կարևոր
592 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-14 00:06
Հասարակություն

Իր ազգային փոքրամասնությունների դեմ Թուրքիայի շարունակական պատերազմի ժամանակագրությունը (1941-2007թթ.)

Իր ազգային փոքրամասնությունների դեմ Թուրքիայի շարունակական պատերազմի ժամանակագրությունը (1941-2007թթ.)

Թուրքիայի Հանրապետությունը հաճախ իրեն ներկայացնում է որպես քաղաքակրթությունների կամուրջ՝ մի երկիր, որը եզակիորեն տեղակայված է մայրցամաքների, մշակույթների և պատմությունների խաչմերուկում։ Սակայն այս հղկված պատմության հետևում թաքնված է շատ ավելի մտահոգիչ իրականություն․երկարատև,պետականորեն հաստատված խտրականություն և զանգվածային բռնություններ հույների, հրեաների և ասորիների նկատմամբ։ Այս ազգային փոքրամասնությունների համայնքները տարիներ շարունակ բախվել են այնպիսի քաղաքականությունների և գործողությունների, որոնք երկրի ներսում համակարգված կերպով զրկել են նրանց անվտանգությունից, արժանապատվությունից և գոյությունից։

Իմ հոդվածի երրորդ և եզրափակիչ մասում ներկայացված են 1941-2007 թվականներին իրականացված հալածանքներից մի քանիսը, որոնք փաստագրել է թուրք պատմաբան Այշե Հյուրը։

1941 թվականի դեկտեմբերի 15. թուրքական իշխանությունները չթույլատրեցինգերբեռնված «Ստրումա» նավին, որը տեղափոխում էր նացիստական հետապնդումներից փախչող 769 ռումինացի հրեաների Կոնստանցայից, ափ իջնել Ստամբուլում՝ Պաղեստին գնալու ճանապարհին: Երկուսուկես ամիս հիվանդության, սովի և մահվան պայմաններում մնալուց հետո «Ստրումա»-ն քարշակվեց ափից 23 մղոն հեռավորության վրա՝ առանց շարժիչի, վառելիքի, սննդի, ջրի կամ դեղորայքի: 1942 թվականի փետրվարի 24-ին այն տորպեդահարվեց և խորտակվեց անհայտ սուզանավի կողմից: Փրկվեց միայն մեկ ուղևոր:

1942 թվականի նոյեմբերի 11. վարչապետ Շյուքրու Սարաջօղլուի կառավարությունը սահմանեց հայտնի «Հարստության հարկը» փոքրամասնությունների վրա, որը տնտեսական հալածանքների ամենաաղաղակող օրինակներից մեկն է: Հարկ վճարողների 87%-ը ոչ մահմեդականներն էին: Հայ առևտրականները հարկվում էին իրենց կապիտալի 232%-ի չափով, հրեա առևտրականները՝ 179%-ի, հույն առևտրականները՝ 156%-ի, իսկ մահմեդական-թուրք առևտրականները՝ ընդամենը 4.94%-ի չափով: Նրանք, ովքեր չէին կարողանում վճարել իրենց հարկերը, ուղարկվում էին երկրի ներքին հարկադիր աշխատանքային ճամբարներ: «Հարստության հարկի ողբերգության» ժամանակ, որը տևեց մինչև 1944 թվականի մարտը, ընտանիքները կորցրեցին իրենց տները, բիզնեսները, իսկ որոշ դեպքերում՝ նաև կյանքը: Օրենքը ի վերջո չեղյալ հայտարարվեց, բայց պատճառված վնասը մնաց մշտական:

1946 թվական. առաջին անգամ համալսարանների ոչ մահմեդական շրջանավարտներին թույլատրվեց ծառայել բանակում որպես պահեստազորի սպաներ: Սակայն այդ ժամանակից ի վեր ոչ մի ոչ մահմեդական Թուրքիայի զինված ուժերում չի բարձրացվել  հրամանատարի կոչման:

1946թ. իշխող կուսակցությունը հրապարակեց մի սարսափելի ներքին զեկույց. «Մենք պետք է լուրջ միջոցներ ձեռնարկենք, հատկապես Ստամբուլի հույների դեմ… Մինչև 1953 թվականը՝ Ստամբուլի օսմանյան նվաճման 500-ամյակը, այս քաղաքում չպետք է մնա ոչ մի հույն»։ Զեկույցի համաձայն՝ «Անատոլիան նույնպես պետք է մաքրվի ոչ մահմեդականներից»։

1948թ. երբ հրեաները փորձեցին արտագաղթել նորաստեղծ Իսրայելի պետություն, իսկ հայերը՝ Խորհրդային Հայաստան, թուրքական կառավարությունը և նրա հավատարիմ մամուլը, որոնք տարիներ շարունակ ամեն ինչ արել էին նրանց վտարելու համար, սկսեցին հրապարակել հոդվածներ, որոնք արտագաղթել ցանկացողներին ներկայացնում էին որպես «դավաճաններ»։

1955 թվականի սեպտեմբերի 6-7-ը. տեղի ունեցան լայնածավալ, պետականորեն կազմակերպված ջարդեր, որոնց թիրախը հիմնականում Ստամբուլի հույն բնակչությունն էր։ Սակայն իրադարձությունները տարածվեցին նաև այլ քաղաքներում, ինչպիսիք են Իզմիրը, Ադանան և Տրապիզոնը։ Հայերն ու հրեաները նույնպես ենթարկվեցին հարձակման։ Որոշ աղբյուրների համաձայն՝ սպանվել է երեք մարդ, մյուսների համաձայն՝ 11, մոտ 300 մարդ վիրավորվել է, իսկ հարյուրավոր կանայք՝ բռնաբարվել։ Պաշտոնական տվյալներով՝ հարձակման է ենթարկվել ավելի քան 5300 շենք, մինչդեռ ոչ պաշտոնական տվյալներով՝ այդ թիվը հասնում է 7000-ի։ Վնասի գնահատականները տատանվում էին 150 միլիոնից մինչև մեկ միլիարդ լիրա։

1964թ. Հունաստանի հետ լարվածության սրման հետ մեկտեղ, Թուրքիան միակողմանիորեն չեղյալ հայտարարեց 1930 թվականին Թուրքիայի նախագահ Քեմալ Աթաթուրքի և Հունաստանի վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսի միջև ստորագրված «Բարեկամության պայմանագիրը»։ Թուրքիայում ծնված և մեծացած տասնյակ հազարավոր հույն քաղաքացիներ բռնի ուժով արտաքսվեցին։ Նրանց թույլատրվեց իրենց հետ վերցնել միայն մեկ ճամպրուկ և շատ փոքր գումար։ Հունական ծագում ունեցող թուրք քաղաքացիների հեռանալու հետ կապված հունական համայնքը հասցվեց ոչնչացման եզրին։

1974թ. Ստամբուլի Բալըքլիի հունական հիվանդանոցի հիմնադրամի տնօրենների խորհրդի և պետական գանձարանի միջև դատական գործընթացի վերաբերյալ Թուրքիայի Գերագույն դատարանի որոշմամբ Թուրքիայում ոչ մահմեդական քաղաքացիները պաշտոնապես դասակարգվեցին որպես «ոչ թուրքեր»։

1984թ. Փանարի հույն ուղղափառ պատրիարքարանը թույլտվություն խնդրեց փակել Հեյբելիադա աստվածաբանական ճեմարանը՝ նշելով, որ չի կարող ծածկել դրա ծախսերը: Սակայն, թուրքական կառավարությունը, որը մինչ այդ ամեն ինչ անում էր դպրոցը փակելու համար, մերժեց այս խնդրանքը՝ պնդելով, որ այն փակելը հնարավոր չէ Լոզանի պայմանագրով և այլ երկկողմ համաձայնագրերով ու «փոխադարձության սկզբունքով»: Այսօր, չնայած աշակերտներ չունենալուն, դպրոցի թուրք կառավարիչը, որը նշանակվել էր Ազգային կրթության նախարարության կողմից, ամեն օր ներկայանում է աշխատանքի: Պատրիարքարանը շարունակում է ծախսեր կատարել դպրոցը բաց պահելու համար:

1985 և 1990 թվականներ. եզդիները, որոնք երկրպագում են Սիրամարգ հրեշտակին, վտարվեցին իրենց տներից և ստիպված եղան զանգվածաբար գաղթել արևմտյան երկրներ, քանի որ հրաժարվեցին դառնալ գյուղական պահակներ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ։

2000-ականներ. Ազգային անվտանգության խորհրդի նիստերի կենտրոնական թեմաներից մեկը «միսիոներական գործունեության դեմ պայքարն» էր։

2003 թվականի նոյեմբերի 15. երկու թուրք իսլամիստ ահաբեկիչներ ինքնասպանական հարձակումներ իրականացրին Շիշլիի Բեթ Իսրայել և Գալաթայի Նևե Շալոմ սինագոգների վրա, որոնց հետևանքով զոհվեց 25 մարդ, այդ թվում՝ հարձակվողները, և վիրավորվեց ավելի քան 300 մարդ։

2006 թվականի փետրվարի 5. Տրապիզոնի Սանտա Մարիա կաթոլիկ եկեղեցու հայր Անդրեա Սանտորոն դանակահարվեց 16-ամյա թուրք տղայի կողմից։

2007 թվականի հունվարի 19. սպանվեց «Ակոս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։

2007 թվականի ապրիլի 18. Մալաթիայում յոթ թուրք ազգայնական երիտասարդներ ներխուժեցին քրիստոնեության վերաբերյալ աշխատություններ հրատարակող «Զիրվե» հրատարակչություն և դաժանորեն սպանեցին գրասենյակի երեք աշխատակիցների։

Տասնամյակներ շարունակվող խտրականության, սեփականությունից զրկելու և բռնությունների պատմությունը Թուրքիայի փոքրամասնությունների նկատմամբ մեկուսացված դեպքերի շարք չէ, այլ հետևողական պետական քաղաքականություն, որը վերաձևեց երկրի ժողովրդագրական և մշակութային պատկերը։ Հազարամյակներով Անատոլիայում արմատավորված հայերի, հույների, հրեաների, ասորիների և եզդիների համայնքները, օրենքների, ահաբեկման և բացահայտ դաժանության ճնշման տակ հասցվեցին չգոյության եզրին։ Նրանց թվաքանակի նվազումը պատահական չէր, այլ ծրագրված։
 

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

 

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 
 

Մաս 1՝ ԱՅՍՏԵՂ:  

Մաս 2՝ ԱՅՍՏԵՂ: