կարևոր
658 դիտում, 50 րոպե առաջ - 2025-12-05 18:58
Հասարակություն

Արտակարգ դեպք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. օպերբաժնի պետը խմբակային մարդ է ծեծել. 168.am

Արտակարգ դեպք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. օպերբաժնի պետը խմբակային մարդ է ծեծել. 168.am

168.am տեղեկություններով՝ երեկ արտառոց, սկանդալային դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ), որը ծածկադմփոց է արվել Քրեակատարողական ծառայության (ՔԿԾ) կողմից։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի պետ Կարեն Գրիգորյանը իր աշխատասենյակում բաժնի օպերատիվ ծառայողների (անուններն այս պահին չենք հրապարակում.- Ա.Վ.) հետ ծեծի են ենթարկել ռեժիմի աշխատակիցներից մեկին (անունը հասկանալի պատճառներով առայժմ չենք հրապարակում.- Ա.Վ.)՝ ծեծն ուղեկցելով այլանդակ հայհոյանքներով:

Մեր տեղեկություններով՝ սա ամենևին առաջին դեպքը չէ. այդ անձինք մշտապես հայհոյում, վիրավորում ու ծեծի են ենթարկում ՔԿ հիմնարկի աշխատակիցներին, և նրանցից շատերն աշխատանքից ազատվել են հենց այդ պատճառով:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի «գողականններին» թևեր, մեր աղբյուրի փոխանցմամբ, տալիս են ՔԿԾ վերնախավից: Մեծ ցանկության դեպքում ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանը կարող է պարզել՝ ով է ՔԿԾ այն բարձրաստիճան պաշտոնյան, ում հովանավորությամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տիրում են ստրկատիրական բարքեր, տերն ու ծառայի հոգեբանություն ու տերթոդիկյան վարք։

Հետաքրքիր է՝ իսկ ՔԿԾ օպերատիվ վարչության պետը, օպերատիվ աշխատանքները համակարգող ՔԿԾ պետի տեղակալ Սահակ Գրիգորյանը տեղյակ չե՞ն այս իրավիճակից, չգիտե՞ն՝ ինչ է տեղի ունենում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, թե՞ գիտեն, բայց աչք են փակում։

Աղբյուրը՝ 168.am