|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Ադրբեջանական զինուժի կողմից իրականացված սադրանքներից հետո հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, նախորդ օրվա համեմատ, էական փոփոխություններ չի կրել։ Մայիսի 16-ին կայացած բանակցություններից հետո Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործած ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների մի քանի խումբ վերադարձել է իրենց ելման դիրքեր։ Այդուհանդերձ, զինվորականների մի մասը շարունակում է գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայութությունից։
Խնդրի խաղաղ հանգուցալուծման շուրջ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարն այսօր քննարկումներ է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ՌԴ ԱԴԾ ՍԾ տնօրենի հետ, պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել են ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդները։
Պաշտպանության նախարարությունը վերստին հայտարարում է, որ բացարձակ անընդունելի է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ցանկացած ոտնձգություն, և անկանխատեսելի հետևանքներով հղի զարգացումներից խուսափելու համար ադրբեջանցի զինվորականները պարտավոր են հեռանալ մեր երկրի տարածքից՝ առանց որևէ նախապայմանի։
Հիշեցնենք, որ վերջին բանակցությունները տեղի են ունեցել երեկ՝ մայիսի 16-ին, որը վարել է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը, սակայն մինչ այս պահը որևէ հստակ պաշտոնական տեղեկություն չկա ինչի շուրջ են բանակցել և ինչ կոնկրետ արդյունքներ են գրանցվել։