կարևոր
520 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-04 16:17
Հասարակություն

Սոցիալիստական ինտերնացիոնալն ընդունել է Արցախի վերաբերյալ բանաձև

Սոցիալիստական ինտերնացիոնալն ընդունել է Արցախի վերաբերյալ բանաձև

Նոյեմբերի 28-ից 30-ը Մալթայում, իշխող Partit Laburista կուսակցության հյուրընկալմամբ, Սոցիալիստ ինտերնացիոնալի (Ընկերվար միջազգայնական) Խորհուրդը գումարել է խորհրդի նիստեր։ Նախքան Խորհրդի նիստը, կազմակերպության մի շարք կոմիտեներ, ինչպես նաև նախագահությունն անցկացրել են ժողովներ։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացնող Մարիո Նալբանդյանը մասնակցել է խորհրդի եւ կազմակերպության ֆինանսական եւ վարչական կոմիտեի նիստերին եւ, որպես Սոցիալիստական ինտերնացիոնալի փոխնախագահ, Նախագահության նիստին եւ պաշտոնական ընթրիքին։

Համաժողովին մասնակցում էին տարբեր երկրների վարչապետեր եւ բարձրաստիճան  ներկայացուցիչներ, այդ թվում՝ Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելան, ինչպես նաեւ Իսպանիայի վարչապետ եւ Սոցիալիստական ինտերնացիոնալի նախագահ Պեդրո Սանչեսը։ Քննարկումների առանցքային օրակարգը հառաջացած մարտահրավերների խորապատկերին գլոբալ զարգացումներում կայունություն եւ խաղաղություն խթանելու Սոցիալիստական ինտերնացիոնալի դերակատարման  հարցն էր։

Ելույթ ունենալով խորհրդի նիստում՝ ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանը, մասնավորապես, ասել է. «Երկու շաբաթ առաջ Սոցինտերնի գլխավոր համակարգողից ստացել էի հրավեր՝ հանդես գալու մարդու իրավունքների մասին ելույթով։ Մեզ համար հստակ է՝ այս դարաշրջանը լեցուն է անորոշություններով եւ նոր մարտահրավերներով։ Բազմամշակութայնությունը դարձել է թիրախ, Միավորված Ազգերի Կազմակերպությունը ենթարկվում է շարունակական եւ ծրագրված հարձակումների, եւ Միացյալ Նահանգները որոշել է նվազեցնել իր ֆինանսական մասնակցությունը եւ վճարել ուշացումներով՝ առաջացնելով լուրջ ու տխուր հետեւանքներ, եւ սա իհարկե միակ դեպքը չէ։ Հատկապես ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը դարձել է այս հարձակումների հիմնական թիրախը, եւ սա պատահական չէ։ Երբ միջազգային հանրությունը սպասում էր եւ հայտարարում, որ 21-րդ դարը պետք է լինի առանց ցեղասպանությունների դարաշրջան, 2023 թվականին ցեղասպանությունների կանխարգելման ՄԱԿ-ի հատուկ զեկուցաբեր Ալիս Նդերիտուն հայտարարեց՝ ցեղասպանությունների ընթացքը շարունակվում է Մյանմարում, Սուդանում, Էթիոպիայում, Արցախում, Գազայում եւ Իսրայելում։ Մինչ այժմ ոչ մի մեղավոր պատասխանատվություն չի կրել։

Մարդու իրավունքների մասին խոսելիս, պետք է նաեւ հիշատակեմ անթույլատրելի եւ կեղծ «Բաքվի դատավարությունները», որոնք տեղի են ունենում հայ ռազմագերիների եւ պատանդների դեմ՝ առանց միջազգային օրենքների նվազագույն երաշխիքների, առանց միջազգային դիտորդների եւ անկախ մամուլի ներկայության՝ անտեսելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, Եվրախորհրդարանի բանաձեւերը եւ բազմաթիվ մասնագետների գնահատականները, ինչը վկայում է, որ ուժը գերազանցում է օրենքին։ Այսօր Բաքվում դատվում են 23 հայեր՝ ներառյալ մեր սիրելի ընկեր ու կուսակցության ղեկավարներից Դավիթ Իշխանյանը։ Համենայն դեպս, կան նաեւ այլ անձինք, որոնց ճակատագիրը մինչ այժմ բացահայտված չէ։

Այսօր նրանց եւ ցեղասպանության ենթարկված բոլոր ժողովուրդների մասին հիշելով՝ դարձնում ենք նրանց պայքարը տեսանելի եւ հիշեցնում աշխարհին՝ նրանց հարցը դեռ կենդանի է եւ սպասում է արդարության»։

Նոյեմբերի 30-ին Սոցիալիստական ինտերնացիոնալը ընդունել է մի քանի բանաձեւեր, որոնցից մեկը՝ «Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջ իրավիճակի մասին»։

Բանաձեւում ասվում է.

«Սոցիալիստական ինտերնացիոնալը հաստատում է՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն ապահովելու համար պետք է հաշվի առնվեն մի շարք կարևոր չափորոշիչներ։ Պատերազմական միջոցներով իրավիճակը չի կարող կարգավորվել, եւ գործընթացը պետք է հաջողություն ունենա միայն այն դեպքում, երբ այն ներառում է.

ա) Լեռնային Ղարաբաղից 2020 թվականի պատերազմից հետո եւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին բոլոր տեղահանվածների կամավոր, անվտանգ, արժանապատիվ, անխոչընդոտ ու միջազգայնորեն երաշխավորված վերադարձի ապահովումը։

բ) Բաքվում գտնվող 23 մնացած հայ գերիների անմիջական ազատ արձակման խթանումը՝ ներառյալ Դավիթ Իշխանյանի (Սոցիալիստ ինտերնացիոնալի 26-րդ Կոնգրեսի մասնակից, Մադրիդ, 2022)։ Բաքվի ռազմական դատարանում տեղի ունեցող փակ եւ քաղաքական շարժառիթներով դատական ընթացակարգերի թափանցիկության ապահովումը միջազգային ստանդարտներին համապատասպանեցումը։

գ) Լեռնային Ղարաբաղում հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության ոչնչացման կամ աղավաղման կարգավորումը՝ պահպանելով տարածաշրջանի պատմական ժառանգությունը։

Սոցիալիստական ինտերնացիոնալը շարունակում է մնալ հանձնառու՝ կառուցողական երկխոսություն խթանելու եւ աջակցելու լայնածավալ, ընդգրկուն ու շարունակական խաղաղության, որը հիմնված է արդարության, մարդու իրավունքների եւ բոլոր ժողովուրդների արժանապատվության պահպանման վրա»։

Սոցիալիստական ինտերնացիոնալը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է սոցիալ-դեմոկրատական, սոցիալիստական եւ աշխատավորական կուսակցություններ։ Այն միավորում է 132 քաղաքական կուսակցություններ եւ կազմակերպություններ ավելի քան 100 երկրներից՝ բոլոր մայրցամաքներից։ ՀՅ Դաշնակցության համապատասխան կառույցները լիիրավ անդամներ են Սոցիալիստ ինտերնացիոնալ կանանց (SIW) եւ Սոցիալիստ երիտասարդության համաշխարհային միության (IUSY) մեջ։

 

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

                                                                                                04 դեկտեմբերի 2025 թ