|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վենետիկի Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, Գերապայծառ տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը երեկ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հյուրընկալել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար Հայրապետյանին: Այս մասին տեղեկացնում է պատգամավորի օգնական Մարի Մանուկյանը:
Նա նախ մասնակցել է դեռևս 1717 թ. Մխիթար Սեբաստացու կողմից հիմնված եկեղեցում մատուցվող սուրբ պատարագին, ապա շրջայց կատարել կղզում` ծանոթանալով Մխիթարյանների կողմից սերունդներին փոխանցված անօրինակ ժառանգությանը: Հանդիպման ընթացքում Հայրապետյանը Սրբազանի հետ քննարկել է Մխիթարյան միաբանության առջև ծառացած մարտահրավերները և, մասնավորապես, վերջին օրերին մեծ հնչեղություն ստացած Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի (Ֆրանսիա) խնդիրը: Հայրապետյանը վերահաստատել է պետության դիրքորոշումը, այն է` Սփյուռքի ազգային հարստությունները ենթակա չեն վաճառքի ու պիտի ելքեր փնտրել` դրանք հզորազնելու, ինքնաբավ դարձնելու ուղղությամբ: Նա նաև պետության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել համատեղ ելքեր փնտրելու գործընթացին, որը դրական արձագանք է ստացել Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանի կողմից:
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել քննարկումներն այս ուղղությամբ արդեն Երևանում` առաջիկա սեպտեմբերին:
Հավելենք, որ Մխիթար Հայրապետյանի հետ հանդիպմանը մասնակցել են նաև պատգամավորներ Հովհաննես Հովհաննիսյանը և Վաղարշակ Հակոբյանը: