կարևոր
1738 դիտում, 15 ժամ առաջ - 2026-01-09 13:07
Հասարակություն

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի տարածք. Sputnik Արմենիա

ԱԺ խոսնակը չի բացահայտել` որտեղից տվյալները, թե ՀՀ–ն վերահսկում է 110ք/կմ Ադրբեջանի տարածք. Sputnik Արմենիա

Հաշվարկները (ըստ Google քարտեզների) ցույց են տալիս, որ ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի տրամադրած տվյալները չեն համապատասխանում իրականությանը։

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չի բացահայտել իր տվյալների աղբյուրը, որով ավելի վաղ պնդել էր, թե ՀՀ զինված ուժերը 90-ականներից վերահսկում են Ադրբեջանի մոտ 110 ք/կմ տարածք, իսկ Բաքուն վերահսկում է ՀՀ մոտ 200 ք/կմ տարածք։

Մասնավորապես «ArmComedy» փոդքաստում, խոսելով Ադրբեջանի կողմից 2021-22 թթ. Հայաստանի օկուպացված տարածքների մասին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարել է. «110 ք/կմ-ի չափով մենք ենք իրենց տարածքում, մոտավորապես, ոչ ոք չի կարող միլիմետրով ասել։ Ես պաշտոնապես ասում եմ, որ դեռ 90-ականներից սկսած մենք առաջ ենք։ Հիմա մենք դա ենք էս կողմ-էն կողմ տանում»: Եվ մոտ 200 ք/կմ նրանք մեր տարածքում են։ Պաշտոնապես ասում եմ, որ դեռ 90-ականներից կան տեղեր, որտեղ մենք առաջ ենք…», — ասել էր նա։

ՀՀ ԱԺ խոսնակը նմանօրինակ հայտարարություն արել է նաև 2025 թվականի սեպտեմբերին, բայց այն ժամանակ օգտագործել է «ենթադրենք» բառը։ Ընդ որում, նա նախկին խորհրդային ժամանակաշրջանի անկլավներից բացի խոսում էր այլ տարածքների մասին։

Sputnik Արմենիան գրություն էր ուղարկել ՀՀ ԱԺ նախագահին հետևյալ հարցերով:

1. Ո՞վ / ո՞ր կառույցն է իրականացրել հաշվարկը։

2. Արդյոք հաշվարկը կատարվել է ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի 1974-1978 թթ. քարտեզների հիման վրա (որոնցով սահմանազատում է կատարվում), թե՞ հաշվի է առնվել Google-ի քարտեզում նշված սահմանը։

Sputnik Արմենիային ԱԺ խոսնակի գրասենյակից հայտնել են, որ ամբողջական տեղեկատվություն տրամադրելու համար «լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն է առաջացել», և պատասխանը կուղարկվի 30-օրյա ժամկետում։ Ավելի ուշ ԱԺ մամուլի ծառայությունից հորդորել են դիմել սահմանազատման հարցերով հանձնաժողով։

Հավելենք, որ Sputnik Արմենիան արդեն իսկ կապ է հաստատել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի հետ հարցի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար։ Հանձնաժողովից հրաժարվել են մեկնաբանել Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, միայն վկայակոչել են ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 2154-Ա որոշմամբ հաստատված աշխատակարգը։

«Հանձնաժողովներով ներկայացված պետությունների պաշտոնատար անձանց ցանկացած պաշտոնական հղում նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներին, որը դուրս է ԶԼՄ-ների համար հաղորդագրությունների բառացի բովանդակությունից, ինչպես նաև դրանց պարզաբանումները կամ մեկնաբանությունները չեն թույլատրվում և համարվում են անվավեր»,– հայտնել են ՀՀ փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման ՀՀ հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Հիշեցնենք` ավելի վաղ Sputnik Արմենիան հաշվարկել էր Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքների ծավալը և պարզել, որ Ալեն Սիմոնյանը տրամադրել է խիստ անճիշտ տվյալներ, կատարել է սխալ համեմատություն և փաստացի օրինականացրել է 2021-2022 թվականներին հայկական օկուպացված տարածքներից Ադրբեջանի զորքերը դուրս բերումից հրաժարվելը։