կարևոր
2716 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-27 21:01
Հասարակություն

ՀՀ իշխանությունը կրկին խաբեց. Շուռնուխում թաղամաս կառուցելու ժամկետը դարձյալ հետաձգվեց

ՀՀ իշխանությունը կրկին խաբեց. Շուռնուխում թաղամաս կառուցելու ժամկետը դարձյալ հետաձգվեց

Հայաստանի իշխանությունը հերթական անգամ չի կատարել իր խոստումը և խախտել է Սյունիքի Շուռնուխ գյուղում նոր թաղամասի կառուցման ժամկետները։ Այս մասին գրում է armeniasputnik.am-ը:

Դեռ երկու տարի առաջ կառավարությունը խոստացել էր գյուղի արևելյան հատվածի բնակիչների համար ամենակարճ ժամկետում կառուցել 13 նոր տուն։ Այդ հատվածն ամբողջ գույքի հետ 2021 թվականի հունվարին Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել։

Ի սկզբանե նախատեսվում էր շինարարությունն ավարտել 2021 թվականի ամռանը, ավելի ուշ Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կառավարության նիստում հայտարարել էի, որ շինարարության ավարտը տեղափոխվել է մինչև 2021 թվականի վերջ։ Բայց այդ ժամանակ էլ գյուղի բնակիչներին հիասթափություն էր սպասում։

2021 թվականի նոյեմբերին կառավարության նիստում Ղուլարյանը հայտարարեց, որ տները պատրաստ կլինեն 2022 թվականի առաջին կեսին։ Բայց այդ ժամանակահատվածում էլ թաղամասը չկառուցվեց:

2022 թվականի օգոստոսին ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը կոմիտեից հայտնել էին, որ աշխատանքների ավարտի ժամկետը տեղափոխվել է 2022 թվականի չորրորդ եռամսյակ։ 2022 թվականի նոյեմբերի 1-ին Ղուլարյանը խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ նշել էր, որ «մինչև տարեվերջ 13 տուն (շինարարությունը - խմբ.) ամբողջությամբ կավարտենք, անհանգստանում ենք, որ բարեկարգման աշխատանքներն ինչ-որ չափով կտեղափոխվեն հաջորդ տարի, բայց տների հարցն այս տարի կլուծենք»։

Մի քանի օր առաջ մեր նկարահանող խումբը այցելեց Շուռնուխ և հերթական անգամ համոզվեց, որ թաղամասի շինարարությունն ավարտվելուց շատ հեռու է. երկու տան դեռ միայն հիմքն է գցված։

Տների ապագա տերերը դեռ ստիպված են ապրել Գորիսում` բարեկամների տներում, իսկ ոմանք՝ գյուղի դատարկ տներում ու տնակներում։ Համայնքապետն էլ ապրում է համայնքապետարանի շենքում։

Խմելու ջրի խնդիրներ

Նոր թաղամասի կառուցումից անմիջապես հետո պետք է լուծել տները խմելու ջրով ապահովելու հարցը։ Գյուղում դրա հետ կապված խնդիրը շատ սուր է։

Մինչև գյուղի բաժանումը Շուռնուխի տները 3 աղբյուրից էին ջուր ստանում։ Դրանցից մեկը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Երկրորդ աղբյուրը գրեթե ցամաքել է, այն ընդամենը երկու տուն է սնում։ Մնացել է մեկը, բայց դրա ծավալները չեն հերիքի ամբողջ գյուղի համար։ Ջրավազանը գրեթե միշտ դատարկ է, քանի որ դրա մեջ լցվող ամբողջ ջուրը անմիջապես սպառվում է:

«Ջուրն այնքան բարակ է, որ անցած գիշեր սառել է։ Եթե 13 նոր տներն ավարտեն, ջուրը չի հերիքի», - ասաց համայնքապետ Հակոբ Արշակյանը։

Ընդ որում, նույն ջուրն օգտագործվում է տնամերձ տնտեսությունների ոռոգման համար, այլ ռեսուրսներ չկան։ Արշակյանի խոսքով՝ գյուղ կատարած այցի ընթացքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը առաջարկել է գյուղացիներին ջրամատակարարման նոր աղբյուր գտնել` խոստանալով, որ իշխանությունն անհրաժեշտ ենթակառուցվածք կկառուցի՝ անկախ հեռավորությունից։

Էլեկտրաէներգիայի անջատումներ

Մինչև վերջերս գյուղին չէր բավականացնում նաև էլեկտրականությունը։ Վերջերս տրանսֆորմատորը փոխարինեցին, բայց ձմռանը այլ խնդիր առաջացավ։

«Էլեկտրաէներգիան Բարձրավան գյուղի անտառով է անցնում։ Երբ ձյուն է գալիս, ծառերի ճյուղերը ծանրությունից ընկնում են լարերի վրա։ Մի քանի շաբաթ առաջ լարերով 3 սյուն ընկել է», - ասաց Արշակյանը։

Սյուները կրկին տեղադրել են, սակայն խնդիրը գլոբալ առումով չի լուծվել։ Կա՛մ այս հատվածը պետք է մաքրվի ճյուղերից, կա՛մ պետք է էլեկտրահաղորդման գծերը անցկացնել ՝ շրջանցելով անտառապատ տարածքը։ Դրա համար անհրաժեշտ է լարերի մի մասը (4 կմ երկարությամբ) անցկացնել Տանձավեր-Շուռնուխ նոր ճանապարհին զուգահեռ։

Իշխանությունը խոստացել է դա էլ անել։

Մշտական տրանսպորտ չկա

Այլ խնդիրների թվում է տրանսպորտային հաղորդակցությունը։ Ամեն օր Շուռնուխ է գալիս ուղևորատար «Ուրալը», որն այստեղ (ինչպես նաև Բարձրավան և Որոտան գյուղեր) բերում է ուսուցիչների՝ հիմնականում Գորիսից։

Իսկ երկուշաբթի և ուրբաթ այն Գորիս է տանում և հետ բերում նաև երեք գյուղերի բնակիչներին։

«Բայց դա էլ անկայուն է, երբեմն մեքենան շաբաթը մեկ է գալիս», - ասում է գյուղապետը։

Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ճանապարհի փակելուց հետո Շուռնուխից Գորիս ճանապարհը Բարձրավան գյուղով զգալիորեն երկարել է։ Նախկինում ճանապարհը մայրուղով մոտ 28 կմ էր, այժմ գրունտային ճանապարհը Բարձրավանով 64 կմ է, խոտ գյուղով՝ 48 կմ (ճանապարհը վատն է)։