|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ավստրալիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում օգոստոսի 1-ին Սիդնեյ քաղաքում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ են փոխանակել Արցախի և Նոր Հարավային Ուելս նահանգի միջև համագործակցության զարգացման և կապերի ամրապնդման վերաբերյալ՝ հաշվի առնելով որ Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը 2012 թ. ճանաչել է Արցախի Հանրապետությունը։
Կողմերն անդրադարձ են կատարել նաև Արցախի արտաքին քաղաքական օրակարգի առաջմղման գործում հայկական սփյուռքի դերի բարձրացման վերաբերյալ հարցեր: Այս համատեքստում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և այդ բնագավառում առկա մարտահրավերները:
Իր հերթին Գլեդիս Բերեջիկլյանը պատմել է վերջերս Հայաստան կատարած իր այցի և ունեցած հանդիպումների մասին:
Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախում բարձր են գնահատում Գլեդիս Բերեջիկլյանի՝ համահայկական նշանակության հարցերի առաջմղմանն ուղղված գործունեությունը, և հրավիրել նրան այցելել Արցախ:
Հանդիպմանը մասնակցել են նաև Ավստրալիայի Նոր հարավային Ուելս նահանգի Oրենսդիր ժողովի խոսնակ Ջոնաթան Օ’Դեան (Jonathan O’Dea) և Օրենսդիր խորհրդի նախագահ Ջոն Աջական (John Ajaka), ինչպես նաև Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանը և Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը։