կարևոր
1726 դիտում, 5 ժամ առաջ - 2026-01-12 21:21
Աշխարհ

Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել, իսկ տարբեր քաղաքներում պրոիշխանական, մարդաշատ հանրահավաքներ են կազմակերպվել

Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել, իսկ տարբեր քաղաքներում պրոիշխանական, մարդաշատ հանրահավաքներ են կազմակերպվել

«Իրանն այսօր» թելեգրամյան ալիքն Իրանի առնչությամբ մի քանի իրավիճակային մի քանի արձանագրումներ է արել.

«Ինտերնետի անջատված լինելու պատճառով կրկին նոր ցույցերի մասին տեղեկությունները սահմանափակ են: Երկու կողմն էլ իր քարոզչությունն է առաջ տանում. իշխանություններն ասում են՝ իրավիճակը հանդարտվել է, ընդդիմադիրները ցույցերի մի քանի տեսանյութ են հրապարակել ու դրանք վերագրել երեկվան, բայց ինֆորմացիայի սղության պայմաններում հնարավոր չէ հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում:

Տարբերակներից մեկը կարող է լինել այն, որ վերջին օրերին ճնշման ուժգնացումը տվել է իր ազդեցությունը և ցույցերը նվազել են:

Իրանում եռօրյա սուգ է հայտարարվել, իսկ այսօր երկրի տարբեր քաղաքներում պրոիշխանական, մարդաշատ հանրահավաքներ են կազմակերպվել:

Իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են, որ ցուցարարների շրջանում կա առնվազն 192 հաստատված զոհ: Իրանի պաշտոնական մամուլի հրապարակումներից դատելով՝ իրավապահների շրջանում զոհերի թիվը ևս կարող է անցնել 100-ը: Սա աննախադեպ է. իրանական ոչ մի նախկին ցույցի ժամանակ այսքան շատ իրավապահներ չեն զոհվել: Չնայած այս օրերի տեսանյութերը դիտելուց հետո այդ ցուցանիշն այդքան էլ անսպասելի չէ:

Ռադիկալ գործողություններով իրանական ցույցերը միշտ են աչքի ընկել, բայց այս անգամ դրանք, կարծես, աննախադեպ բնույթ են կրել: Տարբեր շինություններ այրելուց բացի (որ նախկինում էլ է եղել), շատ են եղել իրավապահների վրա հարձակվելու դեպքերը (հրազենով, սառը զենքով, այրելով, ծեծելով սպանել և այլն): Իշխանություններն ունեն նաև իրենց վարկածը, ըստ որի՝ հարձակումներ գործած անձինք հատուկ պատրաստություն են անցել, դրսից են ներդրվել, «ահաբեկիչներ» են։

Չբացառելով զինյալ տարրերի կամ գործակալների ներգրավվածության հավանականությունը՝ դժվար է բոլոր ռադիկալ գործողությունները բացառապես այս հանգամանքով բացատրել։ Նման վարվելակերպը նաև համակարգի ու նրանց պաշտպանների հանդեպ ատելության, ինչպես նաև ցույցերի ուժգնության ցուցիչ է: Բացի այդ, կարող են լինել նաև խորքային այլ պատճառներ, օրինակ՝ հասարակական-մշակութային առանձնահատկությունները»։