|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու` ՀԱԿ նախաձեռնության խորհրդարանական քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանի մեղքը տեսնում են, ունեն այնքան փաստեր, որ կարող են նրան դատել, թող դատեն: «Ո՞վ ա խանգարում, գնացեք, Լևոն Տեր-Պետրոսյանին դատեք, ո՞վ ա խանգարում, մուրճն էլ ա ձեր ձեռքին, մեխն էլ։ Գնացեք, արեք, ի՞նչն ա խանգարում, ինչո՞ւ չեք անում»,- ասել էր նա:
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, թե Արամ Մանուկյանը, նման բան հայտարարելով, ինքնամեծարմամբ է զբաղված: Հարցին` արդյո՞ք պետք եղած դեպքում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն էլ կգնան հարցաքննության, կդրսևորեն նման մոտեցում, ինչպիսին դրսևորում է Տեր-Պետրոսյանը, Գալուստ Սահակյանն այսպես արձագանքեց. «Նախ և առաջ, այդ միտինգները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չէին կազմակերպել, որ էդ բովանդակությամբ հարցաքննության կանչվեն: Երբ Արամ Մանուկյանը ասում է` տարեք Լևոն Տեր-Պետրոսյանին հարցաքննեք, ես իմ ու մեր ազգի կողմից շատ վիրավորվում եմ. չի կարելի ցինիզմը այնտեղ հասցնել, որ իբր այնքան կամ, որ նույնիսկ ապահովում եմ Լևոն Տեր-Պետրոսյանին: Միշտ հիշեք՝ նախագահական ինստիտուտը ինստիտուտ է, Տեր-Պետրոսյանն էլ մեր առաջին նախագահն է, ոչ թե Արամի ձեռքի թաշկինակը, որ բերի կամ տանի: Լևոն Տեր-Պետրոսյանը ինքը կորոշի` նման իրավիճակում ինչպես իրեն պահի»: