կարևոր
1084 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-31 15:07
Քաղաքական

«Ձեր հավատքը, կրոնն ու դավանած արժեքները մեզ պետք չեն»․ ուղերձ՝ հայ զինվորին ու սպային

«Ձեր հավատքը, կրոնն ու դավանած արժեքները մեզ պետք չեն»․ ուղերձ՝ հայ զինվորին ու սպային

Այն, որ Փաշինյանի իշխանությունը, ամենօրյա ռեժիմով, հակաժողովրդական, հակապետական  որոշումներ է կայացնում և լծվում գործի, այլևս զարմանալու չէ։ Երեկ հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը միանձնյա որոշել է լուծարել ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը՝ առանց Եկեղեցու հետ խորհրդակցելու և համաձայնեցնելու։ Սա իհարկե իրավական ամենաթողություն է, ինչին դեռ կանդրադառնանք։ Իսկ մինչ այդ հասկանանք, թե այս քայլը ինչպես է թուլացնելու պատերազամող երկրի բանակի դիմադրողականությունը՝  վնասելով բանակի հոգևոր անվտանգությունը։

Սուրեն Պապիկյանի հրամանը զուտ վարչական որոշում չէ, դա նաև ուղերձ է զինվորին ու սպայական կազմին, որ «Ձեր հավատքը, կրոնն ու դավանած արժեքները մեզ պետք չեն»։ Իսկ թե ինչի է վերածվում բանակը՝ առանց արժեքային հենարանի, բոլորն էլ շատ լավ պատկերացնում են։

Հոգևորականի նեկայությունն ու դերակատարությունը հայրենիքի պաշտպանության գործում, բանակում և զինվորի կողքին միշտ է եղել, այդ մասին  է վկայում պատմությունը և ազատագրական պայքարի էջերը։ Ուստի հոգևոր ծառայության լուծարումը կնշանակի՝ բանակին կտրել իր պատմական ինքնությունից։
 

Երեկ Yerkir.am-ին տված հարազրույցում Երևանի կայազորային հոսպիտալի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պսակ քահանա Մկրտչյանը մի շատ կարևոր փաստ արձանագրեց՝ գնդերեցների ներկայությունը բանակում բազմաթիվ ինքնասպանության դեպքեր է կանխել, այն, ինչի մասին զինվորը խուսափում է ասել հրամանատարին կամ հոգեբանին, կիսվում է հոգևորականի հետ։ Այսինքն՝ հոգևորականն օգնում է զինվորին՝ հաղթահարելու մարտական սթրեսը, մահվան վախը, պատերազմի տրավմաները, օգնում է ճիշտ ու կառուցողական հարաբերություն ունենալ զինակիցների հետ։ Ուստի, ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունը լուծարել նշանակում է՝ թուլացնել բանակի հոգեբանական կայունությունն ու զինվորին մենակ թողնել իր ներսի պատերազմի հետ։

Ընդհանրացնելով այս բոլոր գործոններն ինչ է ստացվում․ երբ բանակից դուրս է բերվում Հայ Առաքելական Եկեղեցու ինստիտուցիոնալ ներկայությունը, այդ տեղը, բնականաբար, դատարկ չի մնալու։ Բացը լրացվելու է կամ աղանդներով, կամ  կասկածելի «մոտիվացիոն» ծրագրերով, կամ էլ՝ օտար արժեքների մոդելներով։ Իսկ սրանք, ինչ խոսք, թուլացնելու են Հայոց բանակի մարտական ոգին ու մարտունակությունը։

(շարունակելի)

Հերմինե Զեյնալյան