կարևոր
2281 դիտում, 9 ամիս առաջ - 2023-06-08 16:06
Հասարակություն

Դերսիմի գյուղերից մեկը ջրամբարի տակ կանցնի

Դերսիմի գյուղերից մեկը ջրամբարի տակ կանցնի

Դերսիմի Խոզաթ գավառի Սեգեդիկ գյուղը ջրի տակ կանցնի արհեստական լճի նախագծի պատճառով։ Գյուղացիներն արձագանքելով ստեղծված իրավիճակին՝ շեշտեցին․ «Այստեղ պատմություն կա, կենսափորձ կա»։
Օրհան ՔՈՒՐՈՒԼ / Դերսիմ
Դերսիմի Խոզաթ գավառին ենթակա Սեգեդիկ գյուղը (Քալեջիկ) ջրի տակ կմնա արհեստական լճի նախագծի պատճառով։ Մոտ 11 տարի առաջ մշակված նախագծի աշխատանքներն սկսվել են։ Սեգեդիկ գյուղում կան նաև այնպիսի պատմական հուշարձաններ, ինչպիսիք են հայկական մատուռը և ժայռափոր գերեզմանները: Նշելով, որ ակտիվ կերպով իրականացվում են նաև մեղվաբուծական և մանր եղջերավոր անասնաբուծական աշխատանքներ, սեգեդիկցի գյուղացիներն ընդգծեցին, որ իրենց գյուղը կկործանվի։
ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՏՄԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Ջևիզլիդերե ջրամբարի ծրագիր» անվամբ հայտնի այս ծրագրի շրջանակներում Ջևիզլիդերեի ջրամբարի և ոռոգման համակարգի հետ միասին կառուցվելու են քարհանքեր, մանրման-զտման գործարան, լվացման-զտման գործարան և պատրաստի բետոնի բաշխիչ-գործարան: Ծրագրի առաջին մրցույթները իրականացվել են 8.11.2012 թ.։ Նախարարության ուսումնասիրություններից հետո 31.12.2015 թ. ընդունվել է ՇՄԱԳ դրական որոշումը, իսկ ծրագրի պլանավորումն ավարտվել է 05.09.2016 թ.: Նախագծի վրա աշխատանքները սկսվել են վերջերս։
«ՍԵՂԱՆԻ ՇՈՒՐՋ ՄՇԱԿՎԱԾ ԾՐԱԳԻՐ Է»
Գյուղապետ Ջելալ Վարոլն ասաց, որ գյուղի անունից իրավական գործընթաց է սկսվել, և երբ կատարողականը կասեցնելու խնդրանքը մերժվել է, ծրագրի աշխատանքները սկսվել են։ Նախագիծը բնութագրելով որպես «սեղանի շուրջ պատրաստված ծրագիր»՝ Վարոլն ասաց. «Կարծում են պետության օգտին է, բայց այդպես չէ։ Երբ նախագիծն ավարտվեց, մի հատ մարդ չեկավ ու չնայեց։ Եթե 1 կմ ներքեւ արվեր, ոչ մի խնդիր չէր լինի։ Ես հանդիպեցի, ինձ ասեցին՝ ձեր գյուղում չի արվում։ Այնքան անտեղյակ են… Սեղանի շուրջ են ծրագիրը կազմել։ Այս ծրագրի արդյունքում մի բնակտարածություն է ոչնչացվելու»։
«2000 ԱԿՐ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ԿՈՉՆՉԱՆԱ»
Նշելով, որ 2000 դեկար հող է ոչնչացվելու, Վարոլն ասաց, որ դրանք գյուղատնտեսական նշանակության եկամտաբեր հողեր են, գյուղացիները զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ, և հավելեց. «Բացի նյութական շահից, կա նաև հոգևոր-բարոյական կողմ՝ գերեզմաններ կան, ապրած կյանք կա։ Գյուղում հայկական մատուռ կա… Դրանք ոչնչացնելու են»։ Նշելով, որ 38-ի ջարդով իրենց գյուղը դատարկվել է, 90-ականներին դատարկելու փորձերին հակառակ՝ կյանքը շարունակվում է, Վարոլն ասաց. «Արդեն մարդաթափվել է, ավել մարդաթափման կարիք չկա։ Հեռացված մարդիկ նորից են եկել։ Հիմա էլ ուրիշ ձևով եք բնակավավայրը դատարկում»։
«ԵԹԵ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾ ԲԱՑՎԻ, ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՅԼ ԿԵՐՊ ԿԱՐՈՂ Է ԱՇԽԱՏԵԼ»
Փաստաբան Օզգյուր Ուլաշ Քափլանն ասաց՝ այն օրը, երբ գյուղացիները իր հետ կապ են հաստատել, նախագիծը հաստատվել է, ՇՄԱԳ գործընթացն ավարտվել է, և բոլոր ընթացակարգերը գրեթե ավարտվել են։ Հանրության հանդիպումից ժողովրդի արձագանքը հիշեցնելով՝ Քափլանն ասաց․ «Ժողովուրդն արձագանքել է այն ավերածությանը, որը կբերի այս նախագիծը։ Սակայն ՇՄԱԳ գործընթացը չի հանգեցնում բացասական արդյունքի միայն այն դեպքում, երբ հանրությունը արձագանքում է մասնակցության հանդիպմանը: Եթե այն ժամանակ ՇՄԱԳ-ի չեղարկման համար 2015-ին գործ հարուցվեր, միգուցե գործը մի փոքր այլ կերպ կարողանար աշխատել»։
«ՄԵՐ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ ՄԵՐԺՎԵՑ»
Փաստաբան Քափլանը հայտնեց, որ դատարանից պահանջել են դադարեցնել կատարումը և տեղում կատարել հետազոտություն և փորձաքննական եզրակացություն, իսկ հետազոտման դեպքում տեղում նախագծի հնարավոր բացասական կողմերը պարզել․ «Շրջակա միջավայրի մասին իրավունք, Անտառային օրենսդրություն, Սահմանադրություն, Մշակութային և բնական արժեքների պահպանման մասին օրենք, համապատասխան միջազգային կոնվենցիաներ և այլնը հաշվի առնելով՝ որոշեցինք, որ նախագիծն անօրինական է և խնդրեցինք չեղարկել ծրագիրը։ Մեր հարուցած դատական գործը դա էր պահանջում: Սակայն Անկարայի 8-րդ վարչական դատարանը պատճառաբանելով, որ վարույթը պատշաճ կերպով իրականացվել է ըստ ժամկետների, ՇՄԱԳ գործընթացը դադարեցվել է, որևէ բացասական բան կամ իրավական խոչընդոտ չկա, որ նախագծի գործը համապատասխանում է օրենքի պահանջներին ու այն, որ իր ներկա վիճակով ապօրինություն չի եղել, որոշել է մերժել է հետազոտման մեր պահանջն ու հայցը։ Մենք էլ այս որոշման դեմ հայց ենք ներկայացրել վերաքննիչ դատարան»,- ասաց նա։
«ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է»
Ասելով, որ գործը ներկայում բողոքարկվում է Անկարայի 6-րդ վարչական բաժանմունքում, Քափլանը հայտնեց, թե «Մեր առարկության մեջ մեկ առ մեկ նշել ենք այն բացասական կողմերը, որոնք առաջ կգան։ Բնապահպանական օրենսդրության և այնտեղ առաջանալիք մշակութային խնդիրների մասով համապատասխան օրենքներն ու միջազգային կոնվենցիաները ներկայացրել ենք։ Խոսել ենք պահպանման վերցվելու անհրաժեշտություն ունեցող պատմական արտեֆակտների մասին։ Նաև ներկայացրել ենք դրա՝ մեղվաբուծության վրա բացասական ազդեցություն ունենալու իրավիճակը, գրել ենք համապատասխան պաշտոնական կառույցներին և ստացել այն պատմական իրերի պաշտոնական փաստաթղթերը, որոնք այնտեղ պետք է պահպանվեն և կցել ենք գործին։ Ստացել ենք նաև փաստաթղթեր, թե որքան անասնաբուծական գործունեություն է իրականացվել շրջանում և կցել գործին։ Սակայն մեր առարկությունը դեռևս վերջնական տեսքի չի բերվել, գործը շարունակվում է»։
https://www.evrensel.net/haber/491286/koyleri-baraj-altinda-kalacak-segedikliler-burada-bir-tarih-var
 

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը
 

Akunq.net