կարևոր
2902 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-25 21:08
Աշխարհ

Թուրքիայում ոստիկանությունը քրդամետ ԶԼՄ-ների հետ կապ ունեցող 11 լրագրողի է ձերբակալել

Թուրքիայում ոստիկանությունը քրդամետ ԶԼՄ-ների հետ կապ ունեցող 11 լրագրողի է ձերբակալել

Թուրքիայում ոստիկանությունը քրդամետ ԶԼՄ-ների հետ կապ ունեցող 11 լրագրողի է ձերբակալել՝ քուրդ ապստամբների հետ նրանց ենթադրյալ կապերի համար, հայտնում է AP-ն։

Ձերբակալությունները տեղի են ունեցել մի քանի օր անց այն բանից, երբ Թուրքիան վավերացրել է լրատվամիջոցների մասին հակասական նոր օրենքը, որը նախատեսում է բանտարկություն այն մարդկանց համար, որոնք, ինչպես համարվում է, «ապատեղեկատվություն» են տարածում՝ «հանրային անհանգստություն, վախ եւ խուճապ առաջացնելու» նպատակով:

Օրենքի քննադատներն ասում են, թե մտավախություն ունեն, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը, որն արդեն վերահսկում է ԶԼՄ-ների մեծ մասը, կօգտագործի այն սոցիալական ցանցերի եւ անկախ հոդվածների հետագա ճնշման համար, քանի որ երկիրը մոտենում է ընտրություններին:

Քրդամետ Mezopotamya լրատվական գործակալությունը հաղորդում է, որ իր գլխավոր խմբագիր Դիրեն Յուրցեւերը եւ եւս ութ այլ լրագրողներ տարվել են հարցաքննության՝ Անկարայում, Ստամբուլում եւ հինգ այլ քաղաքներում նրանց տներում ոստիկանության միաժամանակյա խուզարկություններից հետո։ Բերման են ենթարկվել նաեւ JinNews գործակալության երկու լրագրողներ։

Ոստիկանությունը ձերբակալության փաստը հաստատել է Twitter-ում հրապարակված հայտարարությամբ, որում ասվում է, որ կասկածյալները տարվել են «հասարակությանը ատելության եւ թշնամանքի հրահրող» նորություն կամ բովանդակություն հրապարակելու համար:

Թուրքիան համարվում է լրագրողների աշխարհի խոշորագույն բանտապահներից մեկը, եւ առնվազն 35 լրագրողներ ու ԶԼՄ-ների այլ աշխատակիցներ ներկայումս բանտում են գտնվում: