|
Փոխարժեքներ
04 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.98 |
| EUR | ⚊ | € 435.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.6982 |
| GBP | ⚊ | £ 498.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Այսօր Yerkir.am-ի լրագրողը ՀՀ ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանից հետաքրքրվեց` արդյո՞ք կասկածելի չէ ընտրություններից առաջ հաշվառման վայրի փոփոխության ակտիվությունը: Փորձը ցույց է տվել, որ շատ դեպքերում իրարից բավականին հեռու և որևէ կապ չունեցող բնակավայրերում ընտրություն են կատարում անձինք, ովքեր ընտրություններից կարճ ժամանակ առաջ են գրանցվել տվյալ վայրում: Դա մեծ մասամբ արվում էր մեծամասնական ընտրակարգի դեպքում, երբ ինչ-որ թեկնածուի օգտին քվեներ ապահովելու համար դիմում էին նման մեթոդների: Մամուլում արդեն հրապարակումներ կան այն մասին, որ այս մեթոդն արդեն կիրառվում է ռեյտինգային ընտրակարգի դեպքում:
Դիտարկմանը, թե ի՞նչ լիազորություններ ունի ոստիկանությունն առաջիկա ընտրություններում նման երևույթները բացառելու համար, արդյո՞ք փորձելու են պարզել՝ քաղաքացու հաշվառման վայրի փոփոխությունը ստիպողաբա՞ր, թե՞ կամավոր է արվել, ոստիկանության պաշտոնյան պատասխանեց. «Անձնագրային և վիզաների վարչությունում աշխատելու տարիներին առնչվել եմ նման երևույթների: Ընտրական գործընթացի ժամանակ, մինչ ընտրությունները, նման տեղաշարժ նկատվում էր: Ոստիկանությունը որևէ լիազորություն չունի` սահմանափակելու անձանց հաշվառվելու իրավունքը այս կամ այն վայրում: Եթե կա հաշվառումների փոփոխության ակտիվություն, դա բացառապես քաղաքացիների իրավունքների իրացման տիրույթում է, և մենք նրա ազատ տեղաշարժի իրավունքը որևէ կերպ, ցավոք, չենք կարող սահմանափակել»:
Այս կապակցությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց, որ տարօրինակ է, երբ հեռու բնակավայրից միաժամանակ մեծ թվով մարդկանց են տեղափոխում ընտրության:
«Իմ կարծիքով` իրավապահների համար պետք է մտահոգիչ լինի այն հանգամանքը, որ ինչ-որ անձանց խումբ մի վայրից մյուսն է տեղափոխվում: Մենք ասում ենք` նման տեղեկատվության ուղղությամբ ուսումնասիրություն պետք է արվի, որովհետև հնարավոր է` մարդկանց հարկադրել են: Հարցն այն է՝ կա՞ հարկադրանքի էլեմենտ, թե՞ ոչ»,-ասաց նա:
«Շատ վառ երևակայություն է պետք ՝ մտածելու, որ անձը հարկադրաբար է փոխում հաշվառման վայրը»,- արձագանքեց Հովհաննես Քոչարյանը: