կարևոր
2431 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-25 14:36
Հասարակություն

Մի մասն էլ ցանկանում է, որ սեպտեմբերից ոչ թե առարկան հանվի, այլ ԿԳՄՍ նախարարը փոխվի․ «Հրապարակ»

Մի մասն էլ ցանկանում է, որ սեպտեմբերից ոչ թե առարկան հանվի, այլ ԿԳՄՍ նախարարը փոխվի․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

ԿԳՄՍ նախարարության որոշմամբ, սեպտեմբերից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան չի լինելու առանձին առարկա եւ ներառվելու է Հայոց պատմության դասագրքում։ «2021 թվականին հաստատվել է հանրակրթության պետական չափորոշիչը, որով սահմանված են մեր մոտեցումները։ Չափորոշիչը ներդրվելու է բոլոր դպրոցներում` այս տարվա սեպտեմբերից, սա է իրավիճակը, եւ այս իրավիճակը չի փոխվում»,- նախօրեին ԱԺ-ում հայտարարել էր ԿԳՄՍ նախարարը։

Ի դեպ, օրեր առաջ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն էլ առաջարկել էր «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի հարցով շարունակել քննարկումները եւ «փոխընդունելի, ճիշտ լուծման, եզրահանգման հանգել»։ Միաժամանակ ընդգծելով, որ Մայր Աթոռի համար անընդունելի է այն մոտեցումը, որ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ուզում են տարրալուծել այլ առարկաների մեջ կամ սահմանափակել 1-2-րդ դասարաններում դասավանդելով։ 

Արձագանքելով կաթողիկոսի հորդորին, Ժ․ Անդրեասյանը նկատել էր, որ եկեղեցու կողմից բարձրացված մտահոգություններն ու դիրքորոշումը նոր չեն. «Կարծում եմ՝ արդեն անցել ենք քննարկումների փուլը, քանի որ չափորոշչի քննարկման եւ հաստատման փուլում բազմիցս ունեցել ենք հնարավորություն այդ քննարկումների համար»,-ասել էր նա։

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանն ասում է՝ նախ, երբեք քննարկում չի եղել եկեղեցու հետ: «Մշակույթի նախարարությունը չգիտես ինչ կարգի պատվեր է կատարում, եւ քննարկումներից առաջ արդեն ամեն ինչ որոշված էր։ Ցավալիորեն, կարծես գրանտային ծրագիր լինի, որ պատվերով դրսից տրվել է, եւ իրենք ամեն ինչ պետք է անեն, որ այդ պատվերը կատարեն։ Քննարկումներն  արտաքուստ, թվացյալ քննարկումներ էին,-ասում է Տեր հայրն ու ընդգծում, որ մեր երեխաներն իրավունք ունեն իրենց վերջին 1700 տարվա հայոց պատմությունն ու հայ եկեղեցու պատմությունն իմանալ, որը հիմա փորձում են տարրալուծել․

«Նախ այստեղ խնդիր կա, իրենք «Հայոց պատմություն» առարկայից էլ են բավականին ժամեր հանում, որի համար մենք չենք ուրախանում, ի վերջո` հայ ժողովրդի պատմությունն էլ մեծ ծավալի ժամերով պետք է լինի, եւ, ցավալիորեն, այն առարկաները, որ մեր ազգային ինքնության հիմքն են կազմում՝ հայոց լեզուն, հայ գրականությունը, հայ ժողովրդի պատմությունը, հայ եկեղեցու պատմությունը, նաեւ «Ռազմագիտություն» առարկան, մեր հայրենի իշխանությունների կողմից, չգիտեմ ինչու, ավելի անտեսված են, որը շատ անբնական է, որովհետեւ պետք է փորձեն այդ առարկաները, ինչքան հնարավոր է, բարձր մակարդակով դպրոցում մատուցել, բայց իրենք հակառակն են անում»։

Տեր Վրթանեսն անդրադառնում է նաեւ ԿԳՄՍ նախարարին․ «Ցավոք, նախարարը որոշ դեպքերում բացահայտ ստում է, ինչը սազական չէ բարձրաստիճան տիկնոջը։ Անցյալն օրն ասում էր, որ Խնածախ գյուղում ուսուցիչ կա, որ 450 հազար դրամ աշխատավարձ է ստանում, բայց պարզվեց՝ ինքը բացահայտ ստում է, որովհետեւ այդ ուսուցիչը 295 հազար 62 դրամ է ստանում, իսկ կեղտոտ աշխատավարձն էլ դրանից մի փոքր ավել է, այսինքն` 450 հազարի մասին խոսք չկա։ Ավելին՝ մենք ընդհանրապես 450 հազար ստացող ուսուցիչ չունենք դպրոցներում»։

Ինչպես նկատում է Տեր Վրթանեսը, եթե իսկապես քննարկումներ են արել, ուրեմն պետք է տեսնեին ու հասկանային, որ հասարակության 50 տոկոսից ավելին ցանկանում է, որ այդ առարկան դպրոցներում մնա․ «Այսինքն` իրենք քննարկումների իմիտացիա են ստեղծում, բայց քննարկումներից առաջ արդեն որոշել էին, որ առարկան պետք է հանեն, կարծես դրսի կառույցների կողմից հակահայ պատվեր են կատարում։ Ինքը, նպատակադրված, մինչեւ սեպտեմբեր առարկան հանելու փափագ եւ ցանկություն ունի, բայց ես էլ եմ շփվում մեր հասարակության ներկայացուցիչների հետ, եւ նրանց մեծամասնությունն ասում է, որ ուզում է՝ առարկան մնա դպրոցոմ։ Ավելին՝ հասարակության մի ստվար զանգված փափագ ու ցանկություն ունի, որ սեպտեմբերից ոչ թե առարկան հանվի, այլ ԿԳՄՍ նախարարը փոխվի։ Եթե իրենք ժողովրդավար սկզբունքներով են կառավարում, ուրեմն Ժաննա Անդրեասյանին պետք է փոխարինեն ավելի ազգային, հոգեւոր, բարոյական, նկարագիր ունեցող տիկնոջով կամ պարոնով եւ առարկան էլ պահեն։ «Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցում եղել է` սկսած 5-րդ դարից մինչեւ 1921-ը, խորհրդային շրջանում էլ այդ առարկան ինչ-որ ձեւով եղել է՝ իհարկե, խեղաթյուրված կերպով, եկեղեցու դերը նսեմացնելով, եւ անկախությունից հետո էլ հասարակության պահանջով այդ առարկան դասավանդվել է, դպրոց է մտել, այսօր բազմաթիվ ուսուցչներ այդ առարկան են դասավանդում, եւ մեր երեխաները, ինքս 4 երեխաների հայր եմ, իրավունք ունեն մեր եկեղեցու պատմությունը հանրակրթական դպրոցում ուսանելու»։ 

Տեղյա՞կ է, թե առարկան տարրալուծելու արդյունքում ինչ թեմաներ են դուրս մնալու ծրագրից: «Իրենք ավելի շատ փորձում են բարոյականության հետ կապված հարցերը դպրոցից դուրս թողնել, այսինքն` չեն ուզում դպրոցում երեխային բարոյական կրթություն տան, որին եկեղեցին դրական չի նայում։ Բայց մենք ուզում ենք, որ ոչ միայն կիրթ սերունդ մեծանա, այլեւ՝ բարոյական, որ պաշտոնյա եղած ժամանակ ստախոս չլինեն, հասարակությանը չխաբեն։ Օրինակ, եթե քաղաքակիրթ երկրում մշակույթի, կրթության եւ սպորտի նախարարը խոսեր սահմանամերձ դպրոցում ուսուցչի աշխատավարձի մասին ու բացահայտ կերպով սուտ ասեր, նման դեպքում, հավանաբար, ինքը հրաժարական կտար կամ գոնե նվազագույն կերպով հրապարակային ներողություն կխնդրեր եւ կասեր, որ կամ իրեն են սխալ զեկուզել, կամ սրճարանում սուրճ խմելիս է լսել, այսինքն` եթե ինքը դիտավորություն չի ունեցել հասարակությանը խաբելու, գոնե իրեն խաբողները պետք է պատասխանատվության ենթարկվեն ու այդպես` բոլոր հարցերի հետ կապված»։ 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում