կարևոր
847 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-08 14:12
Իրավական

Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման ժամկետները կասեցվել են

Ղարիբ Բաբայանի քրեական հետապնդման ժամկետները կասեցվել են

Հանրապետության Հրապարակում օտարերկրացիների կողմից ադրբեջաներեն «Ղարաբաղ» երգելու տեսանյութը տարածելու վերաբերյալ Ղարիբ Բաբայանի գործով քրեական հետապնդման ժամկետները կասեցվել են։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ղարիբ Բաբայանի պաշտպան Աբգար Պողոսյանը։Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ղարիբ Բաբայանի գործով դատահոգեբանական-դատալեզվաբանական համալիր փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու, թե արդյոք առկա են ատելություն, խտրականություն և անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն  ուղղված կոչեր։

Քրեական հետապնդման ժամկետները կասեցված են՝ մինչև փորձաքննությունների եզրակացության ստացումը։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ օտարազգիների կողմից հրապարակում երգում էին «Ղարաբաղ», ընդ որում՝ ադրբեջաներեն: Իրավապահ մարմիններն արձագանքեցին տեսայնութին, բայց ոչ թե ներկայացնելու, թե ովքեր եւ ինչու էին Երեւանի սրտում ադրբեջաներեն երգում «Ղարաբաղ», այլ հայտարարելու, որ վարույթ է նախաձեռնվելու այդ խայտառակ դեպքի մասին բարձրաձայնողի, այն է՝ «Ռազմավարական Հետազոտությունների Անկախ Կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Ղարիբ Բաբայանի նկատմամբ՝ իբր, քաղաքական և սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված՝ ատելություն և անհանդուրժողականություն հրահրելուն և/կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքով։