|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.96 |
| EUR | ⚊ | € 434.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9961 |
| GBP | ⚊ | £ 501.42 |
| GEL | ⚊ | ₾ 137.67 |
Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարազատներն ու ներկայացուցիչները ապրիլի 3-ին նամակով դիմել էին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնացիո Կասիսին՝ խնդրելով Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը:
«Մենք մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ամբողջական փակման կապակցությամբ։ Սա զգալի չափով վատթարացրել է մեր հարազատների արդեն իսկ ծանր վիճակը՝ մեզ թողնելով նրանց ճակատագրի և կացության վերաբերյալ խորը անորոշության մեջ։
Հաշվի առնելով վերոգրյալը և հիշեցնելով միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում սահմանված պարտավորությունները՝ մենք, ամենայն հարգանքով, բայց նաև հաստատակամորեն կոչ ենք անում Հայաստանին պաշտոնապես դիմել Շվեյցարիայի Համադաշնության կառավարությանը, որպեսզի շվեյցարական կողմը ստանձնի «Հովանավոր տերության» դերը։ Սա անհրաժեշտ և հրատապ քայլ է մեր հարազատների իրավունքների, անվտանգության և արժանապատվության պաշտպանությունը միջազգայնորեն ճանաչված մեխանիզմներով ապահովելու համար»,-մասնավորապես նշվում էր գերիների հարազատների նամակում։
NEWS.am-ը ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանից հետաքրքրվեց, թե արդյոք արձագանքներ եղել են:
«Մենք ստացել ենք պաշտոնական պատասխան Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտից, որտեղ մասնավորապես նշվում է, որ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում երրորդ պետության կողմից հովանավոր տերության մանդատի իրականացումը պետք է ստանա երկու շահագրգիռ պետությունների համաձայնությունը։ Նամակում նաև ասվում է, որ երկկողմ բանակցությունների միջոցով Շվեյցարիան բազմիցս կոչ է արել Ադրբեջանին երաշխավորել արդար դատաքննության իրավունքը և ապահովել, որ պահման պայմանները համապատասխանեն միջազգային չափանիշներին: Այսինքն, մարդասիրական այս խնդիրը նաև նրանց երկկողմ հարաբերությունների օրակարգում է»,-նշեց Սիրանուշ Սահակյանը։
Հայաստանի արտգործնախարարությունից այս պահի դրությամբ որևէ արձագանք չի եղել գերիների հարազատների նամակին, չնայած որ նամակը թե՛ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությանը, թե՛ ՀՀ ԱԳՆ-ին ուղարկվել է միաժամանակ: