

Ուշագրավ է նաև Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի կառավարումը։ Նա 1994-2020թթ․ պահպանում էր իշխանությունն առավելապես ներքին մեխանիզմներով՝ ընդդիմության ձերբակալումներ, սահմանադրության փոփոխություններ, ԶԼՄ-ների և ազատ խոսքի սահմանափակումներ և այլ տիպի բռնաճնշումներ։ 2020թ․ ընտրություններից հետո սկսված բողոքի մեծ ալիքի ֆոնին, երբ նա կորցրեց ներքին լեգիտիմությունը, դիմեց երկրորդ մեխանիզմին՝ Մոսկվային։ Հինգ տարվա մեջ Բելառուսի տարածքը դարձավ Ուկրաինայի դեմ հարձակման հարթակ, իսկ երկիրը ՌԴ հետ հավասարաչափ կրում է այդ պատերազմի հետևանքների բեռը, առաջին հերթին՝ արևմտյան պատժամիջոցների տեսքով։ Իշխանությունը պահպանված է, սակայն երկրի ինքնիշխանությունից փաստացի ոչինչ չի մնացել։

Առաջանում է տրամաբանական հարց․ ինչո՞ւ է «ընդամենը» 8 տարի ղեկավարած Փաշինյանը հայտնվել տասնամյակներով իրենց երկրներում իշխանություն պահած բռնապետերի կարգավիճակում։ Չէ՞ որ բազմաթիվ ժողովրդավարական երկրներում 8 տարի ղեկավարած այլ առաջնորդներ կարող են պարտվել ընտրություններում և «գնալ տուն»՝ առանց խիստ հետևանքների։ Փաշինյանը չի կարող։ Իր կառավարման ընթացքում Հայաստանը կորցրեց Արցախը երկու փուլով՝ 44-օրյա պատերազմ՝ 4000-ից ավելի զոհով, և 2023թ․ սեպտեմբերյան ադրբեջանական հարձակում, որից հետո 120 000 արցախցիներ բռնի տեղահանվեցին իրենց 3000-ամյա հայրենիքից։

Ընդդիմության և ԶԼՄ-ների թիրախավորումը, Կաթողիկոսի հրաժարականի պահանջը, բարձրաստիճան հոգևորականների ձերբակալումը, սահմանադրական դատարանի «ենթարկեցումը», արտաքին գործերի և բանակային էլիտաների կադրային «ջարդը» և նմանատիպ այլ քայլերը հանգեցրել են մի իրավիճակի, երբ Փաշինյանի համար հունիսի 7-ի ընտրությունները (ինչպես նաև բոլոր հաջորդները) «կյանքի և մահվան» հարց են։ Իշխանությունից զրկվելու պարագայում Փաշինյանը և նրա թիմն ակնհայտորեն ենթարկվելու են քրեական հետապնդման՝ Արցախի կորստի, կասկածելի/կոռուպցիոն գործարքների, պաշտոնական դիրքի չարաշահման և այլ բազմաթիվ դրվագներով։ Հետևաբար Փաշինյանը գնում է «va banque»՝ Ադրբեջանին զիջումներ Տավուշում և այլ մարզերում՝ առանց փոխադարձության սկզբունքի, սահմանադրության փոփոխման բանակցություններ Ալիևի պահանջով, «խոստումնալից» TRIPP՝ ոչ պարզորոշ հեռանկարով, ինքնիշխանության աստիճանական ապամոնտաժում՝ արտաքին դերակատարների լեգիտիմացման դիմաց։ Երկու մեխանիզմները՝ ներքին զսպումը և արտաքին զիջումները, աշխատում են զուգահեռ, ինչպես օրինակ Սիրիայում՝ Ասադի կամ Բելառուսում՝ Լուկաշենկոյի դեպքերում։

Միաժամանակ այսօր որպես փաշինյանական «մեքենայի» ակտիվ մաս գործող անձանց՝ նախարարներին, պատգամավորներին, դատախազներին, դատավորներին, բարձրաստիճան այլ պաշտոնյաներին, հարկ է հիշեցնել, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ։ Իսկ այդ իշխանության ավարտից հետո ամենամեծ պատասխանատվությունը կրում են հենց դրա «սպասարկուները»։ Վրաստանում 2009-2012թթ․ ներքին գործերի, ապա պաշտպանության նախարար Բաչո Ախալաիան Մ․Սաակաշվիլիի ամենամոտ թիմակիցներից էր։ 2012թ․ սեպտեմբերին՝ ընտրություններից երկու շաբաթ առաջ, վրացական հեռուստաալիքները հեռարձակեցին Գլդանի թիվ 8 բանտից տեսանյութեր՝ բանտարկյալների խոշտանգման, ծեծի և բռնաբարության դրվագներով։ Ընտրություններում Մ․Սաակաշվիլիի առաջնորդած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը պարտություն կրեց, իսկ 2014-ին Թբիլիսիի դատարանը Ախալաիային դատապարտեց 7,5 տարի ազատազրկման՝ խոշտանգումների համար։ Իշխանության գագաթնակետին գտնվող անձը, ինչպես Ասադը կամ Յանուկովիչը, կարող են գաղտնի հեռանալ երկրից։ Բայց նրանց «թիմը»՝ մարդիկ, ովքեր ստորագրել են որոշումներ, ղեկավարել են «գործողություններ», հաստատել են քրեական մեղադրանքներ, չեն հասցնելու (կամ ոչ բոլորն են հասցնելու) դա անել։ Հայաստանի այն պաշտոնյաները, ովքեր այսօր ակտիվորեն աշխատում են Փաշինյանի իշխանության պահպանման համար՝ ակնկալելով պաշտոններ, արտոնություններ կամ պարզապես անձնական անվտանգություն, պետք է ավելի ուշադիր ուսումնասիրեն վերջին տասնամյակների նմանատիպ փորձը։

Հ․Գ․ 2024թ․ դեկտեմբերի 8-ին Բաշար Ասադը լքեց Դամասկոսը՝ ապաստան ստանալով Մոսկվայում։ Նրան տեղափոխող ինքնաթիռի մեջ գտնվում էին միայն նրա ընտանիքի անդամները»։

Աղբյուրը՝ Vector News