|
Փոխարժեքներ
16 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
«Տպավորություններս շատ դրական են։ Նախ՝ սա հնարավորություն է շփվելու մարդկանց հետ, հասկանալու իրական տրամադրությունները։ Նախընտրական միջավայրը բավական մրցակցային է։ Ծրագրերը բավական նման են, խնդիրները՝ նույնպես, և շատ մեծ բևեռացում է նկատվում»,- Վեդիում քարոզարշավից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Հարցին՝ «Ձեր ցուցանիշները երրորդն են կարծես, համաձա՞յն եք այդ գնահատականի հետ, և կարո՞ղ է արդյոք այս իրավիճակը փոխվել»,- նախագահ Քոչարյանը պատասխանեց․ «Նախընտրական քարոզարշավը նոր է մեկնարկել, և մենք, անկասկած, պայքարելու ենք մեր դիրքերի համար։ Հիմա սոցիոլոգիան Հայաստանում որոշակիորեն խնդրահարույց է։ Պատճառն այն է, որ դրանք հիմնականում հեռախոսային սոցիոլոգիական հարցումներ են։ Իսկ քանի որ այս իշխանությունը շաբաթը երկու անգամ հրապարակում է տարբեր շտաբների և այլոց հեռախոսային խոսակցություններ, մարդիկ հասկանում են, որ ամեն ինչ լսվում է։ Եվ չեմ կարծում, որ հեռախոսային սոցիոլոգիան տալիս է այն օբյեկտիվ պատկերը, որն իրականում կա»։
Մեկ այլ հարցի՝ «Ասում են, որ եթե դուք գաք իշխանության, պատերազմ կսկսվի։ Նույնիսկ ժամկետներ է նշում Փաշինյանը», Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Եթե մենք իշխանության չգանք և մնա Նիկոլ Փաշինյանը, պատերազմ կսկսվ։ Սա մարդ է, որը բերեց մեկ մեծ պատերազմ, որտեղ պարտվեց, բերեց երկու փոքր պատերազմ, որոնցում նույնպես պարտվեց։ Ի դեպ, թեկնածուներից միակը, որը պատերազմ բերեց Հայաստանի գլխին և պարտվեց այդ պատերազմում, ընդհանրապես իրավունք չունի խաղաղության մասին խոսելու, բայց ամենաշատը հենց ինքն է խոսում խաղաղությունից։ Սա պարադոքսալ է, բայց փաստ»։
Մանրամասն՝ տեսանյութում։