|
Փոխարժեքներ
06 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.25 |
| EUR | ⚊ | € 422.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.4889 |
| GBP | ⚊ | £ 493.08 |
| GEL | ⚊ | ₾ 139.83 |
Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․
«ԻՆՉՈ՞Ւ ՀԱՄԱԽՄԲՎԵԼ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՈՒՐՋ
1. Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ համախմբումը կանխում է եկեղեցու մասնատումը փոքր խմբավորումների, պաշտպանություն է ընդդեմ պառակտման ու հերձվածի, որոնք կործանարար են հավատացյալների համար։
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ազգի միասնության տեսանելի առանցքն է, և այդ միասնությունը խարսխված է ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ վրա, ԻՐ ՄԱՐՄՆԻ՝ Մայր Եկեղեցու մեջ։
3. Ամենայն Հայոց Կաթողիկոսի իշխանությունը կամայական իշխանություն չէ, այլ՝ առաքելական շնորհի փոխանցումն անընդմեջ շղթայով գալիս է ՔՐԻՍՏՈՍԻ սուրբ առաքյալներից։ Նրան պաշտպանելը նշանակում է պաշտպանել Առաքելական ավանդությունը, մեր Առաքելահիմն Սուրբ Եկեղեցին, ուր գործում է Աստծո Սուրբ Հոգին։
4․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը սոսկ վարչական պաշտոնյա չէ, այլ Եկեղեցու նվիրապետական կառույցի, միասնության և հաջորդականության գլխավոր մարմնավորումը։ Ուստի, հարձակումը Գահակալի դեմ ուղղակի հարձակում է հենց Եկեղեցու հաստատության դեմ։
5. Եկեղեցու նվիրապետությունն Աստվածային կարգ է։ Աստված տիեզերքում հաստատել է կարգ ու կանոն։ Եկեղեցու կառուցվածքը երկնային նվիրապետության (հիերարխիայի) արտացոլումն է երկրի վրա։
6. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիսանում է մեր հոգևոր հայրը, և Հայ Եկեղեցու հայրապետն ու առաջնորդը։ Ինչպես անվերապահորեն պատվում ենք ծնողին՝ չնայած նրա մարդկային տկարություններին, այնպես էլ պատվում և հարգում ենք Ամենայն Հայոց հայրապետի կաթողիկոսական աստիճանը՝ անկախ անձի նկատմամբ համակրանքից կամ նախասիրությունից: Աստված է պատվիրում. «Պատուի՛ր քո հօրն… որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ երկար ապրես այն երկրի վրայ, որ քո Տէր Աստուածը տալու է քեզ» (Բ Օր. 5:16):
7. Հոգևոր առաջնորդին հնազանդվելը մեծ հոգևոր առաքինություն է։ Առաքյալի հորդորն է. «Լսեցէ՛ք ձեր առաջնորդներին եւ հնազանդուեցէ՛ք նրանց» (Եբր. 13:17):
8. Եկեղեցական նվիրապետությանը հնազանդվելը կապանք ու ստրկություն չէ, այլ խոնարհություն, հեզություն և հպարտության ու եսակենտրոնության հաղթահարման ճանապարհ։
9. Հնազանդությունն ու խոնարհությունն այն պայմաններն են, որոնցում հավատացյալն ընդունում և պտղաբեր է դարձնում Եկեղեցում գործող Սուրբ Հոգու շնորհները։ Քրիստոս Ինքն ասաց. «Սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ» (Մատթ. 11:29):
10. Եթե մենք չպաշտպանենք մեր Եկեղեցին, ապա նպաստում ենք պառակտմանն ու հերձվածին և թույլ տալիս, որ աղավաղվեն մեր առաքելական ու ուղղափառ հավատքի ճշմարտությունները, ինչի հետևանքով մարդիկ կարող են հեռանալ ճշմարիտ հավատքից։
11. Առաքելական, ուղղափառ և ընդհանրական մեր Մայր Եկեղեցին այն միջավայրն է, որտեղ Աստծո Սուրբ Հոգին պահպանում է հավատքի անխաթար դավանությունը։
12. ՔՐԻՍՏՈՍԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է։ Տեր ՀԻՍՈւՍ ՔՐԻՍՏՈՍ խոստացել է, որ դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն (Մատթ. 16:18)։ Հետևաբար, ՔՐԻՍՏՈՍԻ եկեղեցու պաշտպանության կողմնակից լինելը նշանակում է լինել Աստծո հաղթող բանակում։ Իսկ եկեղեցու դեմ ապստամբելը տանում է կործանման։
ՀԻՇԵ՛Ք․ Եկեղեցական աստիճանի նկատմամբ արհամարհանքն ու անպատվությունը մեղք են, իսկ այդ մեղքի հոգևոր հետևանքը, եթե չկա ճշմարիտ զղջում և ապաշխարություն, Աստծուց հեռանալն է։ Իսկ անտարբերությունը, լռությունն ու անտարբեր ձևանալը գաղջություն են՝ մեղքին համաձայնություն և մեղսակցություն։
Եվ վերջապես եղբայրներ․ «Արթո՛ւն կացեք, հաստատո՛ւն մնացեք հավատքի մեջ, քաջալերվեցե՛ք և զորացե՛ք։ Ձեր ամեն ինչը սիրո՛վ թող լինի» (Ա Կորնթացիներ 16:13-14)»: