Միասին կարող ենք
կարևոր
706 դիտում, 1 ժամ առաջ - 2026-05-11 12:32
Հասարակություն

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի ճեմարանի պատմական շենքը վերադարձրին թեմին

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի ճեմարանի պատմական շենքը վերադարձրին թեմին

Դոնի Ռոստովի քաղաքային իշխանությունները հայկական ճեմարանի պատմական շենքը, որպես պատմամշակութային ժառանգություն, վերադարձրել են Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին: Այս գործում իր անգնահատելի և ազնիվ ջանքերն է ներդրել ազգային բարերար Սամվել Կարապետյանը, որը մշտապես կարևորել է Հայ Եկեղեցու կրթական առաքելությունը ինչպես հայրենիքում, այնպես էլ հայրենիքից դուրս: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայոց թեմը։

Շենքի հետագա գործունեության և նորոգման աշխատանքները կազմակերպելու նպատակով թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը մեկնեց Դոնի Ռոստով, որտեղ մի շարք հանդիպումներ ունեցավ: Շրջայցի ընթացքում պարզվեց, որ քառահարկ շենքն ունի գեղեցիկ ճարտարապետական լուծումներ, բայց քանի որ երկար տարիներ չի շահագործվել, հայտնվել է անխնամ ու անմխիթար վիճակում:

Շենքը նորոգելու և կրթական կենտրոնի պատմական առաքելությունը վերականգնելու պատրաստակամությունը ստաձնել է թեմը:

Այսօր քչերը գիտեն, որ հայերով բնակեցված Դոնի Նախիջևանը մինչև 20-րդ դարի սկիզբը եղել է թեմական կյանքի հոգևոր կենտրոն: Դա պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ 1875 թ-ին այստեղ հիմնադրվել է տարածաշրջանի լավագույն աստվածաբանական ուսումնարանը, իսկ 1881 թվականին կայսեր՝ Ալեքսանդր II-ի հրամանագրով վերածվել է հոգևոր ճեմարանի։

Պատմական հենց այս շենքը, որը 150 տարի առաջ ծառայել է հայերին, Եզրաս սրբազանի հետևողական աշխատանքի, և ազգային բարերար Սամվել Կարապետյանի շնորհիվ վերադարձավ թեմին: