|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Սամվել դպիր Գրիգորյանը գրում է․
«Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ համախմբումը կանխում է եկեղեցու մասնատումը փոքր խմբավորումների, պաշպանություն է ընդդեմ պառակտման ու հերձվածի, որոնք կործանարար են հավատացյալների համար։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ազգի միասնության տեսանելի առանցքն է, և այդ միասնությունը հիմնված է ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍՈՎ, ԻՐ ՄԱՐՄՆԻ՝ Մայր Եկեղեցու մեջ։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի իշխանությունը կամայական իշխանություն չէ, այլ՝ առաքելական շնորհի փոխանցելիությունը գալիս է անընդմեջ շղթայով՝ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻՑ։ Նրան պաշտպանելը նշանակում է պաշտպանել Առաքելական ավանդությունը, մեր Առաքելահիմն Սուրբ Եկեղեցին, ուր գործում է Աստծո Սուրբ Հոգին։
Եկեղեցու նվիրապետությունն Աստվածային կարգ է։ Աստված տիեզերքում հաստատել է կարգ ու կանոն։ Եկեղեցու կառուցվածքը երկնային նվիրապետության (հիերարխիայի) արտացոլումն է երկրի վրա։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսանում է մեր հոգևոր հայրը, և եկեղեցու հայրապետն ու առաջնորդը։ Ինչպես անվերապահորեն պատվում ենք ծնողին՝ չնայած նրա մարդկային տկարություններին, այնպես էլ անվերապահորեն պատվում և հարգում ենք Ամենայն Հայոց հայրապետի կաթողիկոսական աստիճանը՝ անկախ անձի նկատմամբ նախասիրությունից: Աստված է պատվիրում. «Պատուի՛ր քո հօրն… որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ երկար ապրես այն երկրի վրայ, որ քո Տէր Աստուածը տալու է քեզ» (Բ Օր. 5:16):
Հոգևոր առաջնորդին հնազանդվելը մեծ հոգևոր առաքինություն է։ Առաքյալի հորդորն է. «Լսեցէ՛ք ձեր առաջնորդներին եւ հնազանդուեցէ՛ք նրանց» (Եբր. 13:7):
Եկեղեցական նվիրապետությանը հնազանդվելը ոչ թե կապանքներ ու ստրկություն են, այլ խոնարհություն, հեզություն և հպարտության ու եսակենտրոնության հաղթահարման ճանապարհ։ Սակայն միայն հնազանդություն և խոնարհություն ունենալու պայմանի պարագային է ներգործում Եկեղեցու մէջ ներկա Սուրբ Հոգին և առաքելական շնորհը: Քրիստոս Ինքն ասաց. «Սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ» (Մատթ. 11:29):
Եթե մենք չպաշտպանենք մեր եկեղեցին, ապա նշանակում է, որ մենք համաձայն ենք պառակտումներին ու հերձվածին, որ մեր առաքելական և ուղղափառ հավատքի ճշմարտությունները ենթարկվեն խիստ աղավաղման, և մեզ հեռացնեն մեր ուղղափառ հավատքից ու կորստյան տանեն մեր հոգիները։ Առաքելական և ընդհանրական եկեղեցին այն միջավայրն է, որտեղ Աստծո Սուրբ Հոգին պահպանում է հավատքի անխաթար դավանությունը։
ՔՐԻՍՏՈՍԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է: Տեր Հիսուսը խոստացել է, որ դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն (Մատթ. 16:17)։ Հետևաբար, եկեղեցու պաշտպանության կողմնակից լինելը նշանակում է լինել հաղթող կողմում։ Իսկ եկեղեցու դռները կոտրելը տանելու է կորստյան։
Հիշե՛ք, որ եկեղեցին սրբերի թանգարան չէ, այլ մեղավորների հոգևոր հիվանդանոց։ Եկեղեցու պաշտպանությունը անհրաժեշտ է, քանի որ այն միակ վայրն է, որտեղ մարդու հոգին բուժվում է մեղքից Սուրբ խորհուրդների միջոցով։
Եկեղեցու սուրբ հայրերը սովորեցնում են, որ հովվապետերին քննադատելու փոխարեն պետք է աղոթել նրանց համար, քանի որ նրանց պատասխանատվությունն ահռելի է, քանի որ «նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիւ են տալու ձեր փոխարէն» (Եբր. 13:7): Հետևաբար, Ամենայն Հայոց Կաթողիկոսի համար մշտապես աղոթելը շատ զորավոր ու անհրաժեշտ օգնություն է հայրապետի և Եկեղեցու միության համար։
Որպես Աստծո Օծյալ, Կաթողիկոսը թե՛ պետական, թե՛ աշխարհական, թե՛ մի խումբ հոգևորական մարդկանց համար անձեռնմխելի անձ է: Ո՛չ ոք, ո՛չ աշխարհական կառույցները, ո՛չ առանձին հոգևորականների խմբավորումները չեն կարող հանգստի ուղարկել կամ կարգալույծ հռչակել Կաթողիկոսին: Հանգստի ուղարկելու բոլոր կոչերը շինծու են, դավադիր, տիրադավ և չեն բխում մեր Եկեղեցու որևէ կանոնից»: