Փոխարժեքներ
17 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.94 |
EUR | ⚊ | € 453.25 |
RUB | ⚊ | ₽ 4.6143 |
GBP | ⚊ | £ 522.45 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Տրանսպորտային միջանցքների հետազոտական կենտրոնի ղեկավար Պաատա Ցագարեիշվիլիի կարծիքով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» դժվար թե շահագործման հանձնվի առաջիկա 5-7 տարում, որի ընթացքում Վրաստանը պետք է իրականացնի մի քանի առանցքային ենթակառուցվածքային նախագծեր, որոնք կոչված են բարձրացնելու մրցունակությունը «միջին միջանցքի» ճանապարհին: Հատկանշական է՝ Վրաստանը մինչ օրս չի ավարտել Արեւելք-Արեւմուտք նոր ավտոմայրուղու շինարարությունը, որը սկսվել է 2007 թ-ին եւ պետք է միացներ երկրի արեւելյան եւ արեւմտյան հատվածները: Մայրուղու մոտ 2/3-ի վրա կառուցված այս ավտոմայրուղու ընդհանուր երկարությունը 430 կիլոմետր է։ Տեղական ԶԼՄ-ները հաղորդում են՝ շինարարության ավարտի ժամկետները հետաձգվել են վեց անգամ։ Կառվարության ներկայացուցիչների վերջին հայտարարությունների համաձայն՝ մայրուղու շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչեւ 2032 թ-ը: Սա նշանակում է, որ այդ ժամանակ Հայաստանի տարածքով այլընտրանքային տարանցիկ երթուղիները կարող են արդեն գործել։ Քննադատության ալիքը մեղմելու համար Վաշինգտոնում գագաթնաժողովից ընդամենը մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 15-ին, բացվեց Սուրամի 4-ճանապարհանոց շրջանցիկ ճանապարհը՝ 6,4 կմ երկարությամբ, 11 կամուրջներով եւ 5 թունելներով։ Այս հատվածը Խաշուրի 13 կմ շրջանցիկ ճանապարհի շարունակությունն է, շրջանցում է Սուրամին եւ Չումաթելետին եւ միանում ճանապարհի առաջին թունելին Ռիկոտա լեռնանցքով։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմել է 265 մլն լարի։ «Այս նախագիծը եւս մեկ քայլ է դեպի մեր ռազմավարական նպատակը՝ Վրաստանը դարձնել միջին միջանցքի Կենտրոնական, ամենաարագ եւ անվտանգ օղակը, որը կապում է Եվրոպան եւ Ասիան», – հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շրջանցիկ ճանապարհի բացման ժամանակ:
Վրաստանը շրջանցող նոր տարանցիկ երթուղիների ի հայտ գալը հազիվ թե բացասաբար ազդի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում գծով Հարավկովկասյան խողովակաշարի գործունեության վրա։ Տնտեսական եւ լոգիստիկ պատճառներով ներդրողները դժվար թե աջակցեն Վրաստանը շրջանցող նոր խողովակաշարերի կառուցմանը։
Օգոստոսի 14-ին Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը մամուլի հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր՝ չինական Zhongbo Group էներգետիկ ընկերությունը քննարկում է Վրաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունը: Էկոնոմիկայի նախարար Կվրիվիշվիլին չինական ընկերութայն ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկել է Վրաստանի էներգետիկ ոլորտի ներդրումային միջավայրը, դրա զարգացման ռազմավարությունը, բարեփոխումները եւ առանցքային նախագծերը: ԱՄՆ ներկայացուցիչ Ջո Ուիլսոնը, ով ակտիվորեն քննադատում է «Վրացական երազանքը», օպերատիվ արձագանքել է այս նորությանը սոցիալական ցանցերում. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը հսկայական քայլ է, սակայն Հարավային Կովկասի խաղաղությունն ու բարգավաճումը կվտանգվեն, եթե Չինաստանը գերիշխի Վրաստանում»։
«...Վրացական դիվանագիտությունն ակտիվության նվազման շրջան է ապրում եւ կորցնում է Բաքվի եւ Երեւանի միջեւ հաղորդակցողի եւ կապող օղակի այն երկարամյա իմիջը, որը նախկինում Թբիլիսիին հատուկ կշիռ էր տալիս տարածաշրջանային քաղաքականության մեջ, – կարծում է ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն։ - Միջազգային խոշոր ձեւաչափերում ներգրավվածության նվազումը ոչ միայն թուլացնում է Վրաստանի բանակցային դիրքերը, այլեւ նրան ավելի խոցելի է դարձնում արտաքին ճնշումների նկատմամբ: Եթե այս միտումը շարունակվի, երկիրը կարող է հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ տարածաշրջանին վերաբերող առանցքային որոշումները կկայացվեն առանց նրա անմիջական մասնակցության»։ Անցած տարիներին անվերապահ եվրաինտեգրման եւ ՆԱՏՕ-ին անդամակցության կուրսը Թբիլիսիին դարձրեց «եվրոպական օրակարգի պատանդ. մի կողմից նա ստիպված եղավ հրաժարվել Չինաստանի, Կենտրոնական Ասիայի երկրների կամ ՇՀԿ-ի նախագծերին լիարժեք մասնակցությունից, իսկ մյուս կողմից՝ դեպի ԵՄ շարժման գործընթացը կանգ առավ քաղաքական տարաձայնությունների եւ ներքին ճգնաժամերի ֆոնին ... խաղադրույք կատարելով բացառապես Եվրոպայի վրա՝ Վրաստանն այդ ճանապարհին շոշափելի առաջընթաց չստացավ, բայց միաժամանակ կորցրեց իր ասիական հարթության զգալի մասը։ Ստեղծված իրավիճակից ելք երկրի իշխանությունները փորձում են գտնել՝ կառուցելով երկկողմ հարաբերություններ Ասիայի առանձին երկրների հետ»։ Երկու տարի առաջ Չինաստանի հետ ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, «միջին միջանցքի» նախագծում Վրաստանի ներառումը թույլ են տալիս նրան հավակնել Չինաստանի եւ Եվրոպայի միջեւ լոգիստիկ հանգույցի դերին։ Ամրապնդվում են կապերը Կենտրոնական Ասիայի հետ, բցի այդ, «աճում է Մերձավոր Արեւելքի նշանակությունը. ԱՄԷ-ից ներդրումները եւ Ծոցի երկրներից զբոսաշրջիկների հոսքը տարածաշրջանը կարեւոր տնտեսական գործընկեր են դարձնում Վրաստանի համար»:
Միեւնույն ժամանակ, այս տարի (ինչպես եւ նախորդ տարի) սպասվող «թեժ քաղաքական աշունը» նշանակում է, որ թուլանում է պաշտոնական Թբիլիսիի՝ «աշխարհաքաղաքական առեւտուր» վարելու ունակությունը, իմնչդեռ «Վրացական երազանքի» ընդդիմախոսները Վաշինգտոնում, Բրյուսելում եւ Լոնդոնում ավելի քան վճռական են տրամադրված։
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի