կարևոր
3349 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-13 11:59
Քաղաքական

«Պետության ամրապնդման համար ոչինչ չի արվում, բայց արվում է ամեն ինչ՝ թշնամու շահերը սպասարկելու ուղղությամբ»․ «Փաստ»

«Պետության ամրապնդման համար ոչինչ չի արվում, բայց արվում է ամեն ինչ՝ թշնամու շահերը սպասարկելու ուղղությամբ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետությունների տարածքներում առաջխաղացումներից հետո ադրբեջանական կողմը Տեղ համայնքի հատվածում դիմեց հերթական սադրանքին, ինչի հետևանքով հայկական կողմը զոհեր և վիրավորներ ունի: Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը «Փաստի» հետ զրույցում վերոնշյալ գործողությունները դիտարկել է վերջին ավելի քան երկու տարվա ընթացքում արձանագրված իրողությունների համատեքստում:

«Եթե հաշվի առնենք, որ Հայաստանի ղեկին պարտված և թշնամու առաջ ծնկի եկած Նիկոլ Փաշինյան անունով ղեկավար է նստած, պարզ է, որ Ադրբեջանը պետք է օգտվի այդ հանգամանքից: Բոլոր, անգամ վերացական պահանջները, որոնք Իլհամ Ալիևը երազում էր տեսնում, Փաշինյանի առաջ են դրվում, ու այդ պահանջները հերթական անգամ աստիճանաբար կատարվում են: Ընդհանուր առմամբ, վերջին երկու տարին տարբեր ժամանակահատվածներում տարբեր առաջխաղացումներ ենք տեսել: Պայմանական սահմանամերձ հատվածի գյուղական համայնքների բնակիչներն ամեն անգամ անակնկալի էին գալիս՝ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա տեսնելով ադրբեջանական զորքին: Իսկ մինչ այդ իրենց ո՛չ տեղեկացնում էին, որ նման բան է սպասվում, ո՛չ էլ պատշաճ պետական արձագանք էր լինում ՀՀ սուվերեն տարածքներն օկուպացնելու մասով»,-ասաց փորձագետը՝ շեշտելով, որ հիմա ևս գործ ունենք նմանատիպ իրավիճակի հետ:

«Միայն պոստֆակտում կան պաշտոնական հայտարարություններ այն մասին, թե՝ «գիտենք, որ եկել են», պարզվում է նաև, որ ինչինչ բանավոր պայմանավորվածությունների արդյունքում է, և անգամ հրապարակված փաստաթուղթ չկա այն մասին, թե ինչ իրավական հիմքով է եղել այդ պայմանավորվածությունը: Իմ խորին համոզմամբ, թշնամուն զիջումներ անելու հետևանքով մենք ունենք և ունենալու ենք անդառնալի կորուստներ: Խոսքը մարդկային կորուստների մասին է: Իսկ տարածքային կորուստների հիմքում ադրբեջանական կողմի համար նոր բարենպաստ դիրքային առավելություն ունենալն է, որը հետագայում իրենց համար հնարավոր հարձակողական գործողություններ իրականացնելու լավ հարթակ կլինի: Ադրբեջանի նպատակն է նաև հասնել մի վիճակի, որ եթե հայկական կողմը որոշի վերականգնել իր տարածքային ամբողջականությունը, այն չափազանց դժվար լինի: Այսինքն, բոլոր հաշվարկները մեկտեղելով՝ թշնամին փորձում է կանխել ՀՀ ԶՈւ հետագա հնարավոր դիրքային առավելության ցանկացած փորձ»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ ադրբեջանական կողմի գործողությունները պայմանավորելով Հայաստանի իշխանությունների գործողություններով:

«Ադրբեջանական կողմի՝ հատկապես վերջին երկու տարվա գործողությունները, տարածքային առաջխաղացումները Հայաստանի օկուպացիոն ռեժիմի կողմից հանգիստ են ընկալվում: Սա ինձ թույլ է տալիս ունենալ վարկած, որ տարածքները նման իրավիճակում զիջելու որոշակի բանավոր պայմանավորվածություններ են եղել: Այսինքն, պոստֆակտում արձանագրել, թե՝ «դե, եկել են, բայց եկեք հաշտվենք այս իրականության հետ»: Հայկական կողմի արձագանքը բոլոր ներթափանցումներին եղել է ոչ ադեկվատ, փաստն արձանագրող, դրա հետ համակերպվող: Իրականում եթե պաշտոնատար անձը միտված է ծառայելու Հայաստանի ազգային շահերին, չի կարող նման հանգիստ ձևով ընդունել այն, ինչն Ադրբեջանն իրականացնում է ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ, ինչի հետևանքով մենք կրկին զոհեր, վիրավորներ ունենք: Հաշվի առնելով այս ամենը՝ ըստ իս, տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան փոխադարձ պայմանավորվածություն»,-շեշտեց Գ. Դավթյանը:

Սկիզբը՝ էջ 2 Անդրադառնալով վերջին 2 օրերին ադրբեջանական քարոզչական դաշտին, որտեղ նաև Իրանի դեմ են արշավ սկսել ու ապատեղեկատվություն են տարածում, փորձագետը նշեց. «Ադրբեջանական կողմը փորձում է մի քանի խաղ խաղալ: Նախ փորձում է իրանական կողմին ներքաշել հայ-ադրբեջանական հակամարտության մեջ, որպեսզի ադրբեջանական կողմը «տարածքային ամբողջականությունը» պաշտպանելու գործում իսրայելական և այլ օտար ուժերի ներգրավելու լեգիտիմություն ունենա: Երկրորդ՝ Ադրբեջանը սոցիալական հարթակներում տարատեսակ ապատեղեկություններ է տարածում՝ խոսելով իրանական ԱԹՍ-ների և զորքի ներգրավվածության մասին:

Այսպիսով փորձում է ցույց տալ, թե իբրև «հայկական կողմը գնում է էսկալացիայի, և ադրբեջանական կողմին այլ բան չի մնում, քան ավելի լայնացնել ռազմական գործողությունների դաշտը»: Հետևաբար, այն գործընթացները, որոնք իրականացվում են ադրբեջանական քարոզչական դաշտում, առաջին հերթին միտված են Հարավային Կովկասը նոր ռազմական գործողությունների դաշտի վերածելուն: Թե այստեղ ով կշահի և ինչպիսի իրավիճակ կստեղծվի, դժվար է ասել»: Այդուհանդերձ, փորձագետը չի բացառում, որ Իրանի մասով քաղաքական սադրանքների գնալու համատեքստում ևս Ադրբեջանն իր շահերից բխող որոշակի հաշվարկներ կարող է ունենալ:

«Այլ հարց է, թե հայկական կողմն այս առումով ինչ անելիքներ ունի և ինչ պետք է անի Ադրբեջանին կանխելու կամ ուժերի բալանսն այնպիսի վիճակի բերելու համար, որ ադրբեջանական կողմի մտքով անգամ չանցնի սադրանքների դիմել: Բայց նկատենք, որ մինչ օրս Իրանի հետ որևէ ռազմական փոխգործակցություն չի եղել: Խոսքը, օրինակ՝ ցուցադրական վարժանքների, նաև զորավարժությունների մասին է: Իրանի կողմից տարատեսակ հայտարարություններ կան մասնավորապես ռազմական ոլորտում համագործակցության մասին: Մինչդեռ պաշտոնական մակարդակում ՀՀ-ի կողմից որևէ ակտիվացում չեմ նկատել, չկա նաև որևէ գործողություն, որը Իրանի ու Հայաստանի մերձեցման մասին կվկայի: Կարող են պատճառաբանել, ասել, թե գաղտնի տեղեկություն է, բայց պետք չէ մոռանալ, որ այս իշխանությունների խելքը գնում է լոպազանալու, անգամ գաղտնի տեղեկություններ հայտնելու համար: Առհասարակ, ունեցած ու չունեցած զենքերի մասին տեղեկություններն իրականում գաղտնի են, բայց պաշտոնական մակարդակով հայտարարեցին, թե «մենք իրանական ԱԹՍ-ներ չունենք»»,-ասաց փորձագետը՝ նշելով, որ, հետևաբար, հայկական կողմի գործողությունների առումով չի կարող լավատես լինել:

«Իշխանության կողմից, ընդհանուր առմամբ, Հայաստանի զարգացմանը, անվտանգությանն ուղղված որևէ դրական քայլ չեմ սպասում: Այս իշխանության ուշքն ու միտքը աթոռները պահելն է և, հետևաբար, ցնդաբանություններով և անողնաշար հայտարարություններ անելով հանրության ուշադրությունը շեղելու փորձերը՝ առաջ տանելով տխրահռչակ, այսպես կոչված, «խաղաղության դարաշրջանը», իսկ իրականում՝ Նիկոլի ջարդի դարաշրջանի բացման գործողությունները: Այս իշխանությունների նպատակը թուրք-ադրբեջանական տանդեմի շահերին ծառայելն է, հնարավոր բոլոր ուղղություններով նպաստել, որ Ադրբեջանի առավելությունը Հայաստանի նկատմամբ տասնապատիկ ավելի շատ լինի:

Ադրբեջանը տարածքային հարձակումների նպատակների մասին չի թաքցնում, իսկ 2020-ից հետո այդ մասին ավելի ակնհայտ ու ավելի ագրեսիվ է խոսում: Եվ փոխանակ մենք այդ ուղղությամբ հակընդդեմ քայլեր անենք, գնում ենք խաղաղության տխրահռչակ դարաշրջանի՝ Նիկոլի ջարդի դարաշրջանի իրականացման ուղղությամբ: Փոխանակ Ադրբեջանին քաշ տանք տարբեր միջազգային դատարաններով, խոսում ենք իրավիճակը չլարելուց, թշնամուն չգրգռելուց: Վախենում ենք զինվել, մեր դաշնակիցների հետ տարբեր զորավարժություններ իրականացնել՝ ասելով, թե թշնամին դա սադրանք կընդունի, և մեզ համար ավելի վատ կլինի: Այսինքն, պետության ամրապնդման համար ոչինչ չի արվում, այլ արվում է ամեն ինչ՝ թշնամու շահերը սպասարկելու ուղղությամբ»,-եզրափակեց փորձագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում