կարևոր
2272 դիտում, 1 օր առաջ - 2026-01-06 22:25
Աշխարհ

Թուրքիայի կողմից ազգային փոքրամասնությունների հալածա​նքները 1930-1941 թվականներին (մաս 2)

Թուրքիայի կողմից ազգային փոքրամասնությունների հալածա​նքները 1930-1941 թվականներին (մաս 2)

Սա Թուրքիայի կողմից հայերի, ասորիների, հույների և հրեաների հետապնդումների և մարդու իրավունքների համակարգված խախտումների երեք մասից բաղկացած հոդվածի երկրորդ մասն է, որը փաստագրել է թուրք պատմաբան Այշե Հյուրը.

1930 թ սեպտեմբերի 18. Թուրքիայի արդարադատության նախարար Մահմութ Էսաթ Բոզքուրթը հանդես եկավ իր հայտնի հայտարարությամբ. «Իմ կարծիքն ու համոզմունքն այն է, որ այս երկիրը բացառապես թուրքական է։ Նրանք, ովքեր զտարյուն թուրքեր չեն, թուրքական հայրենիքում ունեն միայն մեկ իրավունք՝ լինել ծառա, լինել ստրուկ»։

1930 թվականի հոկտեմբեր. քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ նորաստեղծ Ազատ Հանրապետական կուսակցության (SCF) ցուցակում ընդգրկված էին վեց հույն, չորս հայ և երեք հրեա թեկնածուներ, որի պատճառով իշխող Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (CHP) սկսեց կատաղի  քարոզարշավ՝ ուղղած ոչ մահմեդականների դեմ։ Կուսակցությունը ստիպված եղավ ինքնալուծարվել իր ստեղծումից ընդամենը 99 օր անց։ Սակայն  ոչ մահմեդականների նկատմամբ դժգոհությունը չդադարեց։

1932 թվականի հունիսի 11. ընդունվեց «Թուրքիայի քաղաքացիների համար նախատեսված արվեստի և ծառայությունների մասին» օրենքը, որն արգելում էր օտարերկրացիներին զբաղվել որոշակի մասնագիտություններով։ Օրենքը հատկապես ծանր հետևանքներ ունեցավ հույն քաղաքացիների համար՝ սահմանափակելով նրանց ազատ մասնագիտությունները, փոքր բիզնեսը և փողոցային առևտուրը։

1932 թվականի նոյեմբեր. Իզմիրի յուրաքանչյուր հրեա ստիպված եղավ ստորագրել պարտավորագիր՝ խոստանալով ընդունել թուրքական մշակույթը և խոսել թուրքերեն։ Նույնը կատարեցին նաև Բուրսայի, Քըրքլարելիի, Էդիրնեի, Ադանայի, Դիարբեքիրի և Անկարայի հրեաները։

1933 թվական. Թուրքիայի Մարդին քաղաքում գտնվող Ասորական պատրիարքությունը, չկարողանալով դիմակայել թաքուն և բացահայտ ճնշումներին, Մարդինից ժամանակավորապես տեղափոխվեց Սիրիայի Հոմս քաղաք՝ «համաձայն համայնքի ցանկությունների» և «գիտակցված անհրաժեշտության պատճառով»։ Սակայն այդ ժամանակից ի վեր այն այլևս հնարավորություն չունեցավ վերադառնալ։

1934 թ հունիսի 14. համաձայն «Բնակեցման մասին օրենքի»՝ երկիրը բաժանվեց երեք խմբի․ «թուրքական մշակույթ ունեցող և թուրքերեն խոսողներ» (իսկական թուրքեր), «թուրքական մշակույթ ունեցող, բայց թուրքերեն չխոսողներ» (քրդեր) և «թուրքական մշակույթ չունեցող ու թուրքերեն չխոսողներ» (ոչ մահմեդականներ և այլք)։ Հույներն ու հայերն Անատոլիայի տարբեր վայրերից տեղահանվեցին իրենց համար հարմար նկատվողշրջաններ։

1934 թվականի հունիսի 21 և հուլիսի 4. հակասեմական և ռասիստական գրություններով հրահրված ամբոխները հարձակվեցին Չանաքքալեի, Գելիբոլուի, Էդիրնեի, Քըրքլարելիի, Լյուլեբուրգազի և Բաբաեսկիի հրեաների վրա: Այս իրադարձությունների ընթացքում թալանվեցին հրեական տներ և խանութներ, կանայք բռնաբարվեցին և մի ռաբբին սպանվեց: CHF-ի (հետագայում վերանվանվեց CHP, Հանրապետական ժողովրդական կուսակցություն) Թրակիայի մասնաճյուղի կողմից կազմակերպված միջոցառումների արդյունքում 15 հազար հրեաներ ստիպված եղան փախչել այլ քաղաքներ և երկրներ՝ թողնելով իրենց ունեցվածքն ու գույքը: CHF-ի պատրաստած զեկույցի համաձայն՝ Թրակիայում և Չանաքքալեում ապրող 13 հազար հրեաներից 3 հազարը տեղափոխվել էին Ստամբուլ, իսկ շատերը կորցրել էին իրենց ունեցվածքը թալանի հետևանքով և վաճառել իրենց գույքը  ծայրահեղ չնչին գներով։

1937 թվականի հուլիսի 24․ «Ջումհուրիեթ» թերթում հրապարակված հայտարարության համաձայն՝ Անկարայի ռազմական անասնաբուժական դպրոց ընդունվելու պահանջներից մեկը՝ «թուրքական ծագում ունենալն» էր։

1938 թվականի օգոստոս. կառավարությունը հրապարակեց թիվ 2/9498 որոշումը, ըստ որի՝ «Հրեաներին, անկախ իրենց ներկայիս կրոնից, որոնք ենթարկվում են ճնշումների իրենց պետության տարածքում ապրելու և տեղաշարժվելու հարցում, արգելվում է մուտք գործել և բնակվել Թուրքիայում»։ Երկրի միակ պաշտոնական լրատվական գործակալությունում՝ «Անադոլու»-ում, աշխատանքից ազատեցին քսանվեց հրեա աշխատակիցների։ Թերթերում և ամսագրերում սկսվեց հոդվածների ու ծաղրանկարների հեղեղ, որտեղ երկրի տառապանքների համար սովորաբար մեղադրում էին փոքրամասնություններին, հատկապես՝ հրեաներին։ 

1938-1939 թվականներ. Անատոլիայի գյուղական վայրերում ապրող ոչ մահմեդականներին տեղափոխեցին խոշոր քաղաքային կենտրոններ՝ այն հիմնավորմամբ, թե նրանք կարող էին սպառնալիք հանդիսանալ ազգային անվտանգությանը մոտալուտ պատերազմի ժամանակ: Նրանք, ովքեր չէին կարողանում հարմարվել մեծ քաղաքների կենսապայմաններին, ստիպված էին արտագաղթել երկրից:

1939 թվականի հուլիս. Թուրքիայի կողմից Հաթայի [Իսքենդերուն] բռնակցման ժամանակ, տարածաշրջանի հայերը ճնշման պատճառով գաղթեցին Սիրիա։

1939 թվականի օգոստոսի 8. «Պարիտա» նավը, որը Եվրոպայի տարբեր վայրերից հավաքված 860 հրեա փախստական էր տեղափոխում Պաղեստին, ճանապարհին առաջացած խնդիրների պատճառով ստիպված եղավ ապաստան գտնել Իզմիրում։ Չնայած ուղևորների աղաչանքներին՝ «Սպանեք մեզ, բայց հետ մի ուղարկեք», օգոստոսի 14-ին նավը նավահանգստից դուրս բերվեց երկու ոստիկանական նավակների ուղեկցությամբ: Նավի հեռանալու պահին, CHP-ին մոտ կանգնած «Ուլուս» թերթը մի նյութ հրապարակեց՝ «Թափառող հրեաները լքեցին Իզմիրը» վերնագրով:

1939 թվականի դեկտեմբերի 28․ տեղեկանալով Երզնկայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի մասին, որը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլեց, Թել Ավիվի, Հայֆայի, Բուենոս Այրեսի, Նյու Յորքի, Ժնևի, Կահիրեի և Ալեքսանդրիայի հրեական համայնքները գումար և հագուստ հավաքեցին և ուղարկեցին Թուրքիա։ Սակայն թերթերում հայտնվեցին հոդվածներ և ծաղրանկարներ, որոնք ծաղրում էին հրեական այս  ժեստը և ենթադրում չարամիտ մտադրություն։

1940 թվականի դեկտեմբերի 12. «Սալվադոր» նավը, որը հայտնի էր որպես «լողացող դագաղ» (40 մարդու համար նախատեսված), Ռումինիայի Կոնստանցա նավահանգստից հասավ Ստամբուլ՝ տեղափոխելով 342 հրեա փախստականների: Չնայած պարզ էր, որ նավը ի վիճակի չէր նույնիսկ մեկ մղոն ճամփորդելու, թուրքական իշխանությունները ստիպեցին, որ այն շարունակի իր ճանապարհը: Հետևանքը ողբերգական էր. դեկտեմբերի 13-ին, Սիլիվրիի ափերի մոտ ուժեղ փոթորկի մեջ ընկնելով, «Սալվադոր» նավը խորտակվեց, իսկ նրա բեկորներում հայտնաբերեցին 219 դիակ:

1941 թվականի ապրիլի 22. ժանդարմները 12 հազար ոչ մահմեդական տղամարդկանց ուղարկեցին մոծակներով և մալարիայով լի ճամբարներ, որոնք տառապում էին խոնավությունից, ցեխից, ծայրահեղ շոգից և ջրի խիստ պակասից, զուրկ էին համապատասխան ենթակառուցվածքներից: Սերժանտների և սպաների՝ «Մոռացե՛ք Ստամբուլը» գոռոցները մնացին այդ շրջանը վերապրած բոլոր փոքրամասնությունների հիշողության մեջ։ Այս «զինվորները», որոնք հայտնի էին որպես 20-րդ պահեստազոր, ստիպված էին աշխատել ծանր աշխատանքային գումարտակներում, ինչպիսիք էին՝ թունելների շինարարությունը Զոնգուլդակում, Գենչլիկ այգու շինարարությունը Անկարայում, քարերի մանրացումը և ճանապարհաշինությունը Աֆյոն, Քարաբյուկ, Կոնիա և Քյութահիա նահանգներում։ Նրանք զորացրվեցին միայն 1942 թվականի հուլիսի 27-ին:

(շարունակելի)

Հարութ Սասունյան 

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Մաս 1՝ ԱՅՍՏԵՂ: