Միասին կարող ենք
կարևոր
2011 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-02 19:09
Քաղաքական

«Copy-paste» արված հայցեր և հակասական թվեր․ Լևոն Մկրտչյանի անդրադարձը Դատախազության հաղորդագրությանը

«Copy-paste» արված հայցեր և հակասական թվեր․ Լևոն Մկրտչյանի անդրադարձը Դատախազության հաղորդագրությանը

Կրթության և գիտության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանն անդրադարձել է Դատախազության տարածած հաղորդագրությանը, նշելով.

«Այսօր Գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն որի՝ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայց․ հայցը վերաբերում է ինձ՝ Լևոն Մկրտչյանիս, ընտանիքիս անդամներին և մի շարք անձանց, ում դատախազությունը համարում է «փոխկապակցված»։

Ես գիտակցաբար զերծ էի մնում հրապարակային մեկնաբանություններից՝ ելնելով այն համոզմունքից, որ նման գործերը նախևառաջ պետք է քննվեն իրավական հարթությունում, իսկ դատախազության դիրքորոշումը պետք է ձևակերպվի հստակ, ստուգված և վերջնական տեսքով՝ նախքան հանրային տիրույթում հրապարակելը։ Սակայն այսօրվա հաղորդագրության բովանդակությունն ու մատուցման ձևը պահանջում են մի քանի սկզբունքային պարզաբանումներ։

Առաջին՝ սա դատարանի որոշում չէ և ոչ էլ հաստատված փաստ։ Սա դատախազության ներկայացրած պահանջն է, որը դեռ ենթակա է դատարանում ստուգման։ Հայցը վարույթ ընդունելը դատավարական գործընթացի մեկնարկն է, այլ ոչ թե մեղադրանքների հաստատում։

Երկրորդ՝ ներկայացված նյութերից և պահանջների պարբերաբար փոփոխություններից երևում է, որ իրավասու մարմինն էլ չի կողմնորշվել ինձնից ինչ է պահանջում։ Դատախազությունը երեք տարի ուսումնասիրություն անելուց հետո 2025թ․ դեկտեմբեր ամսին անհասկանալի պայմաններում որոշում է, որ ինձանից մի թիվ պետք է գանձի, 2026թ․ հունվար ամսին տասն անգամ ավել թվով հայց է ներկայացնում դատարան, իսկ 2026թ․ մարտի 2-ին հանդես է գալիս հրապարակային հայտարարությամբ, որում գումարի չափը բոլորովին այլ թիվ է։

Նշվածը, ինչպես նաև հայցում ուրիշ հակակոռուպցիոն քաղաքացիական գործով այլ անձանց վերագրվող միլիարդավոր դրամի պահանջները մեխանիկական սխալի (սխալ copy-paste) արդյունքում ինձ ներկայացնելը, բավարար է եզրահանգում անելու կատարված ուսումնասիրության հիմնավորվածության մասին։

Երրորդ՝ հայտարարության մեջ հիշատակվող ակտիվների զգալի մասը իմ սեփականությունը չեն և պատկանում են այլ անձանց, ովքեր զբաղվել են ինքնուրույն և օրինական գործունեությամբ։ Դրանք մեկ «ընդհանուր ցանկում» միավորելը հանրային դաշտում ստեղծում է թյուր տպավորություն։ Դեռևս 90 թթ․ սկզբներին, երբ ես ընդդիմադիր ՀՅԴ ղեկավար կառույցի անդամ էի և ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դասախոս, հայրս, եղբայրս զբաղվում էին բիզնեսով։ Եղբայրս հանրության կողմից ճանաչված գործարար է իր անցած ճանապարհով, և դատախազության պահանջած գույքերի գերակշիռ մասը պատկանում են իրեն և իր ընտանիքին։

Մեր երկրում հակակոռուպցիոն օրակարգը շատ կարևոր է, բայց այն պետք է վարվի օրենքի շրջանակում, հիմնվելով իրական, ամբողջական և ստուգված տվյալների վրա»։