|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Սամվել դպիր Գրիգորյանը գրում է․
«ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ ՀԱԿԱԿԱՆՈՆԱԿԱՆ «ՊԱՏԱՐԱԳ» ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ
Հանուն արդարության պետք է նշել, որ ևս մեկ հակականոնական «պատարագ» է մատուցվել Ս.Հարության տոներին` Ճրագալույցին Երևանի Ս.Սարգիս եկեղեցում:
Խոտորյալ տ․Արարատ քահանան որերրորդ անգամ Ս․Պատարագին զեղչել է ոչ միայն Վեհափառ Հայրապետի անունը, այլև հենց իր թեմի փոխանորդի անունը, այն էլ՝ նրա ներկայությամբ։ Ենթադրում եմ, որ թեմի փոխանորդ «բարենորոգիչ» Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը նախապես տեղյակ է եղել, կամ հենց ինքն էլ հրահանգել է այդ կերպ վարվել։
Այնուամենայնիվ, պարզելու համար ճշմարտությունը, եկեք հրապարակավ նրան մի քանի հարց ուղղենք.
1․ Դուք հաշտ և համերա՞շխ եք, երբ ձեր իսկ ներկայությամբ զեղչվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ձեր՝ որպես թեմի փոխանորդի անունները։
2․ Ինչու՞ միանման մոտեցում չի ցուցաբերվում թեմի առաջնորդանիստ եկեղեցում պատարագիչների կողմից բոլոր Պատարագների ընթացքում և ինչպե՞ս ընդհանրապես կարող է զեղչվել Արարատյան Հայրապետական թեմում Հայրապետի անունը: Դուք սա ինչպե՞ս եք գնահատում:
3․ Դուք այս տարվա Սուրբ Ծննդյան Պատարագին ինչու՞ չեք զեղչել Վեհափառ Հայրապետի անունը, մինչդեռ ձեր քահանաները ձեր ներկայությամբ ու լուռ համաձայնությամբ բազմիցս զեղչել են։
4․ Դուք տեղյա՞կ եք, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցները իրենց հայտարարությամբ (հղումը` տես մեկնաբանությում) հորդորել են ԽՈՏՈՐՅԱԼ ութ սրբազաններին (որոնցից մեկը ենթադրվում է դուք եք)․
4․1․ Գործել Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդեպ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԻ և ծառայական կոչման գիտակցությամբ:
4․2․ Ներեկեղեցական կյանքին առնչվող խնդիրներն արծարծել և լուծել ԲԱՑԱՌԱՊԵՍ Եկեղեցու լիազոր ատյաններում:
4․3․ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ հակականոնական գործողություններից, ջլատող քայլերից ու անջատողական դրսևորումներից, որոնք սպառնում են առաջացնել հերձված՝ տկարացնելով Եկեղեցու առաքելությունը մեր հավատավոր ժողովրդի կյանքում։
4․4․ Սուրբ Պատարագներին Վեհափառ Հայրապետի անվան հիշատակության հատվածի զեղչումը որևէ հիմնավորմամբ համարել են եկեղեցաբանորեն ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ և ուղիղ հարված Սուրբ Էջմիածնի միաբանությանը և Հայոց Եկեղեցու միասնությանը։
4․5․ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ են նկատել արտաքին պարտադրանքի ներքո բարենորոգման որևէ շարժում՝ հրամայական անհրաժեշտություն նկատելով Հայ Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և բարեկարգության աշխատանքներն իրականացնել ՄԻՄԻԱՅՆ եպիսկոպոսաց ժողովում և եկեղեցական կանոնական բարձրագույն մարմիններում։
4․6․ ՎԵՐԱՀԱՍՏԱՏԵԼ են իրենց հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ որպես տեսանելի խորհրդանիշ և երաշխիք Եկեղեցու միության, հաշտության ու համերաշխության, քանզի «Աստված խռովության Աստված չէ, այլ՝ խաղաղության» (
Ա Կորնթ. ԺԴ 33)։
5․ Դուք գիտակցու՞մ եք, որ եպիսկոպոսները ձեր գործողությունները գնահատել են որպես հերձված առաջացնող սպառնալիք, որը տկարացնում է Եկեղեցու առաքելությունը մեր հավատավոր ժողովրդի կյանքում։
6․ Դուք գիտակցու՞մ եք, որ 2025թ. նոյեմբերի 25-ին հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողովի որոշումները, որին կարծեմ դուք էլ եք մասնակցել, ոչ-ոք չի չեղարկել։ Ըստ այդմ ձեր՝ որպես հակականոնական պատարագի հովանավորյալի և տ․Արարատի՝ որպես պատարագիչի «գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով» (հղումը` տես մեկնաբանությունում):
7․ Դուք գիտակցու՞մ եք, որ ձեր արարքների պատճառով ձեզ վստահված հավատացյալ հոտի մի մասը գայթակղվել ու ցրվել է, որի համար հաշիվ պետք է տաք Ահեղ ու Անաչառ Դատավորին։
8․ Արդյոք չե՞ք կարծում, որ Մեծ պահքը լավագույն առիթն էր լսելու մեր եպիսկոպոսների հորդորներին, զղջալու, չտրվելու այլևս պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանելու միաբանության ոգին՝ հանուն Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու անսասանության և առավել զորացման, որը սակայն չարվեց ձեր և մյուս խոտորյալ սրբազանների կողմից։
9․ Իսկապե՞ս չեք պատկերացնում, որ ձեր որդեգրած ծրագիրը ոչ թե Եկեղեցու խնդիրները լուծելն է, այլ Կաթողիկոսին գահընկեց անելուց հետո նվիրապետական համակարգի կազմաքանդումը, ՈւՂՂԱՓԱՌՈւԹՅՈւՆԻՑ հրաժարումը, Եկեղեցու աշխարհիկացումը, ինքնակառավարման մեխանիզմների չեղարկումը, օտարածին ուսմունքների ներմուծումը և այլն: Միթե՞ դա դուք չեք տեսնում ձեր արքեպիսկոպոսական բարձրությունից, թե՞ միտումնավոր մոլորեցնում եք մարդկանց:
10․ Վերջում ամենակարևոր ՀՈԳԵՎՈՐ ՀԱՐՑԸ․ դուք գիտակցու՞մ եք, որ Մայր Եկեղեցու իշխանությամբ ձեզ, մյուս խոտորյալներին և «բարենորոգիչներին» քահանայական և եպիսկոպոսական ձեռնադրության խորհրդով տրված Աստծո շնորհը ձեր սեփականությունը չէ։ Այն գործում է բացառապես Եկեղեցու նվիրապետության սահմաններից ներս, այն էլ միայն խոնարհության և հնազանդության պայմաններում և կարող է ձեզանից ետ վերցվել այդ նույն իշխանությամբ։
Հ․Գ․ Ցավակցում եմ հակականոնական «պատարագի» մասնակից սարկավագ-դպիրներին, ովքեր իրենց մասով «Գոհության» աղոթքի ժամանակ զեղչելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի և թեմի փոխանորդի անունները կամա թե ակամա մասնակից են դարձել պառակտիչ քայլերին և հավատացյալներին «դատարկ բաժակի» մատուցմանը։ Իրենց խորհուրդ կտամ կարդալ սարկավագ-դպիրներին ուղղված ուղերձը և խորհել (տես՝ մեկնաբանություններում)»։