կարևոր
346 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-17 13:05
Հասարակություն

Խայտառակություն ա․ ոռոգման ջրի բացակայության պատճառով տնկիները չորացել են․ Արշակունյաց 135 շենքի բնակիչների ահազանգը

«Էրեբունի» օդանավակայանի տարածքին հարող՝ Արշակունյաց 135  շենքի բնակիչները պարբերաբար դիմել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին՝  իրենց մի շարք խնդիրների մասին հանրային հարթակներից բարձրաձայնելու,  խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու խնդրանքով։ Պատգամավորը հնարավոր տարբերակներով բնակիչների ահազանգը ներկայացրել է պատկան մարմիններին՝ թե՛ ԱԺ-ում, և թե՛ ԱԺ-ից դուրս։  Երեկ Գառնիկ Դանիելյանն այցելեց տվյալ թաղամաս, հանդիպեց բնակիչների հետ․ հանդիպմանը ներկա էր Yerkir.am-ի նկարահանող խումբը, որը հենց տեղում ֆիքսել է բնակիչների կենցաղն ու առօրյան խաթարող խնդիրները։   

Թիվ մեկ խնդիրը հանրային տրանսպորտն է․ փաստացի՝ Արշակունյաց 135 շենքի բնակիչները, որոնք բնակվում են «Էրեբունի» օդանավակայանին հարող տարածքում, ունեն տրանսպորտի լուրջ խնդիր։ Կենտրոն հասնելու համար ստիպված երկու տրանսպորտ են փոխում, իսկ երեկոյան 8-ից հետո հանրային տրանսպոտն այլևս չի աշխատում։ 

Ինչպես բնակիչները, այնպես էլ ՝ Գառնիկ Դանիելյանը գրավոր դիմել են Երևանի քաղաքապետարան՝ վերանայելու հ․ 16 երթուղու ուղեգիծը, որպեսզի այն շարունակելի լինի մինչև «Էրեբունի» օդանավակայան։ Քաղաքապետարանից պատասխանել են, որ  հ.16 երթուղու ուղեգծի առաջարկվող փոփոխության դեպքում (այն կերկարի 5 կմ-ով) անհրաժեշտություն կառաջանա ավելացնել երթուղու սպասարկման համար նախատեսված շարժակազմի թվաքանակը, ինչը դրա սահմանափակ քանակի պարագայում ներկա պահին  նպատակահարմար չէ: Ամեն դեպքում քաղաքային իշխանությունը չի բացառել, որ լրացուցիչ կդիտարկվեն թաղամասի տրանսպորտային սպասարկման բարելավման հնարավոր տարբերակները՝ այն էլ միայն ավտոբուսների նոր խմբաքանակների ներկրման պարագայում։

Ֆիքսենք ուշագրավ մի փաստ, որ Երևանի  2025թ. բյուջեով ավտոբուսների ձեռքբերման համար ֆինանսական միջոցներ նախատեսված չեն: 

Արշակունյաց 135  շենքի բնակիչների խնդիրը սակայն սրանով չի ավարտվում։ Հնամաշ ու  շարքից դուրս եկած կոյուղագծերի ջրերը լցվում են շենքի նկուղային հարկ՝ ստեղծելով ոչ միայն վթարային, այլև՝ հակասանիտարական իրավիճակ։ Այն, ինչ ֆիքսեց մեր տեսախցիկը, մեղմ ասած,անտանելի էր, շենքի մուտքից արդեն հնարավոր չէ առաջանալ՝ գարշահոտի պատճառով։

Այս խնդրով նույնպես և՛ բնակիչները, և՛ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրավոր դիմել են քաղաքային իշխանությանը։ Որքան էլ զարմանալի է, պատասխան-նամակում ասել են, որ վթարված կոյուղագծերը պետք է նորոգեն շենքի բնակիչները՝ իրենց իսկ միջոցներով։ Նույնիսկ համապատասխան օրենից են հետևյալ  մեջբերումն արել․ «Համաձայն «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի՝ բազմաբնակարան շենքի նկուղային հարկն ու կոյուղագծերն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին, նույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ընդհանուր բաժնային սեփականության յուրաքանչյուր սեփականատեր պարտավոր է իր բաժնին համաչափորեն մասնակցել պարտադիր նորմերի պահանջների կատարմանն ուղղված ծախսերին, հարկերին, տուրքերին և մյուս վճարներին, ինչպես նաև գույքի պահպանման, վերանորոգման և շահագործման այլ ծախսերին»։

Ստացվում է, որ մի քանի միլիոնանոց ծախսը քաղաքային իշխանությունը թողել է բնակիչների ուսերին։  Նշենք, որ Արշակունյաց 135 շենքում առկա է շուրջ 110 բնակարան, բնակվում են 400-ից ավելի քաղաքացիներ։ 

Հիշյալ շենքն ունի նաև ապաստարան, ինչը նույնպես անուշադրության է մատնված։ Կոյուղագծերի ջրերը նաև ողողել են ապաստարանը։ Հետաքրքիր է, որ Երևանի քաղաքապետարանը, ի պատասխան բնակիչների ահազանգի, հորդորել է բնակիչներին իրենց իսկ միջոցներով մաքրել ու բարեկարգել ապաստարանը, իսկ քաղաքային իշխանությունն ընդամենը հանձն կառնի փոխադրել հավաքված աղբը։

Մանրամասն՝ տեսանյութում։