կարևոր
388 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-25 19:10
Հասարակություն

Երևանում օդն այնքան է աղտոտված, որ տպավորություն է, թե քաղաքում մշտապես մառախուղ է. ահազանգում է Գառնիկ Դանիելյանը

Երևանում օդն այնքան է աղտոտված, որ տպավորություն է, թե քաղաքում մշտապես մառախուղ է. ահազանգում է Գառնիկ Դանիելյանը

Վերջին տարիներին հատկապես մայրաքաղաքի բնակիչները անհանգստացած են օդի աղտոտվածության բարձր մակարդակով: Երեկ ու այսօր էլ Ավան և Նորք վարչական շրջանների բնակիչներից շարունակաբար ստանում եմ ահազանգեր առ այն, որ նույն խնդրով պայմանավորված՝ վախենում են անգամ դուրս թողնել իրենց երեխաներին: Այս մասին հրապարակած տեսանյութին կից գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը:

«Օդն այնքան է աղտոտված, որ տպավորություն է, թե քաղաքում մշտապես մառախուղ է:

Մինչև ե՞րբ են քաղաքային իշխանությունները աչք փակելու ստեղծված իրավիճակի շուրջ:

Բազմաթիվ ուսումնասիրություններ փաստում են, որ օդի մեջ փոշու մանր մասնիկների քանակությունը գերազանցում է թույլատրելի շեմը:

Ըստ որոշ տվյալների, օդի աղտոտվածության թույլատրելի նորման վերջին տարիներին գերազանցվել է 5-7 անգամ:

Սա պետք է ընդունել որպես ահազանգ: Օդի աղտոտվածության բարձր մակարդակը խիստ վտանգավոր կարող է անդրադառնալ հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, տարեցների, հղիների առողջության վրա:

Այս ամենի ֆոնին, մայրաքաղաքում շարունակվում են մասսայական ծառահատումները:

Պատկան մարմինները միլիոնավոր դոլարներ են ծախսում համերգների, փառատոնների վրա, մինչդեռ, լավ կլիներ զվարճացնելուց զատ նույն «սրտացավությունը» ցուցաբերեին, նախևառաջ, հանրության առողջության պահպանման հարցերում:

Մանավանդ, երբ ունենք քաղցկեղի տարածման ահագնացող ցուցանիշներ»: