|
Փոխարժեքներ
14 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Փետրվարի 14-ին՝ 40-օրյա մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ:
Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց Տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Հարություն վարդապետ Կիրակոսյանը։
Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձ կատարեց տոնի խորհրդին՝ մասնավորաբար նշելով. «Տեառնընդառաջի խորհուրդը Աստծուն սպասելու, Նրան մոտենալու և Նրա ներկայությունն ապրելու մեջ է, այն հրավեր է յուրքանչյուրիս՝ Տիրոջն ընդառաջ գնալու, մեր հավատքի մեջ զորանալու, անսահման հույսի և սիրո մեջ ապրելու»։
Այնուհետև անդրադառնալով տոնի ավետարանական պատմությանը` Հարություն վարդապետը նշեց․ «Աննկարագրելի ու անպատմելի է Սիմեոն ծերունու երկարամյա սպասումն ու Հիսուսին իր գիրկն առնելու նրա անկողոպտելի ուրախությունը: Բերկրանք և ցնծություն, որ յուրաքանչյուրս ապրում ենք, երբ բախտ ենք ունենում հպվելու Տիրոջը՝ մեր երկրային կյանքն իմաստավորելով միայն ու միայն Աստծով»։
Իր քարոզում Հայր Հարությունը, դիմելով ներկաներին, պատգամեց` առանց վարանելու և երկմտելու գնալ Տիրոջն ընդառաջ, որպեսզի Աստված մեզ գթա ու արժանացնի այն անհուն խնդությանը և նույն բերկրանքին, որն ապրեց Սիմեոն ծերունին Մանկանը գրկելիս։
Ապա Հարություն Վարդապետը, դիմելով սրբազան արարողությանը ներկա նորապսակներին, հորդորեց, որ իրենց համատեղ կյանքը ապերեն Աստծու սիրո փնտրտուքով, որովհետև Բարձրյալի սերն ու Նրա ներկայությունն է, որ սրբագործելու է իրենց ընտանեկան հարկը։
Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գերաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ։
Նույն օրը Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում ընդունեց Մայր Աթոռի տարբեր կառույցներում սպասավորող նորապսակ սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի։
Տոնի առիթով Հայոց Հովվապետն իր հայրական օրհնությունն ու շնորհավորանքները բերելով նորապսակ զույգերին՝ հորդորեց վերջիններիս ապրել սիրով, լինել միմյանց զորակից և չընկրկել դժվարությունների առաջ։ Նորին Սրբությունը մաղթեց նաև, որպեսզի Տիրոջ լույսն ու ջերմությունը մշտապես ներկա լինեն իրենց նորակազմ ընտանիքներում և ապրեն առողջ ու երջանիկ կյանքով։
Վերջում Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց նորապսակ զույգերին և ընծայեց նվերներ: