Միասին կարող ենք
կարևոր
6928 դիտում, 1 օր առաջ - 2026-04-04 09:31
Քաղաքական

Կառաջարկեի, որ Պուտինը Փաշինյանին քաղաքական ապաստան տրամադրեր ՌԴ-ում․ Միխայիլ Ալեքսանդրով․ «Հրապարակ»

Կառաջարկեի, որ Պուտինը Փաշինյանին քաղաքական ապաստան տրամադրեր ՌԴ-ում․ Միխայիլ Ալեքսանդրով․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը ներկայացնում է ռուս քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովի հետ հարցազրույցը։

- Ձեր գնահատմամբ, ինչո՞ւ Փաշինյանը նախաձեռնեց վերջին այցը Մոսկվա, նպատակը ո՞րն էր։ Մեզ մոտ տարբեր կարծիքներ կան, մեկն այն է, թե գլխավորը Ռուսաստանի կողմից երկաթգծի կոնցեսիոն կառավարումը դադարեցնելու հարցն էր։

- Կարծում եմ՝ երկաթգիծը չէր գլխավոր հարցը։ Փաշինյանը, հավանաբար, զգում է, որ ընտրություններից առաջ Հայաստանում չունի բավարար աջակցություն, զգում է հասարակության դժգոհությունը, վստահ չէ, որ իր կուսակցությունը կկարողանա հաղթել եւ ստանալ բացարձակ մեծամասնություն այդ ընտրություններում, եւ, հավանաբար, ուզում էր շոշափել ռուսական կողմի վերաբերմունքը, փորձել այնպես ներկայացնել իրավիճակը, որ Ռուսաստանը դեմ չէ, որ ինքը շարունակի պաշտոնավարել, սակայն, ինչպես տեսանք, չստացվեց։ Պուտինի աջակցությունը ստանալ չհաջողվեց։ Ինձ դուր եկավ Պուտինի արտահայտությունը՝ «ով էլ որ հաղթի հաջորդ ընտրություններում...»։ Պուտինը չասաց՝ ես Ձեզ ցանկանում եմ հաջողություն ապագա ընտրություններում կամ մի նման բան։ Նա հասկացրեց, որ իրեն այլ ընտրությունն էլ ձեռք կտա եւ, ըստ ամենայնի, ավելի հետաքրքիր կլինի իր համար։ Պուտինը Հայաստանում պրոռուսական ուժերի բռնաճնշումներին դեմ արտահայտվեց։ Այդ ռեպրեսիաները, որոնք Փաշինյանն իրականացնում է Եվրամիության դրդումով՝ փորձելով կրկնել Մոլդովայի նախագահ Սանդուի տարբերակը, իհարկե, Մոսկվայում լուրջ տհաճություն են առաջացնում, ինչպեսեւ՝ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ճնշումները։ Դուք տեսաք, թե այստեղ հայկական դեսպանատան մոտ հայերն ինչ բողոքի ակցիաներ արեցին։ Բայց պետք է հասկանալ, որ Փաշինյանը կրակի հետ է խաղում, որովհետեւ Մոլդովային, որը Եվրոպայի եւ բարեկամական Ռումինիայի սահմանին է, անգամ եթե հաշվի առնենք, որ ճնշեցին ռուսական ուժերին ու Սանդուին բերեցին իշխանության, որպես ազգի՝ ոչինչ չի սպառնում, ով էլ լինի իշխանության ղեկին։ Ուստի նա կարող էր իրեն նման կուլբիտ (քաղաքական տրյուկ, կտրուկ շրջադարձ՝ Ս․ Ս․ ) թույլ տալ։ Հայաստանն իրեն չի կարող նման բաներ թույլ տալ, որովհետեւ գտնվում է պայթյունավտանգ ռեգիոնում։ Մի կողմից Թուրքիան է, մյուսից՝ Ադրբեջանը, Իրանում պատերազմ է: Ինչով կավարտվի այն՝ դեռ հայտնի չէ, բայց արդեն պարզ է, որ ԱՄՆ-ն չի կարող ամբողջությամբ կոտրել Իրանին: Թրամփի ուղին վտանգված է, եւ Փաշինյանն Իրանի հետ կարող է զինված կոնֆլիկտ սադրել:

- Այդպիսի մտավախություններ արդեն հնչում են մեզանում: Ձեր կարծիքով, Սամվել Կարապետյանը կարո՞ղ է մասնակցել ընտրություններին՝ լինելով ՌԴ քաղաքացի։ Փաշինյանը դա է ասում Պուտինին։

- Փաշինյանն ասում է, թե Կարապետյանն իրավունք չունի առաջադրվելու եւ մասնակցելու ընտրություններին, որովհետեւ Ռուսաստանի քաղաքացիություն ունի եւ այլն, բայց ի՞նչն է խանգարում Կարապետյանին` ընտրություններից հետո անմիջապես հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից։ Այդ ժամանակ նա կարող է վարչապետ դառնալ. կարծում եմ, սա զուտ տեխնիկական հարց է։

- Իսկ ի՞նչ է լինելու երկաթգծի հետ: Փաշինյանը կարո՞ղ է դադարեցնել, ըստ Ձեզ, այդ պայմանագիրը, որը, եթե չեմ սխալվում, դեռ 12 տարի ժամանակ ունի, եւ, առհասարակ, ի՞նչ տնտեսական սպառնալիքներով է դա հղի: Պուտինը երբեք նախկինում այդքան միանշանակ եւ կտրուկ չի եղել. այս անգամ նա հստակ հասկացրեց Փաշինյանին, որ կարող են լինել կոշտ տնտեսական հետեւանքներ, նույնիսկ հիշեցրեց գազի արտոնյալ գնի մասին, որը ԵՄ-ին անդամակցելու դեպքում այլեւս չի լինի: Հայաստանի նկատմամբ հնարավո՞ր են սանկցիաներ՝ հակառուսական քաղաքականության հետեւանքով:

- Սանկցիաները, ըստ էության, արդեն իրագործվում են: Հայկական ապրանքների ստուգումներ են սկսվել, որովհետեւ Հայաստանը Եվրամիության երկրներից ռեէքսպորտ էր անում` ապրանքներ էր բերում: Դրանից հայկական բիզնեսը շահում էր, Ռուսաստանն էլ աչք էր փակում՝ հասկանալով, որ հայերին պետք է օգնել՝ գոյատեւելու բարդ իրավիճակում: Բայց հիմա եթե Փաշինյանն այսպիսի գիծ է տանում, սա համապատասխան հետեւանքներ է ունենալու: Եթե նա հաղթի ընտրություններում, դա ավելի մեծ վնաս է բերելու հայերին, իհարկե: Ես դեմ եմ Հայաստանի տնտեսական բլոկադային, բայց ընտրություններից առաջ հնարավոր է լրացուցիչ միջոցներ լինեն: Հայերը պետք է հասկանան, որ այդ մարդը չպետք է շարունակի ղեկավարել, նա ուղղակի սպանելու է հայոց պետականությունը: Սանկցիաներ կլինեն, ե՛ւ գազը կթանկացնեն, ե՛ւ շուկան կփակեն, ե՛ւ հայկական բիզնեսն այստեղ կճզմեն: Երկու աթոռի վրա նստել հնարավոր չէ։ Այնպես որ, Փաշինյանին աջակցող հայկական բիզնեսը, որը հույս ունի, որ այստեղ եկամուտներ է ունենալու, պետք է հասկանա, որ շատ բարդ իրավիճակում է հայտնվելու, այդ թվում՝ երկաթգծի կոնցեսիան դադարեցնելու հետեւանքով: Այդ երկաթգիծը տանում է Ադրբեջան, իսկ դեպի Ռուսաստան ոչ մի շարժ չի լինի, եթե նրանք վերցնեն դա: Օվերչուկը պարզ հասկացրեց դա: Եթե նրանք մտածում են, թե Ադրբեջանով Ռուսաստան ապրանքներ են տանելու, ապա ասեմ՝ նման բան չի լինի, բոլոր ճանապարհները դեպի Ռուսաստան կփակվեն: Այնպես որ, Փաշինյանի խաղը փորձանքի է բերելու:

- Նա փորձում է ներկայացնել, թե Պուտինի հետ հանդիպումը դրական արդյունքներ է ունեցել: Դուք տպավորություն չունե՞ք, որ սա Փաշինյանի վերջին այցն էր Մոսկվա: Կա՞ն նման մեկնաբանություններ հիմա:

- Ես վստահ չեմ, որ սա վերջինն էր: Ես կառաջարկեի, որ Պուտինը Փաշինյանին քաղաքական ապաստան տրամադրեր Ռուսաստանում: Ես չգիտեմ՝ այդ մասին խոսել են նրանք, թե ոչ, բայց չի բացառվում, որ Փաշինյանն ընտրություններից առաջ եկել էր այդ մասին պայմանավորվելու: Ավելի լավ կլինի, իհարկե, նրան հնարավորություն տալ, որ նա խաղաղ հեռանա, որ ընդդիմությունն ազնիվ պայքարում հաղթի, եւ Փաշինյանն էլ առանց ընտրություն կեղծելու, առանց ժողովրդական ընդվզման՝ լուռ հեռանա: Թող ապրի, ասենք, Ռոստովում, թող հանգիստ ապրի: Մենք դրանից չենք աղքատանա: Նա, կարծում եմ, այնքան է գողացել այս ընթացքում, որ նրան ու նրա երեխաներին կբավականացնի: Ուղղակի պետք է նրան հնարավորություն տալ, որ խաղաղ հեռանա, ինչպես հեռացավ Յանուկովիչը, որը Ռուսաստանի բարեկամը չէր, բայց նրան տրվեց հեռանալու ու Ռուսաստանում հանգիստ ապրելու հնարավորություն: Այնպես որ, այդ հանդիպումը դրական գնահատել չի կարելի: Ես չգիտեմ, թե կուլուարներում ինչ են խոսում, ինչ է նրան Պուտինը խոստացել, բայց, բացի քննադատությունն ու նախազգուշացումները, Պուտինի կողմից պահանջներ չհնչեցին: Ինձ դուր չեկավ միայն ՀԱՊԿ-ի թեման: Իհարկե, ժամանակին Ռուսաստանը սխալ որոշում ընդունեց, չպաշտպանեց Հայաստանին ադրբեջանական հարձակման ժամանակ` 2022 թվականին: Պետք էր գոնե քաղաքական հայտարարություն անել եւ դատապարտել Ադրբեջանի կողմից հայկական տարածքների գնդակոծումները: Դա դժվար չէր անել, բայց մեր ղեկավարության սերն Ալիեւի նկատմամբ, հավատը, որ Ալիեւը կդառնա Ռուսաստանի դաշնակիցը, այդ խորապես սխալ գիծը, որը տարվում էր այն ժամանակ, բերեց սխալ որոշումների եւ հնարավորություն տվեց Փաշինյանին արդարացնել՝ անվտանգային հարցերում վերակողմնորոշվել դեպի Եվրոպա: Շարունակել ցույց տալ, թե ոչինչ չի եղել, որ այդ ամենը կապված է ղարաբաղյան հարցի հետ, սխալ ուղղություն է: Դա բացարձակ կապ չուներ ղարաբաղյան հարցի հետ, եւ նրանք, ովքեր դրդում էին Պուտինին՝ այդ որոշումներն ընդունելու, հիմա աշխատում են արդարանալ, հորինում են Ղարաբաղի հետ կապ, փոխանակ ընդունելու իրենց սխալը եւ ներողություն խնդրելու հայ ժողովրդից: Կարծում եմ, դա էապես կբարձրացներ Ռուսաստանի հեղինակությունը հայ հասարակությունում եւ թույլ չէր տա, որ Փաշինյանը մանիպուլացներ այս հարցերը:

Շարունկաությունը՝ սկզբնաղբյուրում։