կարևոր
556 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-17 14:19
Հասարակություն

Ապտակ Փաշինյանին. Հռոմի Պապը սրբադասելու է Հայոց ցեղասպանության նահատակ եպիսկոպոսին

Ապտակ Փաշինյանին. Հռոմի Պապը սրբադասելու է Հայոց ցեղասպանության նահատակ եպիսկոպոսին

Հռոմի Լևոն 14-րդ Պապը հոկտեմբերի 19-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթոլիկ եպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի սրբադասման օր։

Նշենք, որ Իգնատիոս Մալոյանին սրբադասելու հրամանագիրը  ստորագրել էր երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապը 2025 թ. մարտի 28-ին։ 

Ի դեպ, Իգնատիոս Մալոյանին դեռևս 2001 թ. հոկտեմբերի 7-ին հանդիսավոր արարողությամբ Երանելիների շարք էր դասել Սրբազան Քահանայապետ Հովհաննես Պողոս II-րդը։ Արարողության առաջին հատվածը կատարվել է հայկական ծեսով, որը վարել է Կիլիկիո հայոց կաթողիկե պատրիարք Ներսես-Պետրոս XIX-ը: Հռոմի պապի կողմից կաթոլիկ եկեղեցու Երանելիների շարքը դասվելուց հետո, սուրբ Պետրոս տաճարի շքամուտքի կենտրոնական մասում բացվել էր Երանելի Իգնատիոս Մալոյանի մեծադիր պատկերը:

Փաստորեն, Հայաստանի օրվա  իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանությունն ուրանալու ֆոնին,  Կաթոլիկ եկեղեցին  իր  այս քայլով աշխարհին  նաև Հայոց ցեղասպանությունը չմոռանալու  և դատապարտելու ուղերձ է հղում, իսկ  1915 թ. թուրքական յաթաղանի զոհ դարձած հայ հոգևորականին սրբադասելով՝ փաստում, որ  ցեղասպանված հայերն անմեղ զոհեր էին, որոնց անգամ թիվն այսօր կասկածի է ենթարկում Փաշինյանի իշխանությունը։

Իգնատիոս Մալոյանը ծնվել է 1869 թվականին Արևմտյան Հայաստանի Մարդին քաղաքում։ Տեղի ծխական քահանան նկատելով նրա նախասիրությունն ու քահանա լինելու տվյալները,  ուղարկում է Բզոմմար-Լիբանանի միաբանություն։ Ավարտելով իր բարձրագույն ուսումը 1896 թվականին՝ նա քահանա է ձեռնադրվում Բզոմմարի եկեղեցում, ընդունելով Իգնատիոս անունը՝ ի հիշատակ Անտիոքի նշանավոր նահատակի։ 1897-1910 թվականներին հայր Իգնատիոսը նշանակվել է որպես ծխական քահանա Ալեքսանդրիայում և Կահիրեում, որտեղ նրա բարի համբավը լայն տարածում է գտել։

Երբ Մարդինի թեմը անկարգության մեջ էր, պատրիարք Սաբբաղյանը կարգուկանոն հաստատելու համար այնտեղ է ուղարկում է հայր Իգնատիոս Մալոյանին։

1911 թվականի հոկտեմբերի 22-ին Հռոմում հավաքված Եպիսկոպոսների Սինոդը Մարդինի արքեպիսկոպոս է ընտրում Հայր Իգնատիոսին։ Նա ստանձում է իր նոր հանձնարարությունը և ծրագրում նորոգել ավերված թեմը։

Ցավոք,  1915 թվականի ապրիլի 30-ին թուրք զինվորները շրջապատում են Մարդինի հայ կաթոլիկ եկեղեցին՝  «հիմնավորելով», թե այն զենքի թաքստոց է։

Մայիսի սկզբում Սրբազանը հավաքում է իր քահանաներին և տեղեկացնում նրանց վտանգավոր իրավիճակի մասին։ 1915 թվականի հունիսի 3-ին թուրք զինվորները եպիսկոպոս Մալոյանին շղթայակապ բերում են դատարան՝ քսանյոթ այլ հայ կաթոլիկ քահանաների ու հավատացյալների հետ։ Հաջորդ օրը քսանհինգ քահանաներ և 862 հավատացյալներ շղթայված պահվեցին։ Դատավարության ժամանակ ոստիկանապետ Մամտուհ Բեկը եպիսկոպոսին անխնա գանակոծելով ստիպում է ընդունել իսլամ։ Սրբազանը հրաժարվում է դրանցից ասելով, որ երբեք չի դավաճանի իր հավատքը։

Մամտուհ Բեկը ատրճանակի կոթով հարվածում է նրա գլխին և հրամայում նրան բանտ նստեցնել։ Զինվորները շղթայված նրա ոտքերն ու ձեռքերը, գցում են գետնին ու անխնա հարվածում։ Ամեն մի հարվածի հետ եպիսկոպոսը ասում էր «Տե՛ր, ողորմիր ինձ, ո՛վ Տեր, ուժ տուր ինձ», և ներկա քահանաներից ներում էր խնդրում։ Զինվորների կողմից ենթարկվելով անարգանքների ու հարվածների՝ նրա ոտքի եղունգներն են հանում։

Հունիսի 9-ին նրան այցելում է մայրը և լացում իր որդու վիճակի վրա։ Բայց խիզախ եպիսկոպոսը քաջալերում է նրան: Հաջորդ օրը զինվորները հավաքում են 447 հայերի։ Զինվորները շարասյունների հետ միասին գնում են անապատային ճանապարհով։

Սրբազանը քաջալերում է իր ծխականներին ամուր մնալ իրենց հավատքի մեջ: Հետո բոլորը նրա հետ ծնկի իջնելով աղոթում են առ Աստված, որ համբերությամբ ու քաջությամբ ընդունեն նահատակությունը։ Քահանաները հավատացյալներին շնորհում են ներում և մեղքերի թողություն։ Սրբազանը հանում է մի կտոր հաց, այն օրհնում, արտասանում Սուրբ Պատարագի խոսքերը ու տալիս է իր քահանաներին, որպեսզի բաժանեն ժողովրդին։

Զինվորներից մեկը, որ ականատես էր, պատմում է այս տեսարանը. «Այդ ժամին ես տեսա մի ամպ, որը ծածկում էր բանտարկյալներին և բոլորից արձակում էր անուշահոտ բուրմունք: Նրանց դեմքերին երևում էր ուրախության և հանգստության արտահայտություն կար»: Նրանք բոլորը պատրաստվում էին նահատակ լինել Հիսուսի հանդեպ սիրուց դրդված: Երկու ժամ քայլելուց հետո, սոված, մերկ ու շղթայված բանտարկյալների վրա հարձակվում են զինվորները և սրբազանի աչքի առաջ սպանում նրանց։ Երկու շարասյունների ջարդից հետո հերթը հասնում է եպիսկոպոս Մալոյանին։

Այնուհետև Մամտուհ Բեկը կրկին առաջարկում է Մալոյանին խնայել կյանքը և ընդունել մահմեդականություն: Մալոյանը պատասխանում է. «Ես քեզ ասացի, որ կապրեմ և կմեռնեմ իմ ճշմարիտ հավատքիս համար, իսկ Քրիստոսի Խաչը իմ հպարտանքս է, Աստծո և Տիրոջ»:

Թուրք զինվորականը զայրանալով  հանում է ատրճանակը ու կրակում Սրբազանի վրա։ Սրբակյաց եպիսկոպոսը, մինչ վերջին շունչը, բարձրաձայն աղաղակում է. «Աստված իմ, ողորմի՛ր ինձ, քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին» ու ավանդում հոգին։

Հեղ․ Վահե Սարգսյան