|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով նաև գազի հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ է, նշել է, որ հանձնաժողովում չորս ենթախումբ է աշխատում, ընդհանուր թվով ձևակերպվել է մոտ 120 հարց, որոնք վերաբերում են գազի խնդիրների բացահայտմանը: Yerkir.am-ի հետ զրույցում Արամ Մանուկյանը նշեց, որ հանձնաժողովի անդամները պատրաստակամ են այնպես աշխատել, որ մինչև մայիսի վերջը բացահայտվի գազի խնդրի շուրջ ստեղծված խորհրդավոր մթնոլորտը:
«Ես ուզում եմ, որ հանձնաժողովն այդ աշխատանքից արդյունքով դուրս գա: Դիմել եմ տարբեր մասնագետների, մարդկանց, ովքեր շահագրգիռ են` բացահայտելու գազի հետ կապված այդ ամբողջ էպոպեան, և եթե կան մարդիկ, որոնք ունեն կոնկրետ փաստեր` գազի որակի, սակագնի, ջերմատվության և գազին վերաբերող այլ հարցերի հետ կապված, հաճույքով կարող եմ այդ մարդկանց լսել, աշխատել իրենց հետ»,- ասաց Արամ Մանուկյանը` հավելելով, որ, ըստ կազմված հարցաշարի, դիմելու են համապատասխան մարմիններին` էներգետիկայի նախարարությանը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և այլ պատասխանատու մարմինների:
Հարցին` հնարավո՞ր է, որ սկսի զբաղվել նաև ՀԷՑ-ի հետ կապված խնդիրների բացահայտմամբ` «գազի մարդուց» դառնալով «լույսի մարդ», Արամ Մանուկյանը պատասխանեց. «Մինչև ՀԷՑ-ը դեռ Որոտանի խնդիրը կա, որտեղ օրենքի` ավելի կոպիտ խախտումներ կան, ու ես չգիտեմ, թե կառավարությունն այդ ամենի տակից ոնց է դուրս գալու: Խնդիրներն այնքան շատ են, որ 7-8 անգամ կառավարություն պետք է հրաժարական տար»:
Արամ Մանուկյանը նաև նշեց, որ եթե բողոքի ակցիաներ սկսվեն գազի հետ կապված խնդիրների պատճառով` գազի գին, կալորիականություն և այլն, և եթե իրեն դիմեն, ապա ինքը կմասնակցի այդ բողոքի ակցիաներին և կաջակցի: