Փոխարժեքներ
19 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչն օրեր առաջ Երևանում, անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու խնդրին, ասել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները և աջակցեն հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նա ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին հանձնարարեց ուսումնասիրել այդ խնդիրը:
Դաչիչի այս հայտարարությունը Հայաստանում ընկալվեց իբրև քննադատություն Ռուսաստանի հասցեին՝ Ադրբեջանին զենք մատակարարելու, դրանով կողմերի միջև ռազմական հավասարակշռությունը խախտելու և այդքանով, իբրև միջնորդ, ոչ օբյեկտիվ մոտեցում ցուցաբերելու համար:
ՄԽ երեք համանախագահող երկրներից փաստացի միայն Ռուսաստանն է ակտիվորեն զենք վաճառում կամ տրամադրում ԼՂ հակամարտության կողմերին՝ փորձելով այդ հանգամանքը դարձնել ռազմատեխնիկական առումով թե\' հայկական և թե\' ադրբեջանական կողմերի նկատմամբ ռազմաքաղաքական ազդեցությունը մեծացնելու միջոց: Մոսկվայի այս քաղաքականությունը, սակայն, Ադրբեջանին ՄԽ մյուս համանախագահող երկրների համար դարձրել է գործնականում անվերահսկելի: Բաքուն ոչ միայն հայկական կողմի և միջնորդների հետ սկսել է հարաբերվել շանտաժի լեզվով, այլև պատերազմի վերսկսման իրական սպառնալիք է ստեղծել, որը կարող է վերջնականապես «ջրել» խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ-ի մանդատի ներքո գործադրվող բոլոր ջանքերը և դրանով ապացուցել միջազգային այդ կառույցի անգործունակությունը: Սա չի կարող չանհանգստացնել ԵԱՀԿ-ին: Դաչիչի երևանյան հայտարարությունների հիմնական նպատակն այդ անհանգստությունը դրսևորելն էր:
Կողմերին զենքի մատակարարման խնդիրն ուսումնասիրելու՝ Կասպրշիկին տված հանձնարարությունը, ըստ էության, կարող է կողմերի սպառազինման գործընթացը սահմանափակելու ուղղությամբ կոնկրետ միջոցների ձեռնարկման հիմքեր ստեղծելու նախերգանք լինել: Բայց որքանո՞վ է սա ձեռնտու Հայաստանին: Մեզ, իհարկե, դուր չի գալիս, որ Ռուսաստանն այդ ծավալի զինտեխնիկա է վաճառում Ադրբեջանին: Այն հակասում է ոչ միայն Ռուսաստանի՝ իբրև հիմնահարցի կարգավորման միջնորդ երկրի կարգավիճակին, այլ նաև Հայաստանի անվտանգությանը, որի երաշխավորման հանձնառությունն ունի Ռուսաստանը՝ համաձայն Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագրում` 2010թ. թիվ 5-րդ արձանագրությամբ արված լրացման: Բայց եթե մի փոքր ավելի անկեղծ լինենք, ապա պետք է ընդունենք, որ Ռուսաստանը ոչ օբյեկտիվ միջնորդ դարձավ ոչ թե այն ժամանակ, երբ սկսեց զինտեխնիկա վաճառել Բաքվին, այլ երբ, թեկուզ զուտ ֆորմալ, ձևական առումով, ստանձնեց Հայաստանի անվտանգության երաշխավորի դերը:
Ի վերջո, Ռուսաստանը զենք է մատակարարում նաև Հայաստանին, ընդ որում՝ իր ներքին շուկայական գներով, ինչը աղքատ, ֆինանսական ռեսուրսների չտիրապետող երկրի համար ունի կենսական նշանակություն՝ գոնե Ադրբեջանի սանձազերծած սպառազինման մրցավազքում զգալիորեն ետ չմնալու առումով: Որևէ այլ երկիր Հայաստանին պատրաստ է զինտեխնիկա տրամադրել միջազզային շուկայական գներով, որոնք չափազանց թանկ են սեփական ռազմարդյունաբերություն գրեթե չունեցող Հայաստանի համար: Հետևաբար, եթե ԵԱՀԿ-ն, ի դեմս ներկայիս գործող նախագահի, հետամուտ է միայն Ռուսաստանին զսպելու հարցում, ապա սա ակնհայտորեն աշխատելու է Հայաստանի դեմ: Որովհետև Ադրբեջանն իր նավթադոլարներով, միևնույն է, շարունակելու է զինտեխնիկա ձեռք բերել այլ աղբյուրներից, այլ երկրներից: Առավել ևս` երբ այդպիսի երկրներ կան՝ Իսրայել, Թուրքիա, Պակիստան, Բելառուս և այլն: Մինչդեռ Հայաստանը, հասկանալի պատճառներով, ստիպված կլինի նվազեցնել զինտեխնիկայի գնման ծավալները:
Այս իմաստով չի կարող փրկության միջոց լինել նույնիսկ իր 102-րդ ռազմակայանին Ռուսաստանի կողմից զենքի և տեխնիկայի անարգել մատակարարումը, որովհետև այդ տեխնիկան «նստում» է ոչ թե Հայաստանի զինուժի, այլ ռազմաբազայի հաշվեկշռում, և որևէ վստահություն չկա, որ անհրաժեշտության դեպքում Մոսկվան կթույլատրի դրանք կիրառել Ադրբեջանի դեմ պատերազմում: Իսկ եթե նույնիսկ այդ տեխնիկան հետագայում հայտնվում է ՀՀ ԶՈՒ հաշվեկշռում, ապա արդեն զգալիորեն մաշված և գրեթե անպիտան վիճակով, որը ավելի շատ գլխացավանք է:
Թվում է, թե եթե Դաչիչի այս նախաձեռնությունը փորձ է` մեխանիզմ ստեղծելու առհասարակ ԼՂ հակամարտության կողմերին զենքի վաճառքը սահմանափակելու ուղղությամբ, այն կարող է եղանակ փոխել: Որովհետև թվում է, թե այդ դեպքում Հայաստանը և Ադրբեջանը կարող են հայտնվել հավասար պայմաններում: Խնդիրն այն է, սակայն, որ նման բան գործնականում հնարավոր չէ, որովհետև հնարավոր չէ որևէ երկրի արգելել սեփական անվտանգությունն ապահովելու համար այլ երկրներից իր միջոցներով զենք, զինտեխնիկա ձեռք բերել: Առավել ևս, երբ Ադրբեջանը չի վավերացրել Եվրոպայում սովորական սպառազինության մասին պայմանագրի սկզբունքների և իրագործման կարգի մասին` 1992թ. Տաշքենդում նաև իր կողմից ստորագրված համաձայնագիրը, և, բնականաբար, որևէ իրավական կաշկանդում այս հարցում չունի: Այսինքն` եթե նույնիսկ ԵԱՀԿ-ն փորձի կողմերի սպառազինման մրցավազքը ինչ-որ մեխանիզմներով սահմանափակելու միջոց ստեղծել, այն Ադրբեջանի համար ոչ մի գործնական նշանակություն չի ունենալու:
Հետևաբար, Դաչիչի՝ Երևանում արած հայտարարությունները, Կասպրշիկին տված հանձնարարությունը խանդավառություն առաջացնելուց առաջ նախ մտորելու լուրջ առիթ պետք է տար: Իհարկե, Հայաստանի շահերից է բխում, որ միջազգային հանրությունը որքան հնարավոր է կոշտ արտահայտվի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև զինտեխնիկայի առևտրի մասին: Բայց սա այն հարցն է, որը, տակտիկական առումով, սեփական հետաքրքրություններին չվնասելու իմաստով, ավելի ճիշտ է լուծել հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների կոնտեքստում: Եթե դրանում ինչ-որ բան չի ստացվում, եթե Ռուսաստանը մեր քթի տակ, փաստացի արհամարհելով մեզ, շարունակում է ռազմական տեխնիկա վաճառել Ադրբեջանին կամ շարունակում է էժանի անվան տակ հնացած, «դուրս գրած» տեխնիկա մատակարարել Հայաստանին, դա ոչ թե ԵԱՀԿ-ի խնդիրն է, այլ Երևանի:
Գևորգ Դարբինյան