|
Փոխարժեքներ
06 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Այսօր՝ ապրիլի 4-ին, բոլոր եկեղեցիներում մատուցվեց Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ:
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվեց առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ, տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը: Ս. Պատարագին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, ՀՀ պաշտպանության նախարար և ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու ջրօրհնեքի խաչքավոր Սեյրան Օհանյանը տիկնոջ հետ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Պատարագիչը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանն էր:
Հընթացս Ս. Պատարագի հայր սուրբն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը Սուրբ Հարության տոնի առթիվ, ապա հավուր պատշաճի քարոզ խոսեց: Ճրագալույցի Ս. Պատարագի վերջում ի լուր աշխարհի տրվեց Սուրբ Հարության Ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Հավարտ Ս. Պատարագի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվեց տնօրհնեքի արարողություն: Ճրագալույցի Ս. Պատարագից հետո, ավանդույթի համաձայն, հավատացյալները Սուրբ Սեղանից իջեցրած կանթեղից վառված մոմեր տարան՝ իրենց ընտանիքներին Տիրոջ լույսն ու Հարության լուրը փոխանցելու: Ստանալով Տ. Նավասարդ Սրբազանի օրհնությունը՝ թեմի երիտասարդները արդեն երկրորդ անգամ «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթ իրականացրին: Հազարավոր հայորդիներ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց վառվող կանթեղներով ու շարականների երգեցողությամբ քայլեցին մինչև Հանրապետության հրապարակ: Քարե գորգի վրա խաչի տեսքով կանգնելով՝ նրանք Սուրբ Հարության Ավետիսը տվեցին:
Երթին մասնակցում էին Արարատյան Հայրապետական թեմի, ՀՀԿ և ՀՅԴ կուսակցությունների երիտ. թևերի, Հայաստանի ազգային սկաուտական շարժման, երիտասարդական հասարակական տարբեր կազմակերպությունների անդամներ, զինվորներ, ոստիկանական ակադեմիայի սաներ: