|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.57 |
| EUR | ⚊ | € 439.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.7033 |
| GBP | ⚊ | £ 498.34 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Փոքրիկ Տիգրանի մահը մի ամբողջ անկատար համակարգի, ոչ սրտացավ մարդկանց ու ապաինստիտուցիոնալացման սխալ, ծայրահեղ, հիվանդագին մոտեցման հետևանք է։ Սա ահազանգ է մարդկային անտարաբերության, ոլորտի մասնագետների անկարողության մասին»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Աննա Սաֆարյանը։
Նա համոզված է, որ Տիգրանի սպանությանն այդ ընտանիքում նախորդել են բռնություններ, ընտանիքում եղել է ոչ առողջ մթնոլորտ, սակայն շատերը՝ հարևան, բարեկամ, համայնքի ղեկավար և այլք, աչք են փակել այդ երևույթների վրա։
Մինչդեռ դրանք կանխարգելելուն ուղղված բարեփոխումների մասին տարբեր շրջանակներ երկար խոսում են, քննարկում, ու միշտ դրանց հաջորդում են քիչ գործողություններ։
«Չնայած անընդհատ ներդրվող ջանքերին, մենք դեռ չունենք լիարժեք և առողջ համակարգ երեխայի պաշտպանության համար: Հաճախ ընտանիքների հետ աշխատող մասնագետները չունեն բավարար հմտություններ բարդ դեպքերով աշխատելու համար: Նախընտրում են աչք փակել, ասել «բարդ է», կամ «մարդը չի ուզում, որ օգնենք»: Խնդիրները հաղթահարելու համար աղքատ ու խոցելի ընտանիքներին հագուստ ու սնունդ տալով միայն հատվածային օգնությունը լուծում չի: Սրտացավությունը և աչք չփակելն են հենց երեխայի լավագույն շահին են ծառայում, ոչ թե իրավական ակտերում անորոշ ձևակերպումներ մտցնելը»,-նշեց երեխաների իրավունքների պաշտպանությամբ տարիներ շարունակ զբաղվող մասնագետը։
Սաֆարյանն ընդգծեց՝ երեխաների հետ կապված նման ողբերգական դեպքերի պարագայում շատերը սկսում են մեղավորներ փնտրել, մինչդեռ երեխայի բռնությանը կամ այլ դեպքին ականատես լինելիս բոլորս փորձում ենք անտեսել այն, մեզանից այն կողմ հրել, մեղադրել զոհին։
«Եթե մենք նայում ենք փոքրիկ Տիգրանի ողբերգական դեպքին, իհարկե, չխախտելով անմեղության կանխավարկածը, տեսնում ենք, որ ընտանիքում բազմապրոֆիլ խնդիրներ կան։ Նույնիսկ եթե երեխայի մահը չլիներ, ապա մենք տեսնում ենք, որ կան երեխաներ, որոնք ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում։ Վստահ եմ, որ համայնքի ղեկավարը, մյուսները տեղյակ են եղել խնդիրների մասին, բայց աջակցությունը, որպես կանոն, միշտ լինում է իրավիճակային»,-ընդգծեց Աննա Սաֆարյանը։
Նրա խոսքով, նման ընտանիքների հետ անհրաժեշտ է մասնագետի տևական աշխաատնք, իսկ մեր երկրում սոցիալական աշխատողները շատ ծանրաբեռնված են, զուրկ աշխատանքային բավարար պայմաններից, շատ դեպքերում նաև համապատասխան հմտություններից։
Հաջորդ խնդիրը ապաինստիտուցիոնալացման ծայրահեղացումն է։
«Մենք երկար տարիներ խոսում ենք ապաինստիտուցիոնալացման անհրաժեշտության մասին, ես ինքս էլ կարծում եմ, որ երեխայի համար լավագույն տեղը, այո, ընտանիքն է, ընտանեկան միջավայրը։ Բայց շատ հաճախ ես նկատում եմ, որ ունենում ենք դեպքեր, երբ ապաինստիտուցիոնալացման ծայրահեղացումը հանդես է գալիս որպես արդարացում, որ կտրուկ քայլեր չձեռնարկենք, երեխային ընտանիքից չհեռացնենք։ Եթե մենք տեսնում ենք, որ կենսաբանական ընտանիքն ի վիճակի չէ ապահովել երեխայի համար ընտանեկան միջավայրը, աշխարհում կա փորձ, որ երեխային պետք է ժամանակավոր հեռացնեք, բարելավվես ընտանիքի սոցիալական պայամնները, կենսապայմանները, կայունացնես, հետո երեխային վերադարձնես ընտանիք՝ զուգահեռաբար մշտական վերահսկողության ներքո պահես»,-նշեց իրավապաշտպանը։
Երեկ հայտնի դարձավ, որ սպանված Տիգրանի եղբայրներն ու քույրը տեղափոխվել են ՀՕՖ-ի կենտրոն։
Սաֆարյանի գնահատմամբ, Հայաստանում փորձում են զարգացնել երեխայի խնամքի այլընտրանքային տեսակներ՝ խնամակալություն, խնամատարություն, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ ուղղությամբ քայլերը բավարար չեն։ Հանրապետությունում գործող շուրջօրյա խնամքի մի քանի կենտրոնները խիստ ծանրաբեռնված են։
«Սա խոսում է այն մասին, որ համակարգի տարբեր կոմպոնենտներ չեն կարողանում իրար փոխլրացնել, քանի որ դրանցից յուրաքանչյուրն ունի իր խնդիրները, մի տեղ կա մասնագետների պակաս, մի տեղ՝ ռեսուրսների պակաս, մի տեղ ծայրահեղացում է։ Արդյունքում մենք նման ողբերգական դեպքերի ժամանակ բուռն քննարկում ենք, հետո հանդարտվում։ Հիմա ժամանակն է ավելի գործուն քայլերի անցնել»,-ընդգծեց Սաֆարյանը։
Մասնագետը հասկանում է՝ համակարգ փոխելը հեշտ չէ, բայց պետք է այդ գործում լինել հետևողական ու հաստատուն, ոչ հատվածային քայլերով առաջ գնալ։ Մինչդեռ վերջին տարիներին մի համակարգը դեռ չկայացած, որոշում է կայացվում՝ կիսատ թողնել, նորին անցնել։
«Մենք արդեն հոգնել ենք ասելով, որ Խնամակալության և հոգաբարձության մարմինները չաշխատող, անիմաստ կառույցներ են։ Նստում են, քննարկումներ են անում հիմնականում կենցաղային մակարդակի, եթե Երևանում կարող է լինեն մասնագիտական տարրեր, ապա մարզերում այդ ամենը շատ կենցաղային մակարդակի վրա են, բոլորն իրար ճանաչում են, չեն ուզում մեկին այսպես ասած վատություն անել, արդյունքում ոչ մի երեխայի խնդիր այդ հարթակներում չի լուծվում։ Եվ մենք բավականին երկար ժամանակ այդ մասին խոսում ենք, ասում ենք այդ համակարգը պետք փոխվի, այն պետք է լինի վճարովի աշխատանք, որպեսզի այդ մարդուն խրախուսես, արդյունք պահանջես։ Բայց ոչ մի բան չի փոխվում, անընդհատ վերապատրաստումներ ենք անում, մեկը գնում է, մյուսն է գալիս, բայց համակարգը չի փոխվում։ Մենք ի՞նչ սոցիալական էֆեկտ ենք ուզում այդ մարմնից, եթե խնդիրները նշում ենք ու այդ ուղղությամբ ոչ մի փոփոխություն չենք անում»,-մանրամասնեց նա՝ ընդգծելով պատասխանատվության սահմանումն այն մարդկանց նկատմամաբ, որ չեն կիրառում օրենքը։