Միասին կարող ենք
կարևոր
760 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-14 10:42
Հասարակություն

Կարուշ Մարիկյան՝ «բացառիկ մասնագետ» Ախալքալաքում․ jnews.ge

Կարուշ Մարիկյան՝ «բացառիկ մասնագետ» Ախալքալաքում․ jnews.ge

Կարուշ (Կարապետ) Մարիկյանն այն բժիշկն է, որը շատ կարճ ժամանակահատվածում Ախալքալաքում դարձավ անփոխարինելի ու սիրված։ Նրա հավասարակշռված խոսքն ու հուսադրող տեսակը իրավիճակ է փոխել Ախալքալաքի հիվանդանոցում։ Ախալքալաքի համար այս մասնագետը մեծ ձեռքբերում է, իսկ նա իր հերթին ձգտում է ստեղծել այստեղ մի այնպիսի հնարավորություն, որ չկա Վրաստանում:

Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցի գլխավոր մենեջեր Ալեքսան Թորոյանն առանձնակի կարեւորությամբ ու հպարտությամբ է նշում, որ Թբիլիսիի եւ արտասահմանյան լավագույն կլինիկաները ձգտում են նման բարձրակարգ մասնագետ ունենալ, ինչպիսին նեֆրոլոգ Կարուշ Մարիկյանն է։

«Առանց չափազանցության բժիշկ Մարիկյանը բացառիկ մասնագետ է։ Կարող եմ ասել, որ մեզ բախտ է վիճակվել նրա հետ աշխատել։ Նրա գալով Ախալքալաքի հիվանդանոցում շատ բան է փոխվել»։

Նրա աշխատասենյակի դուռը կիսաբաց էր։ Համակարգչի դիմաց սպիտակ համազգեստով խորասուզված մտքերով ինչ-որ բան է գրում։

Կամաց թակում ենք դուռը։ Ներեցեք, մենք բժիշկ Մարիկյանին ենք փնտրում։

Ներս մտեք․․․

Կարճ ու ոլորուն բեղերով, հուսադրող հայացքով, բժիշկը հարցական հայացքով մեզ է նայում։ Նրա հայացքն ամեն ինչ ասում է նրա գործնեության մասին։ Կարճատև զրույցից հետո համաձայնվում է հարցազրույց տալ, բայց պայմանով՝ բոլոր հիվանդներին ճանապարհելուց հետո։ Վեր է կենում տեղից ու անձամբ համոզվում, որ դրսում իրեն սպասող չկա, այնուհետեւ՝ սկսում ենք զրույցը։

2

Աշխատանքային որ ժամին էլ գնաս, նրա դռան մոտ հերթ է ու բոլորի դեմքին հույս, որ բեղերով բժիշկը իրենց բուժելու է։

Մարդիկ շշուկով միմյանց ասում են՝ Թբիլիսիից է եկել, շատ լավ բժիշկ է, իր բոլոր հիվանդներն ապաքինվում են։

Կարուշ Մարիկյանը մասնագիտությամբ նեֆրոլոգ է, Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղից է։ Նրա բժշկական ուղին դեռ մանկուց է կանխորոշվել։

«Բարեկամս բժիշկ էր, որ գնում էի Բոգդանովկա` հիվանդանոց, ինձ միշտ դա հետաքրքիր էր, և այդտեղից էլ երևի սերն առաջացավ, հետագայում ընդունվեցի բժշկական»։

Նրա որպես անհատ ձևավորման վրա շատ է ազդել Պարույր Սևակը։ Ասում է՝ ծնողներիցս, ընկերություն, շրջապատ, բարեկամ, ամեն ինչից հետո ես եկել եմ ու Սևակ եմ կարդացել։ Կարդալը Կարուշի տարերքն է մինչև այսօր։

«Սևակն ամեն էմոցիա ունի արտահայտած, նշեմ «Մարդը ափի մեջ» ստեղծագործությունը, մարդուն ուսումնասիրել է տարբեր անկյուններից, այսինքն՝ ձեռքիդ մեջ է, նույնն էլ բժիշկն է, խորհրդատվությունը մի ամբողջ հոգեբանություն է, մարդուն մոտենալու ձևը, խոսելու, գրավելու… Հիպոկրատն ասում է՝ նախ պետք է հոգին բուժես, հետո նոր հիվանդությունը»։

Մեր հարցին, թե ինչո՞ւ նեֆրոլոգիա, չէ որ այն մասնագիտություն է, որն իր մեջ պարունակում է՝ ամբուլատոր ծառայություն, ստացիոնար ծառայություն, երիկամների փոխպատվաստում, դիալիզ․․․

«Ծանր ու բարդ մասնագիտություն է, ինձ համար մարտահրավեր է, սովորելուն վերջ չկա, մինչև այսօր՝ այս պահը, ազատ ժամանակ նստած կարդում եմ։ Կապ չունի Ախալքալաքում ես,թե մեկ այլ տեղ, եթե մարդ ուզենա զարգանալ, առաջ գնալ, կգնա։ Ես 4-5 տարի աշխատել եմ հենց Թբիլիսիի նեֆրոլոգիայի կենտրոնում։ Ես շատ շնորհակալ եմ գլխավոր նեֆրոլոգ Իրմա Ճորխոլիձեին, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատելու։ Միասին ենք սկսել Վրաստանում զարգացնել ինտերվենցիոն նեֆրոլոգիան»։

Մասնագիտության հենց դժվարություններն են բժշկի համար հետաքրքրություն առաջացնում:

«Երիկամների անբավարարությունը մի հիվանդություն է, որի հետևում թաքնված է այնպիսի հիվանդություններ, որ կարող է տաս տարի հետո իմանալ, որ այդ հիվանդությունն ունի տվյալ մարդը։ Հարցական նշաններն ինձ միշտ հետաքրքիր են ու մեծ բավականություն եմ ստանում ամբուլատոր պացիենտին հարցաքննելու ժամանակ, միշտ թաքնված է ինչ-որ մի սիմպտոմ, որ կարող է երկու ամիս փնտրես ու նոր գտնես»։

Մայրաքաղաք, աշխատանքային լայն հնարավորություններ, շրջապատ ու տարիներով վաստակած անուն․ այս ամենը Կարուշ Մարիկյանը թողել է, որպեսզի օգտակար լինի իր ծննդավայրի ժողովրդին։ Միաժամանակ համարելով, որ մարդուց է կախված ամեն ինչ, որտեղ էլ լինի նա կարող է անել այն ամենը ինչ ուզում է, հասնել այն ամենին ինչին ձգտում է։ Նրա վերադարձի պատճառները շատ են, բայց որոշիչ դեր է ունեցել ընտանիքը։

«Պատճառները շատ են, առաջինն իմ ընտանիքն է, իմ ընտանիքը Ջավախքում է գտնվում, նորակազմ ընտանիք եմ, կինս Թբիլիսիից եկավ, իր համար ևս դժվար է, բայց սա էլ մարտահրավեր էր ինձ համար, որովհետև, Ախալքալաքում կարող ես շատ մեծ բաներ ստեղծել, փոխել, ես բավականին փորձ եմ ձեռք բերել։ Ես Ախալքալաքում դժվարություն չեմ զգում, որ լաբորատորիա չկա, դիագնոստիկա չկա և այլն։ Ախալքալաքում աշխատելով ես բավականություն եմ ստանում»։

Գրեթե մեկ տարի է բժիշկ Մարիկյանն Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում ծառայություններ է մատուցում։ Նրա կյանքի կարգախոսն է բարեխղճորեն աշխատել, բայց ֆանատիզմով չտառապել։

«Իմ բնույթն այնպիսին է, որ ես սիրում եմ պայքարել, պայքար հիվանդի հետ, մարդը հիվանդանում է, մինչև վերջին շունչը պայքարի մեջ է։ Կռիվ կա ես-ի դեմ, հասարակության դեմ, ընտանիքում․․․ պայքարի մեջ է ամեն ինչ զորավոր, պայքարը պետք է լինի։ Իմ ես-ի հետ կռիվներ եղել են, բայց հիմա խելոք շփվում եմ իմ հետ»։

Մեր հերոսը, չնայած ուժեղ բնավորությանը, նաև հիասթափություն է ապրում։ Ասում է՝ հասարակ չգնահատված լինելը մարդու վրա մեծ ազդեցություն է ունենում։

«Հիմնականում գնահատանքի պակասությունն է, որ բժշկի վարկանիշն ընկնում է։  Վրաստանում ինչքան օտարերկրյա բժիշկների հետ շփվել եմ, իրենք հեղինակություն են իրենց երկրում, բայց այստեղ այդպես չէ, մարդկային կյանք ես փրկում, ամեն վայրկյան սուր մի իրավիճակ կարող է ստեղծվել, բայց այդ մարդը կարող է նույնիսկ չիմանալ, որ իրեն փրկել ես, ոչ էլ պետք է ասել, որ դա դու ես արել»։

1

Կարուշ Մարիկյանը  2025 թ.-ին դարձել է Եվրոպայի երիկամների ասոցիացիայի անդամ, նա ներկայացնում է Վրաստանը այդ ասոցիացիայում:  Մարիկյանին պացիենտների հետ աշխատանքին զուգահեռ հետաքրքրում է նաև այս ոլորտի գիտական ասպարեզը, որում նա միշտ խորանում է կարդալով, նոր գիտելիքներ ձեռք բերելով, ինչպես նաև սեփական գյուտեր անելով:

Ըստ նեֆրոլոգի՝ Ջավախքում շատ բարձր է երիկամային խնդիրներով հիվանդների թիվը, նույնիսկ Թբիլիսիի վիճակագրությունից ավելի բարձր է։

«Շատ-շատ են պացիենտները, չէի մտածում երբեք, որ վիճակագրությունն այսքան բարձր է»։

Ախալքալաքի ռեֆերալ հիվանդանոցում օրական մոտավոր 40 պացիենտի է սպասարկում՝ Ախալքալաքի ու Նինոծմինդայի շրջաններից։ Ասում է՝ քանակն իր համար խնդիր չէ, ավելի շատ պացիենտի հետ է աշխատել, օրական մինչև 100 պացիենտի է սպասարկել։

Նախքան բժիշկ Մարիկյանի աշխատելը, Ախալքալաքի հիվանդանոցն ընդհանուր 9-10 դիալիզի պացիենտ էր ընդունում, հիմա ամենօրյա ռեժիմով են աշխատում, պացիենտների քանակը կրկնապատկվել է, բայց տեղերը միևնունն է բավարար չեն։

«20 պացիենտի ենք սպասարկում, հերթում ևս պացիենտներ ունենք, մի քանիսը կան, որ արդեն անմիջապես իմ պացիենտներն են, որոնց ես պատրաստում եմ դիալիզի, հուսով եմ՝ ապագայում ավելի մեծ Կենտրոն կլինի, որ ամբողջ Ջավախքին կարողանանք սպասարկել»։

Բժշկի մինչև նեֆրոլոգիա ճանապարհը հետաքրքիր ոլորաններ է ունեցել: Վրաստանում համալսարանն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի կարդիոինտերվենցիա բաժինը, այնուհետև կորոնավիրուսի համավարակի ժամանակ վիզայի պատճառով մնացել է Վրաստանում, զուգահեռաբար ուսանելով Վրաստանի բժշկական համալսարանում, ընդունվել է նեֆրոլոգիայի բաժանմունքը ու վերջին 3-4 տարվա ընթացքում ինքնուրույն անգլերեն սովորել։ Մինչ այդ հատուկ գերմաներեն է սովորել, որ հոգեբույժ դառնա, սակայն ժամանակի ընթացքում հրաժարվել է այդ մտքից: Տիրապետում է 5 լեզվի։

Այսօր նրա երիտասարդ ընտանիքում մեծանում է 1,5 տարեկան որդին: Կինը ևս բժիշկ է:

Կարուշ մարիկյանը վերականգնվում է ճանապարհորդելով, փորձում է կիսվել մտերիմ մարդկանց հետ, ինչպես նաեւ նկարում է կամ գրում։

Նրա հոբբին նկարչությունն է։ Նկարում է հիմնականում յուղաներկով, իսկ հիմնական թեման հոգեբուժությունն է, չնայած տարբեր թեմաներ ունի նկարած։

3

«Նկարչության աբստրակտ ոճն է իմը։ Բժշկության առանձին մասնաճյուղ եմ նկարել, երիկամներով եմ սկսել։ Ամերիկայում մրցույթ կա, ուզում եմ մասնակցել ուղարկել իմ աշխատանքները, մրցույթ է, որտեղ արվեստագետ նեֆրոլոգները ներկայացնում են իրենց աշխատանքները։  Անցած տարի մրցույթ կար Թբիլիսիում, երիկամների փոխպատվաստման թեմայով, իմ աշխատանքները լավագույնը ճանաչվեցին։ Հիմա էլ ինքս ինձ վրա եմ աշխատում, վերապատրաստվում եմ, որ Մեծ Բրիտանիայում մասնակցեմ մրցույթի։ Եթե Աստված հաջողի կգնամ։ Նկարել եմ, 24 ժամ՝ անցյալ, ներկա ու ապառնի։ Ամեն ժամանակ իր գույնն ունի։ Ես գույներ շատ եմ սիրում»։

Արվեստագետ-բժիշկ Կարուշ Մարիկյանը ծրագրում է ապագայում Ջավախքում այնպիսի մի ծառայություն ստեղծի, որ նմանը չլինի նույնիսկ Թբիլիսիում և ամբողջ Վրաստանից Ախալքալաք գան այդ ծառայությունը ստանալու համար։

Նյութի աղբյուրը՝ jnews.ge