|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տարեկան ամփոփիչ ասուլիսում նշեց, որ նախարարության 15 ծրագրերից որևէ մեկը չի ձախողվել, հակառակը` ընդլայնվել են: Նախարարությունը գործակցել է Սփյուռքի բոլոր 21 կառույցների հետ:
Տարվա դրական արդյունքներից էր Հայոց ցեղասպանության որոշումների ընդունումը Հունաստանի ու Բոլիվիայի կողմից, արքայազն Չարլզի այցելությունը հայկական համայնք:
«Մեր ծրագրերը կրկնապատկվում և եռապատկվում են: Կառանձնացնեի Սփյուռք ամառային դպրոցը, որտեղ վերապատրաստվում են մեր հայրենակիցները, սովորում մայրենի լեզուն»,- ասաց նախարարը:
Իրականացված միջոցառումներից էին «Իմ Հայաստան» երգի ու պարի համահայկական փառատոնը, որին մասնակցեց 1500 սփյուռքահայ աշխարհի բոլոր երկրներից, «Արի տուն» հայրենաճանաչության ծրագիրը, համաժողովներ, կլոր սեղան-քննարկումներ, Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովը, որին մասնակցեց 1100 սփյուռքահայ աշխարհի տարբեր գաղթօջախներից, ինչպես նաև կազմակերպվեցին հայ կանանց, գրողների և լրագրողների համաժողովները, համահայկական մրցանակաբաշխություններ` Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ:
«Սփյուռքի նախարարությունում շրջանառվել է 63 312 գրությունը, և ես այդքանը կարդացել եմ, սիրելինե'րս»,- ասաց Հրանուշ Հակոբյանը` հարուցելով լրագրողների զարմանքը:
Լրագրողներից մեկը հարց ուղղեց նրան, թե ինչո՞ւ էր անտրամադիր մինչ ասուլիսը սկսվելը և ինչո՞ւ էր կոպիտ իր աշխատողների նկատմամբ: «Ձեր ընկերն ինձ վատ բան հիշեցրեց, ես տխրեցի, անձնական խնդիր էր, դա չպետք է ձեր աչքին դիպչի»,- պատասխանեց Հրանուշ Հակոբյանը: