կարևոր
1024 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-05 21:30
Հասարակություն

Երիտասարդ ընտանիքների աջակցման պետական ծրագրերը Շիրակի մարզում մինչ օրս չեն կրել հասցեական և համակարգային բնույթ. պատգամավոր

Երիտասարդ ընտանիքների աջակցման պետական ծրագրերը Շիրակի մարզում մինչ օրս չեն կրել հասցեական և համակարգային բնույթ. պատգամավոր

ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է.

«Երիտասարդ ընտանիքների կայունությունն ու զարգացումը ցանկացած մարզի կենսունակության հիմքն են։ Շիրակի մարզի պարագայում այս հարցը ունի առանձնահատուկ, անգամ ճակատագրական նշանակություն՝ պայմանավորված երկարամյա սոցիալ-տնտեսական դժվարություններով, արտագաղթի շարունակական հոսքով և ժողովրդագրական խորացող անկմամբ։ Այս իրողությունների համադրումը երիտասարդ ընտանիքների խրախուսումը Շիրակում դարձնում է ոչ թե ցանկալի, այլ անհրաժեշտ պետական քաղաքականություն։

Պետությունը չի կարող խոսել Շիրակի զարգացման կամ ապագայի մասին, եթե երիտասարդ շիրակցին ընտանիք կազմելիս կանգնած է սոցիալական անորոշության, տնտեսական խոցելիության և վաղվա օրվա հանդեպ անվստահության առաջ։

Վերջին տարիներին Շիրակի մարզում ծնելիության նվազման, ամուսնությունների թվի անկման և երիտասարդ բնակչության արտահոսքի միտումները վկայում են մեկ հստակ իրողության մասին․ երիտասարդ ընտանիքները չեն զգում բավարար պետական աջակցություն։ Բնակարանային չլուծված խնդիրները, երկրաշարժի հետևանքներով ձևավորված անմխիթար բնակֆոնդը, ցածր եկամուտները, կայուն աշխատատեղերի պակասը, առողջապահական և կրթական ծառայությունների սահմանափակ հասանելիությունը լուրջ խոչընդոտներ են ընտանիք կազմելու և երեխաներ ունենալու ճանապարհին։

Շիրակի բազմաթիվ համայնքներում երիտասարդ ընտանիքները հարկադրված են լքել հայրենի բնակավայրերը՝ արժանապատիվ կյանքի պայմանների բացակայության պատճառով։ Սա հանգեցնում է համայնքների դատարկման և մարզի սոցիալ-տնտեսական հետագա թուլացման։

Երիտասարդ ընտանիքների աջակցման ուղղությամբ իրականացվող պետական ծրագրերը Շիրակի մարզում մինչ օրս չեն կրել հասցեական և համակարգային բնույթ։ Ընդհանուր մոտեցումները չեն հաշվի առնում մարզի առանձնահատուկ սոցիալական պայմանները, իսկ իրականացվող միջոցառումները հաճախ կարճաժամկետ են, հատվածական և չեն ապահովում վերահսկելի արդյունքներ։

Պետական քաղաքականությունը չի կարող կառուցվել համահարթեցված մոտեցումների վրա, երբ Շիրակի մարզը ունի հատուկ խնդիրներ և պահանջում է հատուկ լուծումներ։

Երիտասարդ ընտանիքների խրախուսումը Շիրակում պահանջում է համապարփակ և նպատակային պետական մոտեցում՝ հիմնված հետևյալ առանցքային ուղղությունների վրա․

-Բնակարանային հասանելի քաղաքականություն Շիրակի մարզում՝ երիտասարդ ընտանիքների համար, պետական մասնակցությամբ, երկրաշարժից տուժած բնակֆոնդի փոխարինմամբ և երկարաժամկետ լուծումներով,

-Երեխայի ծննդի և խնամքի շարունակական պետական աջակցություն Շիրակում, որը կապահովի ընտանիքների սոցիալական կայունությունը կյանքի առաջին տարիներին,

-Աշխատանքային կայունություն և եկամտի պաշտպանություն երիտասարդ շիրակցի ծնողների համար, հատկապես մարզում նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով,

-Մանկապարտեզների և նախադպրոցական հաստատությունների համընդհանուր հասանելիություն Շիրակի բոլոր համայնքներում,

-Որակյալ և անվճար առողջապահական ծառայություններ մայրության և մանկության ոլորտում, մարզային բուժհաստատությունների վերազինմամբ,

-Մարզային հատուկ քաղաքականություն, որը կկանխի երիտասարդ ընտանիքների արտահոսքը և Շիրակի համայնքների դատարկումը։

Երիտասարդ ընտանիքների խրախուսումը Շիրակի մարզում պետք է դառնա պետական ռազմավարության առանցքային ուղղություններից մեկը՝ հստակ ֆինանսավորմամբ, ժամանակացույցով և հաշվետվողականությամբ։ Սա պահանջում է քաղաքական կամք, հետևողականություն և պատասխանատվություն պետական մակարդակով։

Առանց ուժեղ ընտանիքի չկա ուժեղ համայնք, առանց ուժեղ համայնքի՝ զարգացող մարզ, իսկ առանց զարգացող մարզի՝ կայուն պետություն։

Շիրակի երիտասարդ ընտանիքների խնդիրների անտեսումը ոչ միայն սոցիալական սխալ է, այլ նաև ռազմավարական կարճատեսություն։

Շիրակի ապագան կառուցվում է այսօր՝ երիտասարդ ընտանիքի միջոցով։ Պետության պարտավորությունն է ապահովել, որ Շիրակի երիտասարդ ընտանիքը ունենա կայունություն, վստահություն և արժանապատիվ կյանք սեփական մարզում և սեփական Հայրենիքում»։